Հայաստանում ներքաղաքական զարգացումներն աննախադեպ արագությամբ սենսացիոն ընթացք են ստանում: Իրար հետեւից տեղի են ունենում սկանդալային հրաժարականներ. Սերժ Սարգսյանը միանգամից սկսել է փակել Ռ.Քոչարյանի վերադարձի բոլոր հնարավոր ճանապարհները. հերթով իշխանական վերնախավից հեռացվում են նրանք, որոնց անունները սերտորեն առնչվում են Քոչարյանի հետ:
Երեկ համառ լուրեր էին շրջանառվում, որ այս պաշտոնանկությունների շքերթի պատճառը Քոչարյանի գլխավորությամբ Ս.Սարգսյանի դեմ ծրագրված դավադրության բացահայտումն է: Իսկ այդ դավադրության մասնակիցների թվում տրվում են ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ՃՈ նախկին պետ, այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մարգար Օհանյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի, փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գեւորգյանի անունները:
ՀՀԿ խորհրդի նիստից հետո ակտիվորեն խոսվում էր «դավադրության» մանրամասների մասին: Ըստ այդմ՝ Հ.Աբրահամյանն ամիսներ առաջ ոստիկանապետ Ա.Սարգսյանի մտերիմ ընկեր, ճՈ նախկին պետ Մ.Օհանյանի հետ հանդիպում է ունեցել, ասել, որ նա իրենց ամենավստահելի մարդկանցից է, առաջարկել աշխատել ԲՀԿ օգտին ու ՃՈ համակարգը ծառայեցնել այդ ուժին: Իսկ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն, որ նույնն է, թե Քոչարյանը, գա իշխանության, Օհանյանին խոստացել է ոստիկանապետի պաշտոնը: Այս հանդիպումը ձայնագրվել ու Ս.Սարգսյանի սեղանին է հայտնվել ՊՆ փոխնախարար Վովա Գասպարյանի օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Արդյունքում` Մ.Օհանյանը բենզինի յուրացման մեղադրանքով ձերբակալվեց: Իսկ ահա նրա ընկեր Ա.Սարգսյանն այդքանից հետո ոչ միայն դասեր չի քաղել, այլեւ հետո ինքն է շարունակել ներիշխանական խաղեր տալ՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, մյուս կողմից նաեւ ընդդիմության հետ, ընդ որում, ճոխ-ճոխ խոստումներ տալով ԲՀԿ-ին, իսկ հանուն Քոչարյանի խոստանալով հարկ եղած դեպքում մինչեւ 50 հազարանոց զանգված հավաքել: Պատահական չէր, որ պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Ա.Սարգսյանը, հակառակ ոստիկանապետի համար գործող օրենսդրական արգելքի, սկսեց քաղաքական հայտարարություններ ու մեկնաբանություններ անել, ակտիվ միջամտել ներքաղաքական գործընթացներին, իսկ մյուս կողմից այդ ընթացքում հասցնելով բնակարաններ ու առանձնատներ ձեռք բերել Պրահայում, Դիլիջանում, Սեւանում, Ջերմուկում, իսկ Բաթումում Մ.Օհանյանի հետ կառուցել հյուրանոցային մեծ համալիր: Պատահական չէր, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսության կարեւոր փուլում հենց Ա.Սարգսյանի հրահանգով ձերբակալվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, եւ քաղբանտարկյալի առկայությունը վիժեցրեց իշխանության ու ընդդիմության միջեւ հազիվ սկսված գործընթացը (ի դեպ, հիշեցնենք՝ երկխոսությանը բացահայտ դեմ էին արտահայտվում Քոչարյանի տիրույթում գտնվող ուժերը):
Ինչեւէ, երբ Ս.Սարգսյանը տեսել է, որ Ա.Սարգսյանն Օհանյանի ձերբակալությունից հետո դեռ շարունակում է ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին, Մոսկվայից վերադառնալուց հետո պաշտոնանկ արեց նաեւ նրան` փոխարենը դավադրությունը բացահայտելուն օգնած Վ.Գասպարյանին նշանակելով ՀՀ ոստիկանապետ: Նույն գործընթացի մեջ է դիտարկվում նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականը. վերջինս համարվում է Քոչարյանի թիմակիցը, եւ ասում են, որ նա բացահայտ հրաժարվել է մասնակցել ընտրական գործընթացներին, աշխատել հօգուտ ՀՀԿ-ի: Դավադրության ծրագրի համաձյան՝ նա պետք է անգործություն ցուցաբերեր ընտրությունների ժամանակ՝ չաշխատելով ո՛չ ՀՀԿ, ո՛չ ԲՀԿ օգտին՝ վիժեցնելով հանուն ՀՀԿ-ի անհրաժեշտ ձայների հավաքում:
Ինչեւէ, այսքանից հետո երեկ` ողջ օրվա ընթացքում, խոսվում էր փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին: Առավոտյան, երբ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում ներկայացվում էր 2012թ. պետական բյուջեի նախագիծը, խորհրդարան էր եկել նաեւ Արմեն Գեւորգյանը: Վերջինս, սակայն, բյուջետային քննարկումների մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո շատ արագ հեռացավ ԱԺ-ից՝ հրաժարվելով մեկնաբանել իր անվան հետ կապված լուրերը: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստ է լինելու (ի դեպ, եւս մեկ նիստ էլ ՀՀԿ-ն հրավիրել էր նախօրեի երեկոյան), եւ առաջիկայում նոր պաշտոնանկություններ են սպասվում: Երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, լուրեր տարածվեցին, որ Ա.Գեւորգյանն արդեն Ս.Սարգսյանին է ներկայացրել հրաժարականի տեքստը եւ հիմա իր աշխատասենյակն է հավաքում: Սակայն վերջին պահին Ս.Սարգսյանը որոշել է ոչ թե Ա.Գեւորգյանի հրաժարականն ընդունել, այլ միանգամից լուծել Հովիկ Աբրահամյանի «հարցերը»՝ նախ այդպես լուրջ հարված հասցնելով Քոչարյանին, եւ բացի այդ, պատժելով իր կուսակից ընկերոջը: Եւ ահա երեկ` ուշ երեկոյան, ՀՀԿ-ում տեղի է ունեցել նախ գործադիր մարմնի, հետո՝ խորհրդի նիստ:
Ընդ որում, ՀՀԿ ԳՄ եւ ապա խորհրդի նիստերում իրար հետ բավական կոպիտ են խոսել ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանն ու վարչապետ Տ.Սարգսյանը, որից հետո վարչապետը հեռացել է ու չի մասնակցել խորհրդի նիստին: Երկու նիստում էլ Ս.Սարգսյանն առաջարկել է Հ.Աբրահամյանին գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, իսկ Աբրահամյանն էլ ասել է, թե ինքը հրաժարական կներկայացնի՝ ընտրական գործընթացներին ավելի լավ պատրաստվելու համար: Իրականում, սակայն, այդպես Ս.Սարգսյանը փորձել է մանեւրել՝ Աբրահամյանին զրկելով իշխանական բոլոր հնարավոր լծակներից եւ ինքնուրույն որեւէ քայլ անելու հնարավորությունից: Ինչեւէ, Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ նոյեմբերի 14-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում հրաժարական կներկայացնի, իսկ մինչեւ նոյեմբերի 20-ը կկայանան ԱԺ նոր նախագահի ընտրությունները: Այս համատեքստում շրջանառվում են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի անունները:
ՄԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ