«ՍՈՒՐՄԱԼՈՒ»-Ի ՊԱՅԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՀԱԶԱՆԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

16 անձի մահվան եւ մեկ անձի անհետ կորելու պատճառ դարձած՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի մեկ տարին շուտով կլրանա, սակայն թե՛ տուժողները, թե՛ նրանց փաստաբանները դժգոհ են, որ հարուցված քրեական գործի քննությունը պատշաճ չի իրականացվում: Ավելին՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին «մեղադրում են» կողմնակալ դիրքորոշումներ ունենալու համար: Մեկ տարի է` փաստաբաններին չի հաջողվում հասնել «Սուրմալու»-ն շահագործող «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գույքի վրա արգելանք կիրառելուն:

 

2021թ. ապրիլի 6-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով հարուցված քրեական գործը միացվել է 2022թ. օգոստոսի 14-ին նույն հասցեում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով նախաձեռնված քրեական վարույթին: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2021թ. հրդեհի հետեւանքով «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ին պատճառվել է 46 մլն 279 հազ., իսկ 16 տաղավարների այրման հետեւանքով պատճառված վնասի չափը կազմել է մոտ 15 մլն դրամ: Բացի այդ, 5 ՍՊԸ-ի եւ 6 անհատ ձեռնարկատիրոջ պատճառվել է խոշոր գույքային վնաս՝ ընդհանուր 505 մլն 421 հազ. դրամի չափով:

Համաձայն տուժողների կողմից հայտնած տվյալների՝ պայթյունի հետեւանքով պատճառված գույքային վնասը կազմում է 1 մլրդ 521 մլն դրամ: Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ:

Դատախազության փոխանցմամբ՝ 2022թ. «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Երեւան քաղաքի դատախազի կողմից երկու միջնորդագիր է հասցեագրվել Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որից հետո մասնագետների կողմից 2022թ. սեպտեմբերի 8-ից մինչեւ սեպտեմբերի 12-ն ընկերությունում իրականացվել է ստուգում: Արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր: Նշված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղարկվել են նախաքննություն իրականացնող քննիչին քրեական վարույթի շրջանակներում այդ մասով եւս քննություն կատարելու նպատակով:

«Սուրմալու» տոնավաճառում իրականացված ստուգման, արձանագրված խախտումների վերաբերյալ թեեւ իրավապահ մարմինները ցույց են տալիս կատարված աշխատանք, սակայն տուժողների ներկայացուցիչներն ու փաստաբանները հակառակն են պնդում: 2021թ. հրդեհի հետեւանքով տուժած «Լատե» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանը մեզ հետ զրույցում ասում է՝ պայքարում են, որպեսզի ընկերությունն իրեն պատճառված վնասների փոխհատուցումը ստանա. դա շուրջ 135 մլն դրամ է: Ըստ Մուրադյանի՝ հիմնովին այրվել է ընկերության գույքը:

Տեւական ժամանակ է՝ Տիգրան Մուրադյանը տարբեր գրություններ է հասցեագրում վարույթն իրականացնող մարմնին, դատախազություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դժգոհելով իրավապահ մարմինների անգործությունից, սակայն, ինչպես ինքն է պնդում, ապարդյուն:

Փաստաբանի պնդմամբ՝ մինչ օրս «Սուրմալու» առեւտրի կենտրոնը շահագործող կազմակերպության գույքի վրա արգելանք դրված չէ, որպեսզի տուժողները երաշխիք ունենան, որ իրենց կրած նյութական վնասները կփոխհատուցվեն: Արգելանք կիրառելու միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացրել են մի քանի անգամ, պատասխան չեն ստացել: Դրանից հետո, երբ վերջերս գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ, ստացվել է պատասխան, որ միջնորդության քննությունը հետաձգվում է, որպեսզի քննիչը ծանոթանա գործի նյութերին: «2021թ?-ից երկու տարի է անցել. ի՞նչ հանգամանք կա լրացուցիչ պարզելու. ամեն ինչ ավելի քան պարզ է: Մեղադրանքն առաջադրվել է ընկերության աշխատակիցներին, տնօրենին, փոխտնօրենին: Ընկերությունը գույքային պատասխանատվություն է կրում այդ աշխատողներին պատճառված վնասի համար, հետեւաբար պետք է ընկերության գույքի վրա կալանք դրվի»,- նշում է Տ. Մուրադյանը:

Փաստաբանն ասում է՝ արգելանքի բացակայության պայմաններում ընկերության սեփականատերն այդ գույքը կարող է ծանրաբեռնել այլ իրավունքներով, օրինակ՝ բանկից վարկ վերցնել շուկան վերակառուցելու նպատակով, եւ այնպիսի ահռելի պարտավորություններով ծանրաբեռնել, որ տուժողներից որեւէ մեկը չկարողանա հետագայում փոխհատուցում ստանալ:

«Այսօր քրեական գործով օբյեկտիվ փաստերը տեսնելով՝ արգելանք չի կիրառվում: Համարում եմ անգործություն, որը դրսեւորվում է պետության կողմից կամ դիտավորյալ է արվում: Փաստն այն է, որ արգելանք չի դրվում»,- ասում է Տիգրան Մուրադյանը:

Բացի այդ, ըստ փաստաբան Մուրադյանի՝ մի քանի տուժողներ 2022թ. սեպտեմբերին միջնորդություն են ներկայացրել, որով հայտնել են, ընկերության սեփականատիրոջից բացի, եւս 4 հոգու կողմից առեւտրի կենտրոնի կառավարումն իրականացնելու մասին: Այդ անձինք նախկինում աշխատել են դատախազությունում եւ սերտ հարաբերություն ունեն դատախազության ղեկավար կազմի վերին օղակների հետ: Միջնորդություն ներկայացրած անձանց չեն հրավիրել, չեն հարցաքննել, ինչը եւս փաստում է այդ կապի մասին:

Տիգրան Մուրադյանը նշել էր, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փաստացի կառավարել եւ պարտադիր կատարման ցուցումներ են տվել եւ՛ Արթուր Զախարյանը, վերջինիս հորեղբորորդի Ռուբեն Զախարյանը, եւ՛ Ստեփան անունով անձ: Փաստաբանը դատախազությանը հայտնել է նաեւ, որ ընկերության հետ կապեր ունեն նաեւ քրեական հեղինակություններ, որոնք ազդեցություն են ունենում քրեական գործի վրա:

Ավելին՝ 2022թ. սեպտեմբերի 30-ին գլխավոր դատախազ Աննա Վարդաետյանին եւ Նիկոլ Փաշինյանին գրություն են ուղարկել, որ ընկերության փաստացի կառավարմամբ զբաղվող անձանցից Արթուր Զախարյանը եւ այդ ժամանակ Երեւան քաղաքի դատախազ, այժմ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն աշխատել են միասին եւ աշխատանքային մոտ հարաբերություններ են ունեցել: Բացի այդ, այժմ «Սուրմալու»-ի շահերը պաշտպանող փաստաբաններից մեկը նախկինում նույնպես աշխատել է դատախազական համակարգում եւ մոտ աշխատանքային հարաբերություններ է ունեցել Լ. Գրիգորյանի հետ: Տիգրան Մուրադյանը կասկած է հայտնել, որ այդ համագործակցության արդյունքում է, որ գործը դոփում է տեղում, առաջ չի գնում, եւ ողջամիտ պատասխան չեն ստացել:

«Ես չեմ բացառում, որ նաեւ սրա հետ կապված է գործը գնացել Ազգային անվտանգության ծառայություն: Բայց ներկայում էլ ԱԱԾ-ից չեն հրավիրել, չեն հարցաքննել. չենք պատկերացնում, որ այս գործը առաջ է գնում»,- ասում է փաստաբան Մուրադյանը:

Տուժողների փաստաբանները նաեւ նշում են, որ ծանոթանալով տեսչական մարմնի արձանագրած խախտումներին, որ հրդեհի պատճառը եղել է հոսանքի կարճ միացում, ինչից հետո էլ տեսչական մարմինը հրդեհային անվտանգությանը վերաբերող մի շարք խախտումներ էր արձանագրել՝ միջնորդել են Երեւան քաղաքի դատախազին, որպեսզի դադարեցնեն առեւտրի կենտրոնի շահագործումը: Փաստաբանների փոխանցմամբ՝ եթե դադարեցներ, քիչ է հավանականությունը, որ երկրորդ հրդեհն ու պայթյունը տեղի կունենային: Առնվազն թերությունները կշտկվեին: Մինչդեռ պետական մարմինները տարիներ շարունակ հանդուրժել են այդ իրավիճակը:

Տիգրան Մուրադյանի խոսքով՝ երբ առաջին հրդեհից հետո դիմել են դատախազություն առեւտրի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու համար, ընդհանրապես պատասխան չեն ստացել: Բանավոր հայտարարել են, որ տեսչական մարմինը պետք է այդ հարցը լուծեր, սակայն վերջինս էլ ասել է, որ քրեական գործի շրջանակում վարույթն իրականացնող մարմինը պետք է զբաղվեր:

Դատախազությունից մեզ հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակներում որեւէ պաշտոնատար անձի կամ իրավապահ մարմինների ներկայացուցչի մեղադրանք չի  առաջադրվել:

Ինչպես հայտնում են դատախազությունից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստաբան Տ. Մուրադյանի ներկայացրած միջնորդությունները եւ բողոքները քննարկվել են, եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են կայացվել Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ քննիչին հայտնած բացարկը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հարցրել էինք, թե ինչու են անգործություն դրսեւորել վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձինք, որի մասին պնդում են փաստաբանները, ինչին ի պատասխան դատախազությունից հայտնում են, որ քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հսկող դատախազի եւ վերադաս դատախազի անգործության մասին հարցադրումը կոռեկտ չէ, այդպիսիք նախաքննության ընթացքում չեն արձանագրվել, հետեւաբար պատճառահետեւանքային կապի մասին մտորումները տեղին չեն:

Գլխավոր դատախազությունից հայտնում են նաեւ, որ քրեական վարույթով արգելանք է կիրառվել քրեական վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող 3 անձանց գույքերի նկատմամբ՝ ամբողջ ծավալով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս