Երեկ Արցախում կազմակերպված համաժողովրդական ակցիան լուրջ դժգոհություն է առաջացրել իշխող ուժի մոտ: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նեղսրտած են, որ Արցախից սկսել են քննադատել ու պահանջատիրություն ներկայացնել Հայաստանի իշխանության նկատմամբ: Առաջին անգամ հնչել է ոչ այնքան հասցեական, սակայն, այնուամենայնիվ, քննադատություն Արցախից Հայաստանի իշխանությունների հասցեին: Ընդդիմադիր ներկայացուցիչներն, իհարկե, դժգոհ են, որ անձամբ Նիկոլ Փաշինյանին Արայիկ Հարությունյանը չի քննադատում Արցախի այսօրվա վիճակի համար, բայց, մյուս կողմից, իշխանությունն է նեղսրտած, որ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետության վարչապետը քննադատում է իրենց՝ ուղիղ ասելով, որ Արցախը մնացել է միայնակ, թողել են Ադրբեջանի կազմում եւ այլն:
Մի խոսքով, այս փուլում, երբ Արցախը շնչահեղձ է լինում, փոխանակ ջանքեր գործադրվեն այս վիճակից դուրս գալու համար, դեռեւս փորձ է արվում հարցը տեղափոխել ներքին գզվռտոցների դաշտ, մինչդեռ թշնամին միասնական ճակատով կռվում է հայկական երկու պետությունների դեմ:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գործերը լավ են։ Նա 2021 թվականին անհատական բնակելի տուն է գնել Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում եւ հանդիսանում է այդ տան միանձնյա սեփականատերը։ Նա տունը գնել է 2021 թվականի սեպտեմբերին։ Բացի այս, ՔՊ-ական պատգամավորը հանդիսանում է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բնակարանի համասեփականատեր։ «Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը 2021 թվականին նաեւ մեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության Hyundai: Բայց այս ծախսերը, ըստ հայտարարագրի, Սիսակ Գաբրիելյանը կանխիկ դրամ չի ունեցել, սակայն բանկային հաշվին առկա նրա դրամական միջոցները կազմել են 237 հազար եւ 19 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում Գաբրիելյանի եկամուտը կազմել է 16 մլն 776 հազար դրամ, որից 9 մլն 543 հազար դրամը նրա աշխատավարձն է եղել, իսկ 1 մլն 982 հազարը նա ստացել է Ֆինանսների նախարարությունից որպես եկամտահարկի վերադարձ։ Բացի այդ, նա 1 մլն 250 հազար եւ 4 մլն դրամ է վերցրել բանկերից։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի վերջին նրա վարկերի մնացորդը կազմել է 22 մլն 853 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում էլ նա 6 մլն 500 հազար դրամ է ծախսել՝ վարկը մարելու համար։ Հավելենք, որ պատգամավորի կինն աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում։ Անի Բաղդասարյանը 2021 թվականին այգետնակ է գնել Ջրվեժում եւ հանդիսանում է միանձնյա սեփականատերը։ Նա երեք մլն դրամի վարկ ունի եւ մեկ տարվա ընթացքում 15 մլն դրամ եկամուտ է ունեցել՝ աշխատավարձերից ու վարկերից։ Մի խոսքով, 2021թ.-ին ամուսինները առանձին-առանձին տներ են գնել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանական թեւում լուրջ քննարկումներ են ընթանում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործունեության ձախողման հարցով: Բանն այն է, որ հենց նրան էր վստահված բուհերի միավորման գործընթացն ու Ակադեմիական քաղաք ստեղծելու ծրագիրը, որը չի ստացվում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը պետք է ակտիվ գործեր, քանի որ դեռ նախորդ տարվանից պետք է հաստատվեր կոնցեպտը, սակայն այդպես էլ չի կատարվել։ Դա է պատճառը, որ նրա հանդեպ դժգոհություններն ավելանում են, եւ այդ հարցը հասել է անգամ Փաշինյանին։ Բացի այս, գործընթացին ներգրավվել է նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որպեսզի նա հստակ պատասխանի եւ ներկայացնի, թե ինչ է արվել այս ընթացքում, եւ ինչ բացթողումներ կան։ Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ գերմանական ընկերություն են հրավիրել Հայաստան, որպեսզի նրանք զբաղվեն Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքներով։ Հավելենք, որ Արայիկ Հարությունյանը դեռ մայիսի 30-ին նշանակվել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ այդ օրվանից պետք է ակտիվ աշխատանքներ տաներ։ Այն, որ արդեն Ժաննա Անդրեասյանն է կառավարում ամեն ինչ, ապացուցում է այն փաստը, որ հուլիսի 13-ին նիստ է եղել, որի ժամանակ էլ հիմնական զեկուցողը հենց Ժաննա Անդրեասյանն է եղել։
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, Երեւանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երեւանի ավագանու անդամներ։ Քննարկվել են Երեւանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի ձեւավորման կարգը եւ քարոզարշավին առնչվող հարցեր։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, շատ թեժ է եղել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ գլխավոր թեման եղել է Երեւանի քաղաքապետի ընտրությունները: Բանն այն է, որ իշխանությունը պատրաստվում է ընտրությունների, իսկ կուսակցությունում գրեթե բոլորը գնում են անձակուրդ: Փաշինյանը նիստի ընթացքում ասել է, որ արդեն պետք է պատրաստվել, կազմել ցուցակները: Մեր տեղեկություններով՝ դեռեւս անուններ են շրջանառվում, թե ովքեր պետք է լինեն այդ ցուցակներում, բայց վերջնական հստակեցում չկա: Նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Փամբուխչյանը, բայց քննարկվել է նաեւ տեղակալների հարցը: Նաեւ հարցեր են հնչել քարոզարշավը սկսելու հետ կապված՝ երբ է նախատեսվում սկսել, ովքեր պետք է ներգրավված լինեն աշխատանքներին։ Փաշինյանը պատասխանել է, որ բոլորը, առանց բացառությունների, պետք է ներգարվվեն այդ գործում: Նիստում գլխավոր դերում է եղել նաեւ Տիգրան Ավինյանը, որը նշել է, որ պետք է սկսել աշխատանքի բաշխում անել, եւ բոլորը պետք է իրենց թաղամասերում, վարչական շրջաններում ներգրավվածություն ունենան: Վերջինս նաեւ հավելել է, թե գիտի, որ շատ քիչ ժամանակ է մնացել, բայց գրեթե որեւէ աշխատանք իր սրտով արված չէ, եւ պետք է ամբողջ ներուժը դնել այս գործին եւ համախմբված աշխատել: