ՌԴ Պաշտպանության նախարարությունը հերքել է Սևծովյան նավատորմի կողմից ուկրաինական զինծառայողներին ուլտիմատումի առաջ կանգնեցնելու մասին տեղեկատվությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը որակել է «իսկական զառանցանք», և վստահեցրել, որ ուկրաինացի զինծառայողների առաջ ոչ մի ուլտիմատում չի դրվել:
«Մենք արդեն սովորել ենք մեր ուկրաինացի գործընկերների նկատմամբ ուժային գործողություններ իրականացվելու վերաբերյալ մեր հասցեին ուղղված մեղադրանքներին»,-հավելել է ՌԴ ԶՈՒ-ի ներկայացուցիչը:
Իր հեթին Սևծովյան նավատորմի շտաբի ներկայացուցիչը հավատացրել է, որ «իրենց Ղրիմում առճակատման չեն կարողանա տանել»:
Նմանատիպ հայտարարություններ Ուկրաինայի ԱԳՆ-ի կողմից նախկինում էլ էին տարածվել, մասնավորապես Ղրիմում տեղակայված այս կամ այն ուկրաինական ռազմական ստորաբաժանմանն ուղված ուլտիմատումների, կամ ուկրաինացի զինծառայողների ռուսական կողմն անցնելու մասին տեղեկությունները, որոնք մինչ այժմ չեն հաստատվել Ղրիմի ուկրաինական ռազմաբազաներից ոչ մեկի կողմից:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: