Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս պահին շփման գծում  իրադրությունը հարաբերականորեն կայուն է, կրակոցներ չկան»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը:

 

-Ի՞նչ է կատարվում  Արցախում այժմ:

-Որեւէ էական փոփոխություն չկա, Արցախը մնում է պաշարված, օրեցօր բարդանում են կենցաղային պայմանները. սա է, ուրիշ նորություններ չկան: Ամեն ինչ գնալով վատթարանում է: Ադրբեջանն իր քաղաքականությունն է շարունակում, մենք տեսնում ենք նաեւ աշխարհաքաղաքական փոփոխություններ՝ լուրջ: Թուրքիան է արդեն բացում իր խաղաքարտերը, մի բան, որ պետք էր կանխատեսել եւ, իհարկե, կանխատեսվում էր մեր կողմից, բայց ունենք այն, ինչ ունենք, ինչպես ասում են:

-Լավ, ո՞րն է այս ամենի նպատակը, ինչքա՞ն է այսպես շարունակվելու, ո՞րն է, ըստ Ձեզ, այս ամենի լուծումը:

-Կարծում եմ՝ նպատակը բոլորիս համար պարզ է՝ Արցախը հայաթափել ու տեր կանգնել այդ տարածքին, եւ, իրենց պատկերացմամբ, ինչքան շուտ, այնքան լավ:

-Իսկ հումանիտար վիճակի մասին ի՞նչ կասեք:

-Իրավիճակը այդ առումով եւս վատ է, ոչինչ չի փոխվել, եւ նույնիսկ ավելի վատն է ամեն ինչ գնացել, խանութները դատարկվում են օրեցօր, եւ գնալով ավելի դժվար է դառնում կենսական անհրաժեշտության իրեր գտնելը: Մթերքների լուրջ պակաս կա. սա մեծ խնդիր է: Հացի խնդիր կա 21-րդ դարում:

-Պարո՛ն Բաբայան, ասում են, որ միրգ-բանջարեղեն կա Արցախում աճեցվող, սակայն շատ թանկ է. դա ինչի՞ հետ է կապված:

-Դա կապված է մի քանի հանգամանքով. արոտավայրերն են կրճատվել, գյուղատնտեսական հողերն են կրճատվել: Սա խնդիր  է, չէ՞:Ամեն տիպի բարդություններ էլ կան: Գնում են աշխատանքի մարդիկ, շարունակում են ապրել իհարկե, փորձում են տեղում չդոփել, բայց, իհարկե, դա տեղի չի ունենում այնպես, ինչպես նախկինում էր, քանի որ խնդիրները շատ մեծ են, հեռավորության խնդիրներ կան, հովհարային անջատումն է խնդիրներ առաջացնում եւ այսպես շարունակ: Տրանսպորտային ցանցը եւս շատ վատ է աշխատում, մայրաքաղաքում մի քանի երթուղի է աշխատում, մարդիկ խցկված են երթեւեկում. չեք կարող պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում: Հիմնականում մարդիկ ոտքով են հասնում իրենց ուզած տեղերը:

-Իսկ միջմարզային կապերն ինչպե՞ս են:

-Դա եւս վատ վիճակում է: Ընդհանուր առմամբ, եւս մեկ անգամ եմ ասում՝ որեւէ դրական փոփոխություն չկա, պարզապես փորձում ենք ապրել:

-Իսկ տարածվող ապատեղեկատվությունների մասին ի՞նչ կասեք:

-Դա, իհարկե, ծրագրի մի մասն է: Նույն նպատակն է հետապնդում, այն է՝ հոգեբանական առումով ճնշել: Մենք անընդհատ կարող ենք դիմել դրսի կառույցներին, բայց ինձ համար կարեւոր է, ես այդպես եմ կարծում, որ մենք չպետք է փոշիացնենք մեր ռեսուրսները. հասկանանք իրավիճակը, հասկանանք՝ ով է ի վիճակի, ով՝ չէ, ով է շահագրգռված, ու հենց նրանց հետ աշխատենք:

Զրուցեց ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

 

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆԸ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Արթուր Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը:

«Անկեղծ ասած, չեն հասկանում՝ դա ինչ որոշում է, եւ ինչու է նման որոշում կայացվել: Մենք միշտ էլ բարձր ենք գնահատել Թագուհի Թովմասյանի աշխատանքը այդ պաշտոնում, եւ իր կողմից մշտապես բարձրացվել են Արցախի հակամարտության կարգավորման, մարդու իրավունքների եւ այլ խնդիրների առնչվող հարցեր: Առհասարակ, նրա կատարած աշխատանքը շատ բարձր եմ գնահատում, եւ այս որոշումը ինձ համար անհասկանալի էր:

Իր կատարած աշխատանքը, գործունեությունը ուուսմնասիրելով՝ չեմ կարծում, որ որեւէ հարցում թերացել է, որի պատճառով կարող էին դադարեցվել լիազորությնները: Իմ կարծիքով՝ Թովմասյանը իր աշխատանքը կատարել է բարձր մակարդակով:

Ես ինչքան տեղյակ եմ, «Ազգային ժողովի կանոնակարգ»-ով, հանձնաժողովներում նախագահների նշանակումը պետք է լինի Դոնթի բանաձեւով, բայց թե ինչ է կատարվում Հայաստանի խորհրդարանում եւ ինչու, չեմ կարող ասել»- ասաց Հարությունյանը:

Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Ազգային ժողովը հուլիսի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է Կառավարության հեղինակած ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական նախաձեռնությունները բովանդակային փոփոխության չէին ենթարկվել:

Գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԳՐԱՌՈՒՄԸ

 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Արցախում բնակվող երկու երեխայի՝ 3-ամյա Լեոյի եւ 6-ամյա Գիտայի մահվան վերաբերյալ՝ ընդգծելով, որ կատարվածն Արցախի շրջափակման հետեւանք է:

«Լաչինի միջանցքի 7-ամսյա արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի եւ կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա: Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոյի եւ 6-ամյա Գիտայի մահը լուրջ մարդասիրական իրավիճակի հետեւանք է: 21-րդ դարն է: Սա չպետք է հանդուժվի», – գրել է Միրզոյանը՝ կից հրապարակելով երեխաների լուսանկարներ:

 

 

 

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը սոցցանցով տեղեկացրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու եւ Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետեւանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում ունենալու ենք ծանր ու անդառնալի հետեւանքներ, որը մենք թույլ տալ չենք կարող, ուստի վաղվանից սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում:

 

 

 

ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Հունիսին Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով. գրում է BusinessPressNews-ը՝ վկայակոչելով ՌԴ պետական վիճակագրական դաշնային ծառայությանը («Ռոսստատ») (հաղորդում է Aliq Media-ն)։

Ըստ տեղեկության՝ «Ռոսստատ»-ն առանձին է նշել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ցուցանիշը, որտեղ եւս զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով։

 

 




Լրահոս