ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հունիսի 13-ի նիստում հավանության է արժանացրել թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:

 

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրով մշակույթը եւս կարեւոր առաջնահերթություն է, որն առաջին հերթին հանրության կրթական մակարդակի շարունակական բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման հարթակ է եւ իր ուղիղ ազդեցությունն է ունենում քաղաքացիների հանրային, այդ թվում՝ քաղաքացիական եւ քաղաքական հարաբերությունների որակի վրա: «Կառավարության ծրագրով նախատեսված գործողություններից մեկն այն է, որ մշակութային հաստատությունները, պետական բյուջեից ստանալով ֆինանսավորում, պետք է հոգ տանեն նաեւ սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ: Այս չափանիշներով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ 2021 թվականին թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 773,9 մլն դրամ, միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթ է եղել 264 հազար դրամի չափով:

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ թատրոնների եւ համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման համար 2022 թվականին հատկացվել են 1 միլիարդ 284 միլիոն դրամի չափով միջոցներ: Մշակութային հաստատությունների պայմանների բարելավումը բարձրացրել է նաեւ հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, եւ հաստատությունների 90 %-ը գրանցել է սեփական եկամուտների աճ՝ 2019 թվականի համեմատ:

«Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակում յուրաքանչյուր տարի թատերահամերգային կազմակերպությանը կտրամադրվի իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր, վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ այս տարի ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2022 թվականին թատրոնի տոմսերի վաճառքից գեներացված սեփական եկամուտները կազմել են 614,4 մլն դրամ. սա միայն տոմսերի վաճառքի գումարն է, քանի որ ընդհանուր արտաբյուջեն թատրոնի համար կազմել է ավելի քան 749 մլն դրամ, այսինքն՝ թատրոնը, 2019 թվականի համեմատ, ավելի քան կրկնապատկել է իր սեփական եկամուտների ծավալը:

Ըստ նախարարի՝ 2023 թվականի համար թատրոնը կանխատեսել է, որ կգրանցի շուրջ 841 մլն դրամի սեփական եկամուտ։ Այս տարի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը 1.4 մլրդ դրամի ֆինանսավորում է ստացել: «Կանխատեսվող սեփական եկամուտների չափը հաշվի առնելով` թատրոնի ընդհանուր ֆինանսավորումը պետք է կազմեր 1.68 մլրդ դրամ, եւ այդ պարագայում փորձնական մոդելի ներդրման շրջանակում թատրոնին հավելյալ տրամադրում ենք 233.5 մլն դրամ»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ այդ միջոցների շրջանակում թատրոնը պետք է բեմադրի առնվազն 2 նոր ներկայացում` հրավիրելով նաեւ արտերկրի մասնագետների։

Ֆինանսավորման նոր մոդելի արդարացման դեպքում մինչեւ 2026 թվականն այն կներդրվի ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող բոլոր 21 թատերահամերգային կազմակերպություններում։

Նախարարն ընդգծել է՝ առաջարկվող մոտեցումը բխում է ՀՀ մշակույթի պահպանության եւ տարածման եւ հանրահռչակման ռազմավարությունից, որտեղ առանձնակի կարեւորվում է մշակութային եւ ստեղծարար ոլորտների արդիականացումը:

Կառավարության նիստում հարցի վերաբերյալ ծավալվել է քննարկում: Կարեւորելով նախագիծը՝ վարչապետը շեշտել է, որ մշակութային հաստատությունների զարգացումը ռազմավարական ուղղություն է:

 

 

 

 

ՄԱԼՈՒԽՆԵՐ՝ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՊՈՒՂԻՆԵՐՈՎ

Երեւանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Ըստ նախագծի՝ «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլեւս չեն լինի:

Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ քաղաքային լուսավորության ծրագիրը համայնքն իրականացնում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով:  Վարկի գումարը 4.0 մլն ԱՄՆ դոլար է, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո:

Ամիրյան փողոցում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Գործընթացն այս պահին իրականացվում է Մյասնիկյան պողոտայում եւ Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ կանգառը Թումանյան փողոցն է:

Նախագիծը ներառում է նաեւ հենասյուների ու նատրիումային եւ սնդիկային լամպերի փոխարինում ԼԷԴ լուսատուներով, ինչպես նաեւ լուսավորության ցանցի կառավարման համակարգի ներդնում: Ծրագրի հիմնական նպատակը Երեւանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ստեղծելն է:

 

 

 

 

ՕՆԼԱՅՆ ՀԵՐԹԱԳՐՈՒՄ՝ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆՆԵՐՈՒՄ

Հուլիսի 17-ից բոլոր անձնագրային կետերում հերթագրումը կլինի օնլայն համակարգով: Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունների հարթակը՝ migration.e-gov.am-ը, ներդրվել է դեռեւս միայն Երեւանի տարածքում: Մարզերում համակարգը կակտիվանա աստիճանաբար:

«Ժողովուրդ» օրաթերթը եղել է Դավթաշեն վարչական շրջանի անձնագրային կետում եւ խոսել քաղաքացիների հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի կարծիք ունեն ներդրված համակարգի վերաբերյալ:

Խոսել ենք նաեւ Ներքին գործերի նախարարության եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ։ Նրա խոսքով՝ այս համակարգը կար դեռեւս անցած տարվանից: «Երեւանում աստիճանաբար այս հերթերին զուգահեռ ներդրվեց էլեկտրոնային հերթագրման համակարգը, որը գործում էր անձնագրային եւ վիզաների վարչության գլխամասային գրասենյակում դեռեւս անցած տարվա հոկտեմբերից, մասնավորապես՝ անձնագրային եւ վիզաների բաժնում»,- ասաց Դավթյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԶՈՐԱԿՈՉՎԵԼՈՒ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Դիլիջանի բնակիչ, 1998թ. ծնված, միջնակարգ կրթությամբ Իվան Միխաիլովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014 թվականի մարտի 3-ին կցագրվելով զինկոմիսարիատում եւ կանգնելով զինվորական հաշվառման, 2018թ. ամառային զորակոչին ներկայացել է Դիլիջանի զինկոմիսարիատ, անցել բժշկական հետազոտություններ եւ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության  համար, որից հետո, պարտավոր լինելով  2018թ. ամառային զորակոչին ներկայանալ Դիլիջանի զինկոմիսարիատ, զորակոչվել ՀՀ զինված ուժեր, չի ներկայացել, խուսափել է զինվորական ծառայությունից։ Իվան Միխաիլովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Միխաիլովը  2014թ. մարտի 3-ին Դիլիջան քաղաքի զինկոմիսարիատի  կողմից անցել է բժշկական համապատասխան հետազոտություններ, ստացել է 10 ամիս  5 ամիս ժամանակով տարկետումներ։ 2018թ. մայիսի 16-ին Իվան Միխաիլովը հերթական անգամ ներկայացել է Դիլիջանի զինկոմիսարիտատ,  անցել սահմանված բժշկական հետազոտությունենր, նրա մոտ ախտորոշվել է սրտի ռիթմի  խանգարում։

2018թ. հուլիսի 14-ին Միխաիլովը այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, որը մերժվել է։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  նա հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը չի խուսափում զինվորական ծառայությունից, այլ խնդրում է, որպեսզի իրեն տրամադրվի այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն՝ գիտակցելով, որ այդ դեպքում 2 տարվա փոխարեն ծառայելու է 3 տարի, իր այդ դիրքորոշումը պայմանավորված է կրոնական հավատալիքներով. ինքը իրավունք չունի զենք վերցնել, մարդ սպանել, բացի Աստծո առաջ, այլ անձանց կամ պետության առաջ երդում տալ, հետեւաբար իսկական զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում պարտավոր է երդում տալ պետության առաջ, կրել զենք, որոնք հակասում են իրեն՝ որպես մոլոկանի՝ քրիտոնյա-բողոքականի կրոնական հավատալիքներին։

2019թ. նոյեմբերի 11-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Իվան Միխաիլովին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում, նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման։ 2021թ. փետրվարի 11-ին վերաքննիչ դատարանը մերժել է Միխաիլովի պաշտպանի վերաքննիչ բողոքը. 2023թ. ապրիլի 5-ին վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի  նոյեմբերի 11-ի դատավճիռը եւ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. փետրվարի 11-ի որոշումը եւ  գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս