այաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Վիեննայում Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո այս հայտարարությունն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով լրագրողի այն հարցադրմանը, թե արդյոք Հայաստանը չի շրջանցում ՌԴ–ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները, և արդյոք չեն անհանգստացնում ՀՀ–ի նկատմամբ ԵՄ–ի կողմից հնարավոր պատժամիջոցները։
Լրագրողը մեջբերել է «Financial times»-ի հրապարակումը, ըստ որի` Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման ծավալները մեկ տարվա ընթացքում աճել են 225 անգամ։
«Անշուշտ, այս պատերազմն ազդեց (նկատի ունի ռուս–ուկրաինական հակամարտությունը. խմբ) նաև Հայաստանի տնտեսության վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Բայց քանի որ Դուք խոսում եք պատժամիջոցների մասին, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն և բարձրաձայն հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Մենք շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները»,– նշել է Արարատ Միրզոյանը։
Նա վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները աշխատում են բաց և թափանցիկ: Եթե կան խնդիրներ, դրանք արագորեն ի հայտ են բերվում, և դրանց պատշաճ լուծումներ են տրվում: