ArmLur.am-ը զրուցել է տնտեսագետ, նախկինում ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թաթուլ Մանասերյանի հետ: Փորձել ենք ստանալ պատկեր, թե ինչ ազդեցություններ է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմը հայաստանյան տնտեսության վրա:
–Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանի տնտեսությունն ի՞նչ վնասներ է կրել:
-Հայաստանի տնտեսությունը ռուս-ուկրաինական պատերազմից հետո չեմ կարծում որ լուրջ վնասներ է կրել, այլ՝ ճիշտ հակառակը: Տնտեսական առումով բավական լուրջ հնարավորություններ են առաջացել՝ սկսած անհատական, անձնական տրանսֆերների ներհոսքի ավելացումից, վերջացրած ներքին բիզնեսի աշխուժացումով։ Խոսքը հատկապես փոքր բիզնեսի ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, համախառն ներքին արդյունքի, այս ոլորտներում պահանջարկի բարձրացման մասին է: Այսինքն, վնասներ չի կրել:
–Ասացիք, որ Հայաստանը հնարավորություններ է ստացել, ինչպե՞ս պիտի ճիշտ օգտագործենք այդ հնարավորությունները, ի՞նչ պիտի անենք, որ չենք անում:
-Այդ հարցին լավ կլինի Կառավարությունը պատասխանի: Պատրա՞ստ են արդյոք, որևէ սցենար մտածո՞ւմ են, ի՞նչ անել ավելացած ռեսուրսների հետ: Ճիշտ բյուջեի բաշխում չի անում պետությունը:
-Ինչպիսի՞ տնտեսական իրավիճակ է այժմ Ռուսաստանում:
-Շատ անբարենպաստ վիճակ է այս պահին Ռուսաստանում տնտեսական առումով: Ռուսաստանն այժմ պատերազմում է գրեթե 51 երկրի դեմ, որովհետև 51 երկրից այժմ զենք է մատակարարվում Ուկրաինայի բանակին և այս պահին Ռուսաստանը չի կարող ունենալ այն տնտեսությունը, որը կարող էր ունենալ կամ հավակնում էր ունենալ խաղաղ պայմաններում: Այսօր ավելի շատ ռազմական արդյունաբերության մասին կարող է խոսք գնալ: Միջազգային շուկայում կարծես թե այս պայմաններում Ռուսաստանը կարողանում է իր ռեսուրսները բարեհաջող վաճառել, և այդ իմաստով, կարող ենք ասել, որ ցնցումներ չեն նկատվում:
– Նշված 51 երկրներները արդյոք միայն ռազմակա՞ն օգնություն են ցուցաբերում, այլ ուղղություններում օգնություն չի՞ տրամադրվում:
-Ոչ, ոչ մի այլ ուղղությամբ օգնություն չի տրամադրվում Ուկրաինային: Այսօր Արևմուտքը միայն պահանջ է դրել՝ միանալ սանկցիաներին, այդ թվում նաև Հայաստանին հորդորում է դա անել: Չնայած պարզ է, որ Հայաստանի վիճակն ավելի յուրահատուկ է և նման բան մենք մեզ չենք կարող թույլ տալ: Այն պատճառով, որ մեզ համար Ռուսաստանը առևտրատնտեսական գործընկեր երկիր է նաև, ճիշտ այնպես, ինչպես Իրանը: Պատերազմական իրավիճակում պատժամիջոցների պայմաններում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը դադարեցնելը կարող է ճակատագրական լինել Հայաստանի Հանրապետության համար: Սակայն հարյուրավոր երկրներ կիրառում են պատժամիջոցներ՝ առաջինը Արևմուտքի զարգացած երկրները, որոնք ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական պատժամիջոցներ են կիրառում:
– Ըստ Վիճակագրական կոմիտեի, տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարիների համեմատ բավականին աճել է, որքանո՞վ սա կապ ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ:
-Անմիջական կապ ունի, եթե չլինեին անձնական տրանսֆերները, համախառն ներքին պահանջարկը, ապա մեծ հարցականի տակ պիտի դրվեր ընդհանրապես տնտեսական աճ ունենալը: Հայաստանի Հանրապետություն բանկային հաշիվներով մուտք է գործել 5 միլիարդից ավելի դոլար և գրեթե նույնքան, եթե ոչ ավելի, կանխիկ գումար է մուտք գործել Հայաստան: Այսինքն, Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կեսից ավելին դրսից է ստացվել: Նաև սրան գումարենք, որ հայկական դրամը մեկ տարվա ընթացքում արժևորվել է ավելի քան 20%-ով: Կարող ենք ասել աճի հիմնական մասը սա է՝ չհաշված այլ գործոնները: Նման պայմաններում կարելի էր գրանցել 30%-35% տնտեսական աճ, սակայն մենք լավ չենք կարողանում օգտագործել մեր պետական բյուջեն:
-Ըստ ձեզ, այս իրավիճակը որքա՞ն ժամանակ կայուն կմնա:
-Ամեն ինչ, ցավոք սրտի, կախված է պատերազմի ընթացքից։ Կախված կլինի նաև նրանից, թե ովքեր և ինչպես կղեկավարեն տնտեսությունը: Քանի որ տարվա մեծ մասն անցել ենք, ես կարող եմ ասել՝ Հայաստանը տարեվերջին կունենա տնտեսական աճի դրական միտում: Բայց մենք դրանով չենք կարող սահմանափակվել, նման արդյունք ունենալու համար պետք է մտածենք ապագայի մասին՝ տեխնոլոգիական ռեսուրսները, բնական ռեսուրսները պետք է կարողանանք ճիշտ օգտագործել:
Էմմա Միքայելյան