ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:
«2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1819 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 579,6 մլն դրամ: Նշված գումարից 450,7 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 3960 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:
Ս.թ. հուլիսի 17-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ»,- ասվում է հաղորդագրությունում: