Դե ստելը պահքի հետ կապ չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի մարտի 3-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: Արդյոք մեր քաղաքական գործիչները հետևում են պահքին, թե ոչ, պարզեց  Armlur.am-ի թղթակիցը՝ զրուցելով ԲՀԿ պատգամավոր  Արագած Ախոյանի հետ:

 

-Պրն Ախոյան, երբևէ պաս պահե՞լ եք:

-Ոչ:

-Ինչու:

-Ժամանակ չեմ ունեցել: Պաս պահելը շատ  օգտակար  է նաև մարդու առողջությանը, հոգու ինքնամաքրմանը: Ցավոք սրտի, ժամանակ չեմ ունեցել պահք պահեմ, որովհետև պահքի ժամանակ հատուկ կերակրատեսակներ  պետք է ուտել: Հոգու մաքրման որոշակի կանոնների, իհարկե, հետևել ենք, իսկ սննդակարգին չենք հետևել:

Ասացիք՝ հետևել եք որոշակի կանոնների: Պահքի  ժամանակ  պետք է ազատվել   վատ սովորություններից՝ որկրամոլությունից, շատախոսությունից, հայհոյելուց, չստելուց: Եթե անկեղծ լինեք, որքանո՞վ եք սրանք  բոլորը կարողացել պահպանել:

-Պահքի ընթացքում  պետք է նաև չզայրանալ:  Բայց անկեղծ ասած, բոլոր կանոններին հետևել չեմ կարողացել:

-Իսկ ո՞րն եք ավելի շատ խախտել:

-(Ծիծաղում է-խմբ.):  Չեմ կարող ասել ու առանձնացնել, գիտեք: Դե ստելը կապ չունի պահքի հետ, չնայած աշխատում ենք հեռու մնալ  այդ վատ երևույթից: Հետո գիտեք՝ նայած  սուտ ասելով՝ ինչ նկատի ունեք: Իմ կարծիքով մենք պահքից անցնում ենք բարոյական նորմերի: Ինչ վերաբերում է շատախոսելուն ու հայհոյելուն, դրանք բոլորն առօրյա երևույթներ են: Համենայնդեպս, զերծ մնալը շատ դժվար բան է այն էլ այսօրվա պայմաններում:

Ի՞նչ եք կարծում, քաղաքական գործիչներին կհաջողվի՞ կամ հաջողվում է պահք պահել:

-Քաղաքականությունը  բարդ ինստիտուտ է, պահանջում  է զգոնություն, սթափություն: Կարծում եմ՝ այսօրվա պայմաններում քաղաքական գործիչները  չեն կարող պաս պահել:

Իսկ ձեր տան անդամներից որևէ  մեկը պաս պահե՞լ է կամ պահելո՞ւ է:

Ճիշտն ասած, մենք ավանդապաշտ ընտանիք ենք, բայց  անկեղծ ասաց՝ ոչ, չենք պահել: Եղել է իհարկե, որ վերջին մեկ շաբաթը  կամ  պահքի վերջին՝ ծոմի օրը պահք պահել են, բայց ամբողջությամբ  պաս պահել, չի եղել: 

Սոնա Դավթյան




Լրահոս