Եւ այսպես, Հայաստանի Հանրապետությունում նախընտրական սեզոնը հայտարարվում է բացված: Կարեն Կարապետյանի անսպասելի հրաժարականով մեկնարկած հրաժարականների շքերթը լայն թափով շարունակվում է: Դեռ չէինք հասցրել վերլուծել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին Վլադիմիր Գասպարյանով փոխարինելու փաստը, երբ հայտնի դարձավ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանով փոխարինելու մտադրության մասին: Ճիշտ է, Սերժ Սարգսյանն առայժմ չի ստորագրել փոխվարչապետի հրաժարականը, սակայն դա կանի առաջիկա օրերին, կամ էլ Գեւորգյանի ձեռքից կվերցվեն բոլոր լծակները` նրան թողնելով փոխվարչապետի խորհրդանշական պաշտոնը: Իսկ ռեալ լծակներ ունեցող տարածքային կառավարման նախարարի պաշտոնը կտրվի Գագիկ Բեգլարյանին: Սակայն երեկվա ՀՀԿ ԳԿ եւ խորհրդի նիստի ամենացնցող արդյունքն, ինչ խոսք, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջիկա հրաժարականն է, որով, ըստ էության, հաստատվեց քաղաքական շրջանակներում շրջանառվող այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում է բացահայտ պատերազմ հայտարարել Ռոբերտ Քոչարյանին եւ արագորեն ձերբազատվում է նրան քիչ թե շատ առնչվող կադրերից: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում քաղաքական գործընթացները թեւակոխում են բեկումնային փուլ, երբ ընթացող զարգացումներն անշրջելի են դառնում: Վերը նշված կադրային փոփոխությունները հաստատում են, որ երբեմնի մտերմագույն համախոհներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն արդեն անհաշտ մրցակիցներ են, որոնցից յուրաքանչյուրը պատրաստվում է խաղալ «վա բանկ»: Ու թեեւ Արմեն Գեւորգյանի հրաժարականն առայժմ չընդունելով` Սերժ Սարգսյանը դեռ մի կարճ ժամանակով փորձում է չայրել Քոչարյանի հետ վերջին կամուրջը, գրեթե անկասկած է, որ Քոչարյանն այլեւս չի նահանջի: Ընդ որում, ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ դժվար է միանշանակ ասել, թե Քոչարյան-Սարգսյան զույգից (մի ժամանակ սիամական համարվող) ով ավելի շատ մտահոգվելու տեղիք ունի:
Հայաստանի իշխանական ճամբարում եւ ազդեցիկ քաղաքական ուժերի ներսում տիրող տրամադրությունները, որոնք ամենեւին էլ միանշանակ չեն, արմատից հատելու նպատակով էլ տեղի ունեցան վերջին պաշտոնանկությունները, որոնք, սակայն, կարող են եւ լրիվ հակառակ արդյունք ունենալ:
Ամեն դեպքում, այս փուլում Սերժ Սարգսյանը փորձեց կանխել քոչարյանական ուժերի կողմից ԱԺ-ում 2012թ. բյուջեի քննարկման ձախողումը: Եւ, ինչպես պարզվեց, Տիգրան Սարգսյանի` կոտրած տաշտակի մասին ուղերձն ուներ շատ կոնկրետ հասցեատերեր: Ու ոչ միայն ԲՀԿ տիրույթում: Այն նաեւ ուղղված էր բոլոր տատանվող հանրապետական պաշտոնյաներին: Իսկ այս ամենի արդյունքում «Օրինաց երկրի» առջեւ բացվում են անսահմանափակ հեռանկարներ…
ԽԱՂԸ ՍԿՍՎԱԾ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ