«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն  տարածեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման ապօրինի գործընթացի վերաբերյալ.

 

«Ս.թ. հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԱԺ մեծամասնություն կազմող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված նախագիծն իշխող քաղաքական ուժի օրինախախտ գործելաոճի հերթական օրինակներից մեկն է։

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է.

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումներն ամբողջությամբ հիմնազուրկ են եւ անօրինական։ Արձանագրում ենք, որ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքով չկա որեւէ իմպերատիվ պահանջ առ այն, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները պետք է պարտադիր մասնակցություն ունենան ԱԺ խորհրդի նիստերին։ Հետեւաբար, այն ձեւակերպումը, թե Թագուհի Թովմասյանը հետեւողականորեն չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին եւ այդպիսով չի կատարել հանձնաժողովի նախագահի իր պարտականություններն ու խաթարել ՄԻՊ հանձնաժողովի բնականոն գործունեությունը, պարզապես հիմնազուրկ է։

Անդրադառնալով նախագծում բերված երկրորդ հիմնավորմանը, համաձայն որի՝ հանձնաժողովի ՀՀ ՄԻՊ թեկնածուների ընտրության նիստի ընթացքում Թագուհի Թովմասյանը ՀՀ քաղաքացիների արժանապատվության վիրավորման եւ ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք ու իր անգործությամբ նպաստել դրանց կրկնությանը՝ բացարձակ զրպարտություն է։ Իշխող քաղաքական ուժի կողմից բերված այն փաստարկը, թե Թագուհի Թովմասյանի կողմից տվյալ նիստի ժամանակ դրսեւորած «անգործությունը» հասանելի է հրապարակային բաց աղբյուրներում առկա տեսանյութերում, աբսուրդի ժանրից է, քանի որ այդ տեսանյութերը, ընդհակառակը, ապացույցն են այն բանի, որ Թագուհի Թովմասյանը ՀՀ ՄԻՊ թեկնածուի ընտրության հանձնաժողովի նիստը վարել է պրոֆեսիոնալ, առանց էմոցիաների, իր հնարավորության եւ լիազորությունների շրջանակներում փորձել է կառավարել բոլոր այն սադրանքներն ու խուլիգանական վարքագիծը, որոնք իրականացվել են ինչպես հանձնաժողովի անդամ հանդիսացող, այնպես էլ նիստին պարզապես ներկա գտնվող ՔՊ-ական պատգամավորների կողմից, եւ այդ մթնոլորտում նիստը հասցրել է տրամաբանական ավարտին՝ անցկացնելով համապատասխան քվեարկությունը:

Թագուհի Թովմասյանը հանձնաժողովի նախագահ ընտրվելու պահից ի վեր ամենայն պատասխանատվությամբ ու զբաղեցրած պաշտոնին համապատասխան պրոֆեսիոնալիզմով կատարել է իր վրա դրված պարտականությունները՝ իր լիազորությունների շրջանակներում լինելով ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանը։ Այն երեք ամիսների ընթացքում, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստիքը թափուր էր, եւ իշխող քաղաքական ուժը չէր կարողանում նոր թեկնածու առաջադրել, Թագուհի Թովմասյանը բազմաթիվ դրվագներով ծառայել է որպես Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանք եւ որպես խորհրդարանական օմբուդսմեն։

Լինելով պառլամետնտական երկրի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ խորհրդարանական խողովակներով միջազգային գործընկերների հետ հանդիպումներին եւ նամակագրություններում Թագուհի Թովմասյանը մշտապես անդրադարձել է Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ստեղծված անվտանգային խնդիրներին՝ կարեւորելով միջազգային հանրության կողմից հասցեական եւ շուտափույթ գործողությունների իրականացումը։

Ելնելով վերոշարադրվածից՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է.

Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է եւ միտված է ճնշումներ գործադրել ընդդիմության վրա։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտելու է ս.թ. հուլիսի 11-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստը` հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ այս ապօրինի գործընթացի ընթացքում Թագուհի Թովմասյանը զրկված է լսված լինելու իր իրավունքի իրացման հնարավորությունից։

Այս ապօրինի որոշման ընդունման դեպքում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ըստ Դոնթի բանաձեւի՝ ընդդիմությանը բաժին հասած քվոտայով, չի առաջադրելու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու»։

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍ

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս եւ հետեւել զինծառայողների ատեստավորման քննություններին:

Նախարարի այցի ընթացքում զինծառայողները քննություններ էին հանձնում ֆիզիկական պատրաստություն առարկայից:

Զրուցելով քննական հանձնաժողովի անդամների հետ՝ նախարար Պապիկյանը հետաքրքրվել է քննությունների ընթացքով եւ հանձնարարականներ տվել ատեստավորման գործընթացը պատշաճ եւ անաչառ անցկացնելու համար:

Նշենք, որ հուլիսի 10-ից ԶՈՒ մի շարք զորամասերի զինծառայողների համար մեկնարկել են ատեստավորման քննությունները։

 

 

 

 

ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ԱԺ-ՈՒՄ

Կյանքից հեռացած ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի փոխարեն՝ ԱԺ հուլիսի 11-ի արտահերթ նիստում մանդատ ստացավ Անուշ Քլոյանը։

Վերջինս, «ԱԺ կակոնակարգի» համաձայն, ԱԺ ամբիոնի մոտից երդվեց:

Անուշ Քլոյանը Մարտի 1-ին անկարգությունների ժամանակ զոհված  Գոռ Քլոյանի քույրն է,  «Մարտի 1»-ի գործով տուժած ճանաչված, ՔՊ-ական դարձած Սարգիս Քլոյանի դուստրն է: Երեւանի ավագանու 2018թ.-ի ընտրությունների՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել էր ավագանու անդամ։

Անուշ Քլոյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվանից հետո պատգամավորի մանդատ էր ստացել, քանի որ ՔՊ-ի ընտրական ցուցակում նա հերթական համարն էր։ ԿԸՀ-ն Քլոյանի վերաբերյալ  որոշում էր կայացրել հունիսի 27-ին:

 

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

Հուլիսի 11-ին՝ Բնակչության համաշխարհային օրը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրում կազմակերպվել էր միջոցառում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ։

Նշված էր, որ այդ օրը ներկա կլինեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սթոքը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ այլք:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է Ջիլում, սակայն վերոնշյալ միջոցառմանն այդպես էլ չներկայացան ո՛չ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ո՛չ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը, ո՛չ Գեղարքունիքի մաչզպետ Կարեն Սարգսյանը եւ ո՛չ էլ Եմ պատվիրակության որեւէ անդամ:

Փաստացի նշված կառույցներից ներկա էր միայն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սթոքը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, քանի որ միջոցառման նախաձեռնողը հենց Հայատանում ՄԱԿ-ի գրասենյակն էր:

«Ժողովուրդ» օրաթերթը կազմակերպիչներից հետաքրքրվեց, թե ինչու նշված մարդիկ չեն եկել միջոցառմանը, եթե նախապես նրանց անունները ներկայացված են եղել։ Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ պաշտոնյաները վերջին պահին են հրաժարվել մասնակցել միջոցառմանը։

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

ՄԱ՞ՅՐՆ ԷՐ ՀԱՅՀՈՅՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, որ սոցիալական ցանցերում իր մայրն է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում իրեն քննադատող քաղաքացիների հասցեին։

 




Լրահոս