Չի հաջողվել մինչև վերջ պասն ավարտին հասցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` բուն Բարեկենդանից մինչ Ս. Հարության տոնի նախօրեին: Armlur.am-ի թղթակիցը ԱԺ նախկին նախագահ ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանից պարզեց` արդյոք պաս պահել է, թե ոչ: Նիկոյանն ասաց, որ ամեն տարի փորձում է պաս պահել, բայց ամեն տարի չի կարողանում  այն ավարտին հասցնել, քանի որ թե կենցաղը, թե աշխատանքը  խանգարել է դրան:

Պահքի շրջանում հրաժարվում են ոչ միայն կերակուրներից, այլև մոլի սովորություններից` շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից: Սամվել Նիկոյանից նաև հետաքրքրվեցինք` որքանով է նա պահքի շրջանում կարողացել հետևել այդ խորհուրդներին: Սամվել Նիկոյանի խոսքով` այսօր արժեհամակարգն այնքան է խեղված, որ ոչ միշտ կարող են ամեն ինչը ճիշտ գնահատել: «Ես ազնիվ ու պարկեշտ եմ, և որևէ մեկը չի կարող կասկածել իմ պարկեշտության վրա»,- ասաց Նիկոյանը:

ԱԺ նախկին նախագահի խոսքով, եթե պահքի շրջանում որևէ մեկը ոչինչ չի անում, բայց դրանից հետո սրիկայություն է անում, նշանակում է նա չի հասկանում ո´չ պահքի խորհուրդը, ո´չ էլ աստծու խոսքը, ոչ պատվիրանները: Մեր զրուցակցից նաև հետաքրրքվեցինք` ճիշտ է արդյոք այն տեղեկությունը, որ 1991-ին Աշոտ Նավասարդյանը մի քանի ՀՀԿ-ականների, այդ թվում նաև Սամվել Նիկոյանին, տարել է Գառնու տաճար և օծել որպես արևորդիներ: Եթե այո, ապա ինչպես կարող է պաս պահել, չէ՞ որ դա քրիստոնեական արարողություն է: Սամվել Նիկոյանի խոսքով` պետք չէ շփոթել արժեհամակարգն ու կրոնը: «Ցավոք շատ տգետներ դա չեն հասկանում` պետք է հասկանալ ինչ է նշանակում փիլիսոփայություն, աշխարհընկալում ու կրոն: Ես 10 ընտանիքի քավոր եմ, և սա ասում եմ  սրիկաների, անամոթների, ստորների  և այն մարդկանց համար, որոնք  դրանց ձեռքին գործիք  են»,- եզրափակեց  Ս. Նիկոյանը:




Լրահոս