«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքի հարցը ՀՀ վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արթուր Նահապետյանը ինքնաբացարկ է հայտնել: Բանն այն է, որ Դավիթ Տոնոյանի պաշտպանները նրա կալանքի հարցով բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան, որը մակագրվել է դատավոր Արթուր Նահապետյանին:
Նկատենք, որ Նահապետյանը մինչ դատավոր դառնալը՝ 2020 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին, աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ հատուկ քննչական ծառայողների՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների գործերով քննության բաժնի պետ: Արդյունքում Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատավոր Նահապետյանը ինքնաբացարկ հայտնի, քանի որ Դավիթ Տոնոյանի գործը քննվել է ԱԱԾ-ում, իսկ այդ ժամանակահատվածում Նահապետյանը պաշտոնատար անձ է եղել, ուստի օբյեկտիվ քնություն չի կատարվի, եւ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի:
Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ական դատավոր Նահապետյանը ինքնաբացարկ է հայտնել, ասել է թե՝ դատավոր Արթուր Նահապետյանը հրաժարվել է քննել Դավիթ Տոնոյանի կալանքի հարցը:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը Հակակոռուպցիոն դատարանում մտնում է առավել աղմկահարույց փուլ: Բանն այն է, որ գործով դատարան է հրավիրվելու վերջին վկան՝ ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության նախկին պետ Գագիկ Ասլանյանը, որից հետո սկսվում է մեղադրյալների հարցաքննության փուլը: Խոսքը հասնում է ՊՆ նախկին պաշտոնյաներին՝ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Ավետիք Մուրադյանին, գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին։ Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս մեղադրյալները ազատության մեջ են: Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվում է դռնփակ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՄԶԱՇԵՆԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Պեմզաշենում կատարված մոր եւ երեխաների դաժան սպանության վարույթով 2 մեղադրյալների կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ բավարարվել է։
Ավելին՝ այս գործով նշանակված են փորձաքննություններ, որոնց եզրակացությունների մի մասը, ինչպես տեղեկացնում են Կոմիտեից, դեռեւս չի ստացվել։ Նկատենք, որ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները առանցքային նշանակություն են ունենալու մեղադրյալների արարքներին վերջնական իրավական գնահատական տալու համար։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին. իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:
Պարզվել էր, որ նրանց սպանել էին, եւ ավելի ուշ կալանավորվեցին նույն գյուղի բնակիչներ Արկադ եւ Վրույր Բարսեղյանները։ Ըստ տեղեկությունների՝ Արկադի եւ Վրույր Բարսեղյանները մտել են սպանվածների տուն գողության նպատակով, կապկպել են բնակիչներին, նրանից մեկը՝ Արկադին, թողել հեռացել է, իսկ Վրույր Բարսեղյանը, որը նշվում է, որ ունի հոգեկան խնդիրներ, չի հեռացել, բռնաբարել է աղջիկ երեխային, որից հետո սպանել է մորն ու վերջինիս զավակներին: Գործով նախաքննությունը շարունակվում է։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԹԱՐ
Հուլիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Մարշալ Բաբաջանյան եւ Ալմա Աթի փողոցների խաչմերուկում, բախվել են Toyota մակնիշի, ՊՆ 102 համարանիշի եւ վրացական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երեւան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում եւ սպասարկում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Այդ ավտոմեքենայով շրջում են Ս. Պապիկյանի անվտանգության աշխատակիցները։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության եւ փողերի լվացման համար:
Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Գ.-ն 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի եւ «Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջեւ կնքված գնման պայմանագրի շրջանակներում կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, ակտ, ինչպես նաեւ օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից կատարել է 3 մլն 683 հազար դրամի հափշտակություն:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի եւ «Կարեն Աղաբաբյան Էռնեստի» Ա/Ձ-ի միջեւ 2017 թվականի հուլիսի 11-ին կնքված գնման պայմանագրի շրջանակներում Վ.Գ.-ն, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 մլն դրամ:
Վերը նշվածից բացի, Վ.Գ.-ն, ՊՈԱԿ-ի եւ Բնապահպանության նախարարության միջեւ 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված՝ պետության կողմից դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի շրջանակներում կազմել է կեղծ հաշվետվություններ եւ խարդախությամբ հափշտակել 20 մլն 969 հազար դրամ, այնուհետեւ իրականացրել հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
2023 թվականի հուլիսի 10-ին հսկող դատախազը միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Վ.Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: 2023 թվականի հուլիսի 11-ին դատարանը, մասնակի բավարարելով միջնորդությունը, Վ.Գ.-ի նկատմամբ կիրառել է այլընտրանքային խափանման համակցված միջոցներ՝ վարչական հսկողություն եւ գրավ՝ 10 մլն դրամի չափով: