
Հուլիսի 15-ին, ժամը 21:02-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 19։00-ի սահմաններում Սևանա լճի տարածքում գտնվող հանգստյան գոտիներից մեկում քաղաքացին ջրային մոտոցիկլետով դուրս է եկել լիճ և չի կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Ջրափրկարարները Սևանա լճում մոտորանավակով իրականացրել են որոնողական աշխատանքներ. կիրառվել է նաև անօդաչու թռչող սարք:
Որոնողական աշխատանքներ են ծավալվել նաև Գավառ քաղաքի ափամերձ հատվածներում:
Ժամը 23։20-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Ն. Չ.-ն հայտնաբերվել է «Նոյ Լենդ» հանգստյան գոտու մոտակայքում՝ լճում (ափից մոտ 400 մ հեռավորության վրա)։
Պարզվել է, որ ջրային մոտոցիկլետի վառելիքը վերջացել է, և քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ։
Քաղաքացին տեղի ուժերով դուրս է բերվել Նորաշեն գյուղի ափամերձ հատված: