ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը եւ գալա-համերգը՝ լավագույն դափնեկիրների մասնակցությամբ:

 

Դափնեկիրներին մրցանակները հանձնեց հեղինակավոր միջազգային ժյուրին, որի կազմում էին ճանաչված երաժիշտներ, պրոֆեսորներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Սերգեյ Սարաջյանը (Հայաստան), Ալեքսանդր Գարբերը (Վրաստան), Լեվ Ֆրանկը (Ռուսաստան), Վաղարշակ Հարությունյանը (Հայաստան), Գայանե Հախնազարյանը (Հայաստան-Ռուսաստան), Հայկ Մելիքյանը (Հայաստան), Արուս Աճեմյանը (Հայաստան), Սոնա Բարսեղյանը (Հայաստան) եւ Արմեն-Լեւոն Մանասերյանը (Հայաստան-Գերմանիա):

Մրցույթ-փառատոնի հանդիսավոր փակմանը ներկա էր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի թոռնուհի Պոլինա Բաբաջանյանը որդու՝ կրտսեր Առնոյի հետ: Պոլինա Բաբաջանյանը Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն, մրցույթ-փառատոնի գեղարվեստական նախագահ, ԵՊԿ պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Արմեն Հարությունյանին պարգեւատրեց Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի հուշամեդալով:

Պատվավոր հյուրերի շարքում էր նաեւ մրցույթ-փառատոնի երակարամյա աջակից «Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարան»-ի հիմնադիր երջանկահիշատակ Էմիլ Գրիգորյանի դուստր Սոնա Գրիգորյանը, որն անձամբ հանձնեց Առնո Բաբաջանյանի կիսադեմով ոսկե հուշամեդալներից մեկը, որով, համաձայն ձեւավորված ավանդույթի, պարգեւատրվում են առաջին կարգի դափնեկիրները:

Մրցույթ-փառատոնի երեք տարիքային խմբերի դափնեկիրները, բացի սահմանված դրամական մրցանակներից, ստացան իրենց դիպլոմները, հովանավորների կողմից սահմանված նվերները, հատուկ մրցանակները, որոնց թվում էին երկու դափնեկրի համար հեղինակավոր իսպանական KNS classical ձայնագրման ստուդիայում ձայնագրման հնարավորություն, չորս մասնակցի համար սահմանված Բրյուսելում համերգային ելույթ ունենալու հնարավորություն, Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի կողմից «Առնո Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարման համար» սահմանված դրամական մրցանակ, «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության կողմից Հատուկ մրցանակ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կողմից սահմանված հատուկ մրցանակ՝ դափնեկիրների ելույթ (այդ թվում՝ Վրաստանից դափնեկրի համար) տուն-թանգարանի համերգային դահլիճում, ձայնասկավառակներ եւ նոտաներ՝ ժյուրիի անդամ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կողմից, Կոմիտասի դաշնամուրային երկերի ժողովածու՝ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանի կողմից, նվերներ պատանեկան «Ա» խմբի մասնակիցների համար՝ «Արտվայն» կազմակերպության կողմից, նվեր «Տոգնանա Արմենիա»-ի կողմից, որն ուղեւորվեց Ուֆա, XX եւ XXI դարերի կոմպոզիտորների լավագույն կատարման համար սահմանված ֆինանսական մրցանակ՝ դաշնակահարուհի, նույն մրցույթ-փառատոնի դափնեկիր Լիլիթ Գրիգորյանի կողմից, ինչպես նաեւ Աննա Մկրտչյանի նախաձեռնությամբ մի խումբ ծրագրավորողների եւ Բախշյան ընտանիքի կողմից շնորհվեց «Հուսո մրցանակ» եւ դրամական մրցանակներ՝ բոլոր մարզաբնակ դափնեկիրներին։

Մրցույթ-փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը անցավ շատ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում՝ լի հույսով եւ հավատով, որ Առնո Բաբաջանյանի լուսաշող աստղը շարունակելու է լուսավորել տաղանդաշատ պատանի դաշնակահարների ստեղծագործական ուղին:

 




Լրահոս