Հունաստանում, Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, հուլիսի 7-ին կայացել է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան, 12-րդ դարի հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառում:
Միջոցառումը կայացել է Աթենքում ՀՀ դեսպանատան շենքում, որտեղ ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, մտավորականներ, հոգեւոր դասի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ըստ աղբյուրի՝ Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ողջույնի խոսքում նշել է. «2021 թվականի նոյեմբերի 23-ին՝ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների օրացույց»-ում, որտեղ Հայաստանի հայտին աջակցել են Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան եւ Սիրիան։ Չափազանց կարեւոր է նման միջոցառման կազմակերպումն այստեղ՝ Աթենքում՝ որպես երախտագիտության նշան մեր հույն ընկերներին իրենց աջակցության համար։ Թերեւս այս աջակցության պատճառներից մեկն էլ գալիս է նրանից, որ Ներսես Շնորհալին եկեղեցիների միասնության մեծ ջատագովն էր։ Ներսես Շնորհալին անխոնջ աշխատում էր հունական, լատինական եւ սիրիական եկեղեցիների հետ միությանն ուղղված քննարկումներում եւ բանակցություններում. մի խնդիր, որը, թվում էր, մոտ է հաջողության, այնինչ Ներսես Շնորհալու մահվամբ պայմանավորված՝ գործընթացը վերջնական ավարտին չհասավ: Պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին նրան մեծարում է որպես Սուրբ Ներսես Կլայեցի՝ եկեղեցու միասնությանն ուղղված կարեւոր ջատագով լինելու փաստի համար»:
Ըստ աղբյուրի՝ այս առանձնահատուկ տարելիցը նշելու համար Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ հատուկ հրավերով դասախոսությամբ հանդես է եկել Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտին՝ ներկայացնելու մեծ Կաթողիկոսի մտքի արդիականությունը՝ նշելով. «Թերեւս կարելի է հասկանալ Ներսես Շնորհալու բացառիկ անհատականությունը ու ձեռքբերումները, եթե մեկը գիտակցի, որ դրանք բխում են ոչ միայն հազվագյուտ, աստվածատուր տաղանդներից, այլ հատկապես նրա խորը հոգեւորությունից եւ անձնական հավատքից»: Շարունակելով խոսքը՝ նա կարեւորել է. «Ներսեսի բանաստեղծությունները հավատացյալին առաջարկում են անմիջական եւ սերտ ըմբռնում մարդկության նկատմամբ Աստծո հոգատարության մասին՝ հեշտությամբ եւ կիրառելի կերպով նրանց հասցնելով աստվածաշնչյան տեքստը»: Բանախոսն ընդգծել է նաեւ, որ հատկապես «աչքի է ընկնում Ներսես Շնորհալու էկումենիկ ոգին, որը ծնվել է Քրիստոսի մարմնի միասնության խոր ցանկությունից։ Դրան զուգընթաց ընթանում է նրա հոգատարությունը հայ ժողովրդի անվտանգության եւ հոգեւոր բարեկեցության նկատմամբ ցնցումների ու այս ու այն կողմ սփռված լինելու ժամանակաշրջանում»:
Ամփոփելով դասախոսությունը՝ պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտը շեշտել է հետեւյալը. «Ներսես Շնորհալին եղել է հայ ժողովրդի առաջնորդը։ Նրա անունից ես կցանկանայի խնդրել համաշխարհային առաջնորդներին խիզախություն եւ կարեկցանք ցուցաբերել՝ գտնելու ուղիներ՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանի կողմից 120 000 արցախահայության անօրինական եւ կյանքին վտանգ սպառնացող շրջափակումը»։
Հունաստանում ՀՀ դեսպանության տեղեկացմամբ՝ ելույթից, ինչպես նաեւ հարցուպատասխանից հետո հյուրերը վայելել են հայկական եւ հունական երաժշտություն՝ հունահայ երկու մեծագույն երաժիշտների՝ Ֆիլիպոս Նակասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, նշանավոր կիթառահար Յակովոս Քոլանյանի եւ Հունաստանի Ամերիկյան քոլեջի երաժշտության պրոֆեսոր, հայտնի դաշնակահար Քրիստինե Թոքաթլյանի կատարմամբ, որին հետեւել է ընդունելություն՝ հայկական գինիների եւ կոնյակի, ինչպես նաեւ տարբեր ուտեստների հյուրասիրությամբ:
ՀԱՅՏՆԻ ՌԵՓԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Ռուսաստաբնակ հայ երգիչ Խչոն օրերս հյուր էր հայտնի ռեփեր Բաստայի «MC TAXI» հաղորդմանը, որտեղ պատասխանել է մի քանի հարցի եւ խոսել ամուսնության մասին։
Հարցին, թե ինչու է Խչոն գրում տխուր երգեր սիրո մասին, եւ արդյոք ունի ընտրյալ, երգիչը պատասխանել է. «Ես չեմ համարում, որ իմ երգերը տխուր սիրո մասին են։ Ես երջանիկ եմ, որ գիտեմ, թե ինչ է նշանակում սիրել։ Նաեւ ես չեմ կարծում, որ այն մարդը ով չի սիրում, կարող է գրել երգեր այդ մասին»։
Երգիչը խոսել է իր երազանքի մասին եւ նշել, որ ուզում է հայկական մեծ հարսանիք։ «Ներկա պահին ամենամեծ երազանքս, ինչքան հնարավոր է, շուտ ընտանիք կազմելն է։ Հուշեմ՝ չգիտեմ՝ դա կլինի Հայաստանում, թե Ռուսաստանում, բայց միանշանակ է, որ լինելու է հայկական մեծ հարսանիք»,-ասել է նա։
Նշենք, որ Խչոն ելույթ կունենա հայ հանդիսատեսի առաջ այս տարի՝ օգոստոսի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
ՔԹԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Բլոգեր, տիկտոկեր Օվսաննա Խաչատրյանը (Օվսիկ) յութուբյան իր ալիքում պատմել է իր 2-րդ ռինոպլաստիկայի (քթի պլաստիկ վիրահատություն) մասին։
Օվսիի խոսքով՝ իր առաջին վիրահատությունը եղել է անհաջող, եւ բժիշկը վիրահատությունից հետո ասել է, որ իրենք օրական 10 քիթ են վիրահատում, եւ ընդամենը մեկինն է, որ լավ է լինում, որի նկարն էլ տեղադրում ենք կայքում։
«1-ին վիրահատությունիցս անցել է 5-6 տարի,եւ ես հոգեպես նոր եմ պատրաստվել 2-րդ անգամ վիրահատել քիթս»։
Բլոգերն ինստագրամյան իր էջում տեղադրել է լուսանկար՝ վիրահատությունից հետո։
ՍԻՐՏՆ ԱԶԱ՞Տ Է
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հետեւորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել։ Հարցին, թե նա ինչով է զբաղվում ազատ ժամանակ, Անահիտ Սիմոնյանը տեղադրել է տեսանյութ եւ գրել. «Ազատ ժամանակ հաճախում եմ արաբական պարերի, երգում եմ ու սերիալներ եմ նայում»։ Երգչուհին վերջում խոսել է նաեւ այն մասին, թե արդյոք ունի սիրած տղամարդ, թե ոչ։ Հետեւորդի հարցին Անահիտ Սիմոնյանը պատասխանել է, որ չունի։ Հիշեցնենք, որ 2021 թվականին կորոնավիրուսից մահացել է երգչուհու նախկին ամուսինը՝ երգիչ, երգահան Հայկոն։ Զույգն ամուսնացել էր 2010 թվականին, սակայն 2020 թվականին հայտնի դարձավ, որ Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն ամուսնալուծվել են։
Նյութերը՝ ԻՆԵՍԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ
ՀԵՐԹԱԿԱՆ ՈՍԿԻՆ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած՝ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Էմմա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան) երկամարտի 225 կգ արդյունքով դարձավ հաղթող։
Մեր մարզուհին «հրում» վարժաձեւում 129 կգ արդյունքով սահմանեց Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդ։
ՄԵԴԱԼՆԵՐ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻՑ
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ, հաջող մրցելույթներ է ունեցել Վրաստանի Գորի քաղաքում կայացած աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Հունգարիայի, Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի բռնցքամարտիկները։
Հայ բռնցքամարտիկներից մրցաշարի հաղթողներ դարձան 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը եւ 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ Ընդ որում՝ Հովհաննիսյանն ու Պողոսյանը եզրափակչում հաղթեցին համապատասխանաբար ադրբեջանցի եւ թուրք մարզիկներին։ Արծաթե մեդալակիրներ դարձան 54 կգ քաշային Արման Արզումանյանը, 63,5 կգ քաշային Հարություն Խաչատրյանը եւ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը։ Եվս երեք բռնցքամարտիկ` Լեւոն Վարդումյանը, Արթուր Ավետիքյանը եւ Արթուր Խաչատրյանը, նվաճեցին բրոնզե մեդալ։ Մոտ օրերս մեր երիտասարդական ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում եւ կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնությանը։
ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ ԹԻՄՈՒՄ
«Ալաշկերտի» կազմը համալրել է Գվինեա-Բիսաուն ներկայացնող կենտրոնական կիսապաշտպան Միմիտո Ռոշան:
25-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական ֆուտբոլի սան է, 3 մրցաշրջան անցկացրել է «Վիտորիա Գիմարայեշի», 2 մրցաշրջան՝ «Ակադեմիկայի» կազմում:
Միմիտոն հանդես է եկել նաեւ հունական «Պանաիտոլիկոս», բուլղարական «Չեռնո Մորե» թիմերում, իսկ նրա նախորդ ակումբը ռումինական «Արջեշն» էր:
Գվինեա-Բիսաույի ազգային հավաքականի անդամ հանդիսացող Միմիտոն ժամանակին ներկայացրել է Պորտուգալիայի Մ-19 (2 խաղ) եւ Մ-20 (6 խաղ) հավաքականները։