Վերջին զանգը մայրիկին եղել է հոկտեմբերի 16-ին. ով է հերոսացած Դավիթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի՝ հուլիսի 20-ին զինվորական պարտադիր ծառայության մեկնեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս Դավիթ Գեւորգյանը, սակայն 2020 թվականի չարաբաստիկ պատերազմը Դավիթին հերոսացրեց:
Դավիթն՝ իր բնավորությամբ շատ կենսուրախ, հումորով, բայց միաժամանակ շատ լուրջ եւ հավաշարակշռված երիտասարդ էր:

«Երբ զորակոչվելուց առաջ շրջապատում հարցնում էին՝ տան միակ զավակն ես, հնարավոր չէ՞ր մի բան անել, որ ծառայության չմեկնես, պատասխանում էր՝ իսկ ո՞վ պիտի իմ փոխարեն ծառայի»,-ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթի մայրը՝ Ալիսա Գեւորգյանը:

Պատերազմի օրերին մոր հետ հեռախոսային կարճ զանգերի ընթացքում Դավիթը վստահեցնում էր՝ ամեն ինչ նորմալ է։ Միայն մեկ անգամ Դավիթը հարցրել էր, մա՛մ, այդտեղ, այսինքն Երևանում, ինչ-որ բան անում ե՞ն։

«Ես միայն հարցից հասկացա, թե ինչ իրավիճակ է Արցախում, ու որդուս չկոտրելու համար ասացի՝ հա՛, Դավ ջան, արվում է, ինչ հնարավոր է։ Իսկ թե իրականում ինչ էր արվում Երևանում, իմանալու էինք միայն պատերազմից հետո, որովհետև պատերազմի օրերին ընդամենը հետևում էինք, թե ինչպես է թիկունքում «հաղթում» Արծրունն ու սուրճ վայելում Արայիկ Հարությունյանը»,-ասում է Դավիթի մայրը։

Նշենք, որ Դավիթը տանկի նշանառու էր, կռվել է Վարանդայի շրջանում, արժանացել Արիության մեդալի։ Վերջին զանգը մայրիկին եղել է հոկտեմբերի 16-ին։

Քնար Մանուկյան




Լրահոս