ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿԲԱՐԵԼԱՎՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Առաջարկվող նախագծով Հայաստանում որոշակիորեն կբարելավվի դեղերի շուկայի գործունեությունը, ինչը դեղերի որակի բարձրացմանն ուղղված քայլ է. այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Փոփոխության անհրաժեշտությունը ծագել է այն հանգամանքից հետո, երբ տեսչական մարմինը դեղատներում հայտնաբերել է դրոշմապիտակավորված, սակայն ՀՀ-ում չգրանցված, անօրինական ներկրված դեղորայք:

Առաջարկվող կարգավորումներով ներմուծվող դեղամիջոցը կօտարվի ներմուծման հավաստագրի (համապատասխանության) նմուշառման եւ փորձագիտական դրական եզրակացություն ստանալուց հետո` նպաստելով ՀՀ-ում շրջանառվող դեղերի անվտանգության բարձրացմանը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ՊԵԿ-ը հնարավորություն չունի ստուգելու ներկրման հավաստագրի փաստը, առկայությունն ու իսկությունը:

«Նախատեսվում է ինտեգրել Առողջապահության նախարարության եւ ՊԵԿ-ի համապատասխան համակարգերը, որպեսզի ՊԵԿ-ը կարողանա ստուգել ներկրման հավաստագրի առկայությունը եւ հավաստիանալ, որ նախարարությունն իսկապես թույլատրել է ապրանքատեսակի ներկրումը Հայաստան, որից հետո կտրամադրվեն համապատասխան դրոշմապիտակներ:

Դրոշմապիտակի մերժման հիմքերում ավելացվել է այդ հավաստագրի բացակայությունը: Դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների ցանկում ավելացվել է երկու ծածկագրով դեղորայք եւ դեղանյութ, որոնք բացակայում էին ցանկից»,- մանրամասնել է Նարեկ Զեյնալյանը: Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է` արդյոք ժամկետ ֆիքսված է նմուշառության ԱՆ պատասխանի եւ ՊԵԿ-ի` դրոշմապիտակ տրամադրելու համար: Նարեկ Զեյնալյանը նշել է, որ դրոշմապիտակ տրամադրելու համար սահմանվել է եռօրյա ժամկետ` շեշտելով, որ սահմանվել են ողջամիտ ժամկետներ: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ ներկրման հավաստագիր ստանալու համար ԱՆ դիմելու եւ ՊԵԿ-ից դրոշմապիտակ ստանալու հայտը լրացնելիս պարտադիր նշվելու է դեղի պիտանելիության ժամկետը:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է Կառավարության, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչության համապատասխան մասնագետների, դեղերի մանրածախ եւ մեծածախ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաեւ դեղագործական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունը 7-օրյա ժամկետում պետք է տրամադրի ներմուծման հավաստագիր:

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին» կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Մեր տեղեկություններով՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի (ծնողների) երեխաների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը պետական բյուջեի հաշվին կիրականացվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:

Փոփոխությունը պայմանավորված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի, ինչպես նաեւ 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների հանդեպ պետական հոգածության, նրանց զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից:

Առաջարկվում է ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների համար պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:

Քաղաքացիները եւ շահառու խմբերը մինչեւ հուլիսի 23-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջարկությունների եւ դիտողությունների արդյունքում նախագիծը կլրամշակվի եւ սահմանված կարգով կներկայացվի հաստատման:

 

 




Լրահոս