Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի ապրիլի 27-ին: Նախարարը հայտարարագիրը ներկայացրել է ուշացումով․ ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 31-ն էր, իսկ նա ներկայացրել է հունիսի 7-ին:
ArmLur.am-ը պարզաբանումների համար կապվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ և պարզվեց, որ նման դեպքերում ոչ մի տույժ և տուգանք չկա սահմանված:
Նախարարը ոչ մի անշարժ գույք չի ներկայացրել, սակայն հայտարարագրել է TOYOTA մակնիշի 2008 թվականի արտադրության մեկ մեքենա, որը ձեռք է բերել 2011 թվականին:
Խաչատրյանի բաժնային արժեթղթերը և այլ ներդրումները կազմել են 500 հազար դրամ, որը նվիրատվություն բաժնեմաս է Վահան Հարությունյանից: Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 4 մլն 580 հազար դրամ և 2 մլն 744 հազար դրամ, որոնք «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» և «Սիմարտեկ» ՓԲԸ-ներից են: Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 060 հազար, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն, 10 հազար եվրո և 30 հազար դոլար:
Նախարարի տարեկան եկամուտները կազմել են 24 մլն 680 հազար դրամ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, որը ներկայացնում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, հենց նույն նախարարությունից ստացել է 18 մլն 024 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, 6 մլն 513 հազար դրամը վարկ է Կոնվերս բանկից, իսկ 142 հազարը «Սիմարտեկ» ՓԲԸ-ից ստացված շահաբաժին է:
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլն 513 հազար դրամ:
Ավելացնենք նաև, որ «Սիմարտեկ» ՓԲԸ-ն տնօրինում է նախարարի հայրը՝ Նորայր Խաչատրյանը, սակայն այս կազմակերպության բաժնետերեր համարվում են Գևորգ Հարությունյանը՝ 50% , և Ռոբերտ Խաչատրյանը՝ 50% բաժնեմասով:
Խաչատրյանը նման եկամուտներ է ներկայացրել, սակայն ոչ մի ծախս չի հայտարարագրել:
Խաչատրայանի հետ նույն հասցեում գրանցված է 6 անձ, որոնք, լինելով նախարարի ընտանիքի անդամներ, հայտարարագիր չեն ներկայացրել:
Էմմա Միքայելյան