Լուսանկարն արվել է Երեւանում
Փաստաբանների պալատի վարչական շենքից դեպի Ներքին գործերի նախարարություն շարժված փաստաբանների խումբը եկել էր ՆԳ փոխնախարար Արամ Հովհաննիսյանին շնորհելու հավաստագիր՝ որպես «Փաստաբանների թշնամի»։
Ներքին գործերի նախարարության առաջ տեղի ունեցող բողոքի ակցիային հաջորդեց քայլերթ ԲԴԽ-ի դիմաց՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջով։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Եթե դպրոցում առաջացել է որեւէ առարկայի թափուր 4 դասաժամ, նույն առարկան դասավանդող մյուս ուսուցիչն ունի 18 դասաժամ, կարելի՞ է այդ 4 դասաժամի համար հայտարարել ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ:
Երվանդ Լալայան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ, քանի որ թափուր տեղ առաջանալու դեպքում դասաժամերը տրամադրվում են հաստատությունում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, նույն հաստատությունում տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող՝ մինչեւ 22 դասաժամ ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին:
Այո, քանի որ հաստատությունում մրցույթ հայտարարվում է տվյալ առարկան դասավանդող ուսուցչին առնվազն 22 դասաժամ ծանրաբեռնվածությամբ ապահովելուց կամ այդ ծանրաբեռնվածությունից նրա գրավոր հրաժարվելուց հետո:
ՀՀ կրթության տեսչական մարմին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մանրամասների համար տեղադրում ենք հետեւյալ օրենսդրական հղումը՝ ՀՀ ԿԳ նախարարի՝ 15.04.2013թ. «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2010 թ. օգոստոսի 2-ի No 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» No 396-Ն հրամանով (փոփ.՝ 18.02.2021թ. հ. 22-Ն հրաման) հաստատված հավելվածի 3-րդ եւ 4-րդ կետեր:
ՖԻՆԱՆՍՆԵՐ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս վերադարձնել կամ վերաձեւակերպել սխալ կամ ավելի վճարված գումարները:
Լեւոն Դավթյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ՀՀ պետական բյուջեի գանձապետական հաշիվներին սխալ վճարում եք կատարել կամ ավելին եք վճարել, գումարի վերադարձման կամ վերաձեւակերպման նպատակով կարող եք դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն: Դիմումին կից ֆիզիկական կամ իրավաբանական անձը ներկայացնում է վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, մասնավորապես` անդորրագիրն ու վճարման հանձնարարագիրը: Եթե վճարումը կատարված է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ապա, որպես վճարումը հաստատող փաստաթուղթ, կարող է հանդիսանալ վճարումների պետական էլեկտրոնային համակարգի գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, ինչպես նաեւ վճարված գումարը վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին գանձող մարմնի տեղեկանքը: Եթե չգիտեք, թե որ մարմինն է գանձում կատարել, ապա անհրաժեշտ է մուտք գործել կայքի «Գանձապետական հաշիվներ» բաժինը, գտնել համապատասխան հաշվեհամարը, որին կից նշված է նաեւ հաշիվը տնօրինող մարմնի անվանումը:
Եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա վերադարձը կամ վերաձեւակերպումը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաեւ նոտարի կողմից վավերացված լիազորագիրը:
Եթե վերադարձման ենթակա գումարները վճարված են անչափահաս երեխաների անունով, ապա դիմումը ներկայացվում է ծնողներից մեկի անունով, իսկ վերադարձը հիմնավորող փաստաթղթերի հետ տրամադրվում են նաեւ ծննդյան վկայականների պատճենները:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերադարձման դեպքում դիմումում պետք է նշել նաեւ բանկային ռեկվիզիտները, այսինքն` այն բանկի եւ մասնաճյուղի անունը, որտեղից դիմողը պետք է ստանա վերադարձված գումարը եւ անձնագրի տվյալները /սերիան, ում կողմից է տրված, պատճենը/: Բանկային հաշվեհամարի առկայության դեպքում անձնագրի տվյալների ներկայացումը պարտադիր չէ:
Վերաձեւակերպման դեպքում դիմումի մեջ պետք է նշել ճիշտ գանձապետական հաշվի համարը:
Վերոնշյալ փաստաթղթերի առկայության դեպքում դիմողը 5-օրյա ժամկետում տեղեկացվում է գործարքը /գումարի վերադարձ կամ վերաձեւակերպում/ կատարված լինելու մասին: