ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։

 

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պեղումներն իրականացվում են՝ 2023թ. մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջեւ կնքված հուշագրի հիման վրա:

Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց) գտնվում է Հատիսի կոնաձեւ գագաթին։ Պատերի լայնությունը տատանվում է 2-4,5մ, բարձրությունը՝ 1-3մ միջեւ։ Կառուցված է բազալտի խոշոր եւ միջին չափերի անմշակ քարերով: Արեւելյան պարսպապատի մեջ պահպանվել է 3 մ լայնությամբ մուտքը, որի երկու կողմերում երկու որմնահեծեր կան։ Արեւմտյան պարսպաշարի երկարությամբ ձգվում են հնավայրի հիմնական կառույցները։ Պարսպաշարի առավել պահպանված հատվածը՝ մոտ 3մ, ունի ավելի քան 10 շարք բարձրություն։

Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10×10 մ չափերով քառակուսիների: Արշավախմբի կազմում ընդգրկված են հայ եւ իտալացի 6 հնագետներ ամրոցի տարածքի պեղումներն իրականացնելու համար (ղեկավարներ` Արթուր Պետրոսյան եւ Ռոբերտո Դան):

Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ եւ միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ կարելի է առանձնացնել տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից եւ բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձեւ կնիք (հավանաբար մ.թ.ա. 5-րդ դար) եւ Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։

Պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։

 

 

 

 

ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐԸ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաջող են մասնակցում «Benasque Open 2023» շախմատի միջազգային մրցաշարին:

Իսպանիայի Բենասկե քաղաքում ընթացող համանուն մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը Իսպանիայում ընթացող «Benasque Open 2023» շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է: Հայ շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր։

Մրցաշարին մասնակցում է նաեւ Հայկ Մարտիրոսյանը, որը վաստակել է 6 միավոր եւ այժմ կիսում է 2-13-րդ հորիզոնականները:

 

 

 

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ՝ ԲԱՔՎՈՒՄ

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Այս մասին հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

«Մենք մի շարք նամակներ ենք գրել եւ ստացել ենք պատասխաններ, որ ամեն ինչով ապահովելու են, ու խնդիր չունենք: Գնալու ենք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ: Նման միջոցառումը բաց թողնել չի կարելի»,-ասաց Նիկողոսյանը:

Մասնագետի խոսքով` այժմ հավաքականն ունի մեկ քվոտա, բայց հույսեր կան եւս երկու ուղեգիր նվաճելու:

Անդրադառնալով Եվրոպական խաղերում մարզիկների թիմային պայքարում գրանցած արդյունքին` Նիկողոսյանը շեշտեց, որ կատարած աշխատանքի գնահատականն այն է, որ նրանք փոխչեմպիոններ եւ ռեկորդակիրներ են: Իսկ ինչ վերաբերում է անհատական պայքարին, ապա անհաջողությունը կապված է լավ արդյունք գրանցելու բուռն ցանկության հետ:

«Ինչ վերաբերում է միքս պայքարում լավ արդյունք գրանցելուն, ապա համադրվել են փորձառուն եւ քիչ փորձառնություն ունեցողը: Նրանք լրացնում են միմյանց»,-ասաց նա:

Ընթացիկ ամսվա ավարտին հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանում, իսկ օգոստոսի 14-ից կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանը եւ Բենիկ Խլղաթյանը դարձել էին Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ:  Լեհաստանում կայացած Եվրոպական խաղերի հրաձգության 10մ  օդամղիչ ատրճանակ միքս մրցաձեւում հավաքելով 581 միավոր՝ նրանք զբաղեցրել էին երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Իտալիայի թիմն էր: Անհատական մրցապայքարում Էլմիրա Կարապետյանը եւ Բենիկ Խլղաթյանը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

 

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը՝ Արթուր Մելքումյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որը կտեւի մինչեւ հուլիսի 22-ը։ Մեր ընտրանին պատրաստվում է օգոստոսին Սլովենիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

 

 

 

 

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամները կմասնակցեն Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին:

Սլովենիայի Մարիբոր քաղաքում սույն թվականի հուլիսի 23-ից 29-ը կանցկացվի Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնը, որին թիմը կմասնակցի հետեւյալ կազմով`  Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Ռոբերտ Գյուլումյան, Մարիետա Բուչախչյան: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը եւ Քնարիկ Բրսոյանը:

Մեր տեղեկություններով՝ այժմ թիմը ամբողջ կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

 

 

 

ՆՈՐ ՄԵԴԱԼ՝ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՒՄ

Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը (102 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում  ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում։

Մինչեւ 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդը գրանցել է երկամարտի 312 կգ (141+171) արդյունք: Մարգարյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ հրումում արժանացել է բրոնզե մեդալի:

Երկամարտի 320 կգ (143+177) արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է վրացի Սաբա Ադամիան, իսկ արծաթե մեդալակիր է դարձել Լեհաստանի ներկայացուցիչ Մարցին Զիոլկովսկին 314 կգ (142+172):

Սա Հայաստանի թիմի 10-րդ մեդալն է պատանեկան ԵԱ-ում։ Ավելի վաղ Սերյոժա Բարսեղյանը (Մ17, 67 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ), Աննա Ամրոյանը (Մ17, 76 կգ), Էմմա Պողոսյանը (Մ17, 81 կգ) եւ Վալերիկ Մովսիսյանը (Մ15, 89 կգ) դարձել էին Եվրոպայի չեմպիոն, Հովհաննես Ղահրամանյանը՝ փոխչեմպիոն (Մ17, 81 կգ) իսկ Կառլեն Դավթյանը (Մ17, 49 կգ), Յուղաբեր Ամրոյանն (Մ17, 40 կգ) ու Ալինա Սուքիասյանը (Մ17, 71 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

 

 




Լրահոս