«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ուշագրավ միջադեպ է եղել Երեւանի Աբովյան փողոցում: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնժողովի փոխախագահ Ռուստամ Բաքոյանը հայհոյել է քաղաքացի Սամվել Վարդանյանին եւ փորձել է հարվածել նրան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ քաղաքացի Սամվել Վարդանյանը փողոցում տեսել է Ռուստամ Բաքոյանին եւ բղավել՝ դավաճա՛ն։ «Ապրիլ ամսին երեկոյան է եղել միջադեպը Աբովյան փողոցում՝ բոլորիս հայտնի Շրջանայինի հատվածում։ Պատգամավոր Բաքոյանն ինչ-որ մեկի հետ կանգնած զրուցում էր, ես տեսա, կանգնեցի ու նրան ասացի՝ դավաճա՛ն: Անկուսակցական եմ, որեւէ խմբակցության չեմ հարում, ուղղակի իմ գնահատականը իրենց գործունեությանը տվեցի: Բաքոյանի համար անակնկալ էր իմ ասածը, ու հետո տգեղ բառերով սկսեց հայհոյել, ինքը անընդհատ ուզում էր առաջ գալ՝ ըստ երեւույթին խփելու, քաշքշելու ինձ, սակայն իր հետի անձը կանխում էր, որ առաջ գար: Ինքը որ այդպես ագրեսիվ ուզում էր առաջ գալ դեպի ինձ, հարցրեցի՝ առաջ ես գալիս, որ թքե՞ս, ձեզ մոտ լավ է ստացվում, քանի որ Ալեն Սիմոնյանի թքելու դեպքը նոր էր եղել: Այդտեղից ավելի ագրեսիվացավ, հայհոյեց: Ինձ մոտեցան կանայք եւ խորհուրդ տվեցին, թե՝ տղա ջա՛ն, շառ է, վերջացրո՛ւ, ու միջադեպն այդպես ավարտվեց»:
Ըստ Սամվել Վարդանյանի՝ իր մոտ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Բաքոյանը ԱԺ մարդու իրավունքներ պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է լինելու. «Գիտեք, այս մարդը փորձում է խփել, ծեծել քաղաքացուն։ Մի քիչ տարակուսանք է առաջացնում՝ ոնց է նա պաշտպանելու իմ կամ, առհասարակ, այլ քաղաքացու իրավունքները»:
Նշենք, որ Սամվել Վարդանյանը ամիսներ առաջ տեսել է նաեւ փողոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրան եւս դավաճան է ասել, ինչի արդյունքում նրան աշխատանքից հեռացրել են, ու մինչ օրս նա չի կարողանում աշխատանք գտնել։ Շատերը հրաժարվում են ընդունել նրան։
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարագիր է ներկայացրել, որի համաձայն՝ նա հանդիսանում է 2010 թվականին Արաբկիր վարչական շրջանում ձեռք բերված բնակարանի միանձնյա սեփականատերը։ Ըստ այդ նույն հայտարարագրի՝ նա շարժական գույք չունի։ Ծովինար Վարդանյանը «Հայէկոնոմբանկ»-ից փոխառություն ունի ստացած՝ 31 մլն 560 հազար դրամի չափով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը 10.5 տոկոս է։ Տարվա վերջին հայտարարագրի համաձայն՝ նա իր բանկային հաշիվներին ունեցել է 288 հազար 199 դրամ, իսկ որպես կանխիկ դրամ առհասարակ գումար չի հայտարարագրել։ Մեկ տարվա ընթացքում պատգամավորը 37 մլն դրամ եկամուտ է ունեցել, որից 7 մլն 896 հազար դրամը նրա պատգամավորական աշխատավարձն էր, իսկ 29 մլն 300 հազար դրամն էլ նրա վարկն է։ Նրա միակ ծախսը 3 մլն դրամն է եղել, որը վարկի մարման ծախսն է եղել։ Փաստորեն, նրա բոլոր ճամփորդությունները պետբյուջեի հաշվին են եղել. համենայնդեպս, պատգամավորը այդ մասին չի հայտարարագրել ոչինչ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը մտադիր է հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում։ Մասնավորապես, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացել, եւ օրինագծով առաջարկվում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձի կիրառության շրջանակը։ Ըստ նախագծի՝ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձման համակարգը կիրառելի չի լինի Երեւանին հարակից Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից՝ մնացած բոլոր մարզերում։ Բացառություն կլինի միայն կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում։ Հավելենք, որ «Եկամտահարկի վերադարձի մասին» օրենքը գործում է 2015-ից, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում եւ Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երեւանում։ Այսպիսով, այս առավելությունից էլ կզրկվեն ՀՀ քաղաքացիները։
Պետական դավաճանության համար մեղադրվող եւ 26 ամիս կալանքի տակ գտնվող Գարուն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգեց, որ Արթիկի բանտում երկար ժամանակ է, պահանջում է արդարություն, չի հասնում: «Այդ ո՞ր շան տղեն իր մինուճար որդու հետ կգնա պաշտպանելու երկիրը ու մի հատ էլ հակառակորդին տեղակայման վայրը ցույց կտա: Եթե ես իմ երկիրը իր զնվորին, իմ թոռներին վաճառել եմ, թող տանեն, հրապարակային իմ ժողովուրդը ինձ մասնատի, գնդակահարի: Ինձ այն մարդն է մեղադրում, ով զինվորի ղադրը չգիտի: Ես պահանջում եմ արդարություն։ Հիմա դատավոր են փոխել, քրեական գործը նորից վերսկսել են: Իսկ իրականում իմ դեմ գործ են հարուցել մեկ բանի համար, որ ես հաճախակի դուրս եմ եկել երկրից, տարբեր երկրներում եմ եղել, արտագնա աշխատանքի եմ գնացել, եղել եմ նաեւ Թուրքիայում։ Հիմա եթե եղել եմ Թուրքիայում, այնտեղ էլ լիքը հայեր կան, ուրեմն իրենք դավաճա՞ն են: Կրկնում եմ՝ ես արդարություն եմ պահանջում, փաստեր, որոնք ինձ չեն ներկայացնում ու արդեն 26 ամիս կալանքի տակ են պահում»,- ներկայացրեց մեղադրյալը: Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 7-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կազմակերպված խմբի կողմից պետական դավաճանության դեպք է բացահայտվել: Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգեւով պարգեւատրված նախկին զինվորականը իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն եւ այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության գործելու առաջարկը: Մեղադրյալներից մեկը Գարուն Բաբայանն է, որը Արթիկի բանտից ահազանգել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ պահանջելով արդարություն: