Հայկ Մարությանի հիմնած «Երեվանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկը կարծես թե նույն սաբոտաժն է անում քաղաքային իշխանության հանդեպ, ինչպես «Սանիթեքը»՝ Մարությանի: Համենայնդեպս, մայրաքաղաքը աղբի մեջ ողողված է եւ քաղաքային իշխանությունները փնտրում են մեղավորների:
Իսկ հիմա սկզբից. Երբ 2018-ի սեպտեմբերին Հայկ Մարությանը նշանակվեց քաղաքապետ, Երևանում աղբահանությունը ծայրահեղ վատթարացավ: Քաղաքն աղբի մեջ կորած էր, ճիշտ այնպես, ինչպես այսօր: Մարությանը սկսեց «Սանիթեքից» ազատվելու պրոցես.
«Ես թույլ չեմ տա, որ Երևանն այլևս առնչվի նման խնդրի։ Ես այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, երբևէ այս խնդիրը երևանցիների հետ առնչություն չունենա»,– հպարտ հայտարարում էր Մարությանը։
Ապա խզեց «Սանիթեք» ընկերության հետ ունեցած պայմանագիրը, և ընկերությունը տուգանվեց յուրաքանչյուր չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված կամ թերի մատուցված ծառայության համար 12 մլն դրամի չափով: Իսկ «Սանիթեք» ՍՊԸ-ը հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր, որ ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայմանագրով սահմանված վճարման պարտավորության խախտմամբ: Ընկերությունը պնդում էր, որ Երևանի քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ:
Ապա «Սանիթեք» ՍՊԸ-ն սկսեց միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց: Սակայն այն ժամանակ երբ դեռ պայմանագիրը ուժի մեջ էր, «Սանիթեք» ընկերությունը նախազգուշացրեց, որ մայրաքաղաքի աղբահանության վիճակն ավելի է վատանալու և սկսեց առահասարակ չկատարել պայմանագրային պարտավորություններ՝ քաղաքը թողնելով աղբի մեջ:
Ի վերջո, «Սանիթեք»-ի հետ պայմանագրի խզումից հետո, Մարությանը հիմնեց «Երեվանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկը, որի ղեկավար նշանակեց իր մտերիմ ընկերոջը՝ Արմեն Գրիգորյանին: Նոր հիմնարկի համար բերվեցին բոլորովին նոր մեքենաներ, որոնց մեծ մասը ատկատներով. կամազներ՝ շինթույլտվության դիմաց եւ այդպես պարկը համալրվեց տեխնիկաներով, որով աղբահանության խնդիրները համարեցին վերջնականապես լուծված: Սակայն հիմա, դեռ 4 տարի էլ չի անցել, Հայկ Մարությանի ստեղծած հիմնարկը փաստացի չի աշխատում: «Երեվանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկը, որի ղեկավարը այժմ Բագրատ Աղաջանյանն է, փորձում է քաղաքային իշխանությունների համար պրոբլեմներ սարքել: Ի դեպ, Աղբահանության հիմնարկի նախկին տնօրեն Գրիգորյան Արմենի ձերբակալվելու հիմքերից մեկն էր հանդիսացել այն, որ նա սանմաքրման բաժնում, ապօրինի կերպով գրանցել էր 4 աշխատակիցների, որոնք երբևէ աշխատանքի չէին հաճախել, բայց ստացել էին մոտ 17.000.000 ՀՀ դրամ և Բագրատ Եսայանը այդ ժամանակ հանդիսանում էր աշխատանքի չհաճախող աշխատակիցների անմիջական ղեկավարը, ով նախկինում հափշտակության համար դատապարտված է եղել։
Երևանի անմխիթար վիճակի մասին հնչող հարցերին թե՛ քաղաքային իշխանությունները, և թե՛ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը, պատասխանում են, որ խնդիրը տեխնիկական է, մեքենաները չեն գործում:
«Այս պահին մասնակի խնդիրներ ունենք տեխնիկայի առումով, մատոռներ կան փչացած, որոնց փորձում ենք հնարավորինս արագ լուծում տալ, իսկ թե քանի մեքենա է անսարք, չենք կարող ասել»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցներից մեկը։
Նկատենք, որ սա այն դեպքում, երբ միայն բեռնատար մեքենաների սպասարկման համար մեկ տարում ծախսվել է մոտ 1 մլրդ դրամ («Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է գնումների կայքը, որտեղ նշված է, որ ամեն եռամսյակը մեկ, իսկ որոշ դեպքերում՝ երկու անգամ հատկացվել են 128-միլիոնական դրամներ): Բայց, չնայած ծախսված մոտ 2.5 մլն դոլարին, հիմա ունենք մի ամբողջ հիմնարկ՝ իր խոտանված մեքենաներով: Այս ամենին զուգահեռ, բազմաթիվ աշխատակիցներ ահազանգում են, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանի մեղմ ասած վատ վերաբերմունքի պատճառով (ծեծ, հայհոյանքներ, ստիպողաբար ավելի աշխատացնել եւ չվճարել եւ այլն) ազատման դիմումներ են գրում։ Նույնիսկ կան աշխատակիցներ, որոնք ցանկանում են ազատման դիմումներ գրել, սակայն վախենալով, որ իրենց ծեծի կենթարկեն` ուղղակի աշխատանքի չեն հաճախում։
Փորձեցինք զրուցել Բագրատ Աղաջանյանի հետ, սակայն նա զբաղված էր, խոստացավ զանգահարել, բայց այդպես էլ չզանգեց մեզ: Ու չկարողացանք պարզել, թե այս բոլոր վարկածներից որն է իրականությանը առավել մոտ: Բայց պարզ է, որ այս ամենի արդյունքում կրկին տուժում է Երևանն ու երևանցին: Եւ ստացվում է, որ Երևանի տարբեր իշխանությունների օրոք, Երևանում աղբահանության հարցը պատշաճ կազմակերպել չի հաջողվում:
Անընդհատ խոսվում է տարբեր մեծ ծրագրերի, մետրոյի նոր կայարաններ, ճոպանուղի եւ նավահանգիստներ կառուցելու մասին, բայց Նիկոլ Փաշինյանի թիմին 5 տարուց ավել է չի հաջողվում լուծել տարրական կենցաղային աղբի խնդիրը: 30 աստիճան շոգին երեւանցին գարշահոտ է շնչում:
Մաշա Մելքոնյան