Երեկ` Բյուջե 2012-ի ճյուղային քննարկումները սկսելուց առաջ, վարչապետ Տիգրան Սարգսյանը սովորականի նման ներկայացրեց գալիք տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի «կրեդոն»` գաղափարախոսությունը: Այն է` 12 թվականին պետք է առաջնահերթություն համարվի տնտեսական աճը:
Իսկ մինչ այդ քննարկվում էր ոչ պակաս կարեւորության եւ անգամ ավելի մեծ աղմուկ հանած հարկային փաթեթը, որը, ինչպես նշում են «հայտնի» աղբյուրները, նաեւ նախագահականում ԲՀԿ եւ ՀՀԿ առաջնորդների միջեւ անդուր խոսակցության պատճառ էր դարձել:
Ինչեւէ, մոտ քսան օր առաջ տեղեկացրել էինք, որ այդ հարկային փաթեթն այնքան խորը շոկ էր առաջացրել կոալիցիոն եւ հատկապես գործարար պատգամավորների մոտ, որ նրանք սովորականի նման աղմուկ չհանեցին, այլ հենց սկզբից բանակցեցին կառավարության հետ: Եւ հիմա, ինչպես հայտնեց տնտեսական հանձնաժողովի անդամներից մեկը, փաթեթը, հնի հետ համեմատած, քրիստոնեական տեսքի է բերվել: Ենթադրվում է, որ հենց նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքական որոշում է կայացվել, որ, այնուամենայնիվ, նախընտրական տարում չարժի գոտիներն այդ աստիճան ձգող հարկային փաթեթ ընդունել տալ:
Հիմնական փոփոխությունները վերաբերում են բազմաթիվ վիճահարույց, հարկային շատ մեծ բեռ ավելացնող դրույթներին, որոնք հանվել են: Դրանցից են սոցվճարների բարձրացումները, որոնք նախնական տարբերակով մեկ անձի համար 7 հազար դրամից պետք է դառնային 9 հազար, բանկերի եւ ապահովագրական ընկերությունների շահութահարկերի տոկոսադրույքի բարձրացումը, եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակի ներմուծումը եւ այլն:
Մյուս կողմից, սակայն, այս թեթեւացումներն այն այլընտրանքային աղբյուրների շարքում էին, որոնց բոլորի հանրագումարում կառավարությունը մտադիր էր ապահովել նախատեսված մուտքերը: Այսինքն` դրանց վերացումը ենթադրում է, որ կառավարությունը պատրաստվում է դրանք «հանել» հայտարարված 4.2 տոկոսանոց տնտեսական աճից: Ի դեպ, կառավարությունը հենց այդպես էլ հայտարարել էր, որ լրացուցիչ 101 միլիարդի հարկերն ու սոցվճարներն ամբողջությամբ չէին բերվելու հարկային փաթեթով, եւ որ դրանց մի մասն ապահովվելու էր տնտեսական աճով:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՉԵՆ ՁԳԻ ԳՈՏԻՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ