2024 թ. պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարությանը նախնական կհատկացվի շուրջ 168 մլրդ դրամ. Անահիտ Ավանեսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով ՀՀ առողջապահության ոլորտի բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է շուրջ 168 մլրդ դրամ: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 19-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ: Ըստ Անահիտ Ավանեսյանի` 18 մլրդ դրամ է նախատեսվել Առողջության ապահովագրության համապարփակ համակարգի ներդրման համար, որը կսկսի գործել 2024 թվականի հուլիսի 1-ից: Առաջին փուլի շահառուներ են 1-ին, 2-րդ եւ սահմանափակումներով 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները:

Նախարարի հավաստմամբ ներկա դրությամբ մշակվում են ենթաօրենսդրական ակտեր, այլ նախագծեր: Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի ամբողջական փաթեթը:

Նշվել է, որ 2023 թվականի ավարտին պատրաստ կլինեն 20 ամբուլատորիաների, պոլիկլինիկաների վերանորոգման եւ Վեդիի, Վարդենիսի ու Արթիկի ԲԿ-ների նախագծերը, որոնց շինարարությունը կսկսվի գալիք տարի: Այս տարի շահագործման կհանձնվեն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի եւ Վայոց ձորի բժշկական կենտրոնները:

«Մեր ընդհանուր քաղաքականությունը շինարարության գծով որակական չափանիշներն են, կկառուցվեն եւ շահագործման կհանձնվեն ժամանակակից բուժհաստատություններ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

2024 թվականին նախարարությունը կիրականացնի «Հանրային առողջության պահպանում», «Առողջության առաջնային պահպանում», «Մոր եւ մանկան առողջության պահպանում», «Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում», «Սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» եւ մի շարք այլ բյուջետային ծրագրեր:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ուշադրություն է հրավիրել մի շարք հարցերի, որոնք շտկման կարիք ունեն: Նա ընդգծել է արդյունքային ցուցանիշների հստակեցման անհրաժեշտությունը:

Աշխատանքային քննարկմանը հանգամանալի անդրադարձ է եղել նաեւ բնագավառի այլ ծրագրերին եւ առկա խնդիրներին:

Աշխատանքային քննարկումը նախագահել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, մասնակցել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը, նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտների մասնագետներ:




Լրահոս