ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրի մոտ շարունակվում է համաժողովրդական շարժման խաղաղ ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում շարունակվում է հուլիսի 14-ից մեկնարկած համաժողովրդական շարժման խաղաղ, անժամկետ ակցիան:

Ինչպես տեղեկացնում է Ասկերանի շրջվարչակազմի «Բերդ» պաշտոնաթերթը՝ ակցային ակտիվ մասնակցում է Ասկերանի շրջանի բնակչությունը և մասնակիցների թիվն օրեցօր ավելանում է:

Շարունակաբար իրականացվող խաղաղ ակցիային մասնակցում են շրջվարչակազմի, Ասկերան քաղաքի ղեկավարությունը, տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվներ, համայնքների բնակիչները:

«Ստեփանակերտի օդանավակայանում տեղակայված ՌԴ խաղաղապահներին ներկայացնելով իրենց անհամաձայնությունը՝ կապված 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի որոշ կետերի ոչ լիարժեք կատարման հետ, արցախցին ցանկանում է ասել, որ նա ոտքի է ելել հերոս քաջորդիների կյանքի գնով սրբացած հողը և իր երկրում ազատ ապրելու իրավունքները պաշտպանելու համար։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվող Արցախում վտանգված է 120 հազար մարդու ճակատագիր: Սովամահ լինելու և ցեղասպանվելու վտանգը ոչ ոք իրավունք չունի անտեսել: Մեր երկրի համար ծայրահեղ ծանր այս վիճակում բռունցքվենք ինչպես 88-ին, պայքարենք մեր իրավունքների և մեր հարազատ հողում ապրելու համար: Հուսահատվելու, խուճապի մատնվելու իրավունք չունենք»,-գրում է պաշտոնաթերթը՝ կից ներկայացնելով լուսանկարներ և տեսաուղերձներ՝ ակցիայի վայրից:




Լրահոս