Հուլիսի 18-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս: Շրջելով զորամասի տարածքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի շենք-շինությունների վիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետեւել ընթացող պարապմունքներին:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զորամիավորման եւ զորամասի հրամանատարները նախարարին զեկուցել են կատարված աշխատանքների եւ առաջիկա անելիքների մասին: Պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:
Այնուհետեւ նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ներկայացրել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հորդորել է կատարելագործել անձնակազմի շարային, ֆիզիկական, կրակային եւ մասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններին պատշաճ ներկայանալու համար: