Մարզպետի հովանավորյալը ճնշել է թեկնածուին.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրում է`

Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է: «Ժողովուրդ» -ի խմբագրություն ահազանգած բնակիչները հայտնեցին, որ մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թեկնածուների համախոհների  միջև ծեծուջարդ է եղել, և վերջին օրերին գյուղը վախի մեջ է ապրում:

Տեղեկացնենք, որ գյուղապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու. գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Ռեմ Հովհաննիսյանը և անկուսակցական Աշոտ Մարգարյանը: Ըստ բնակիչների` գործող գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանը մշտապես այնպես է արել, որ իրենից բացի ոչ ոք համարձակություն չունենա իր թեկնածությունն առաջադրի. «2000թվականից գյուղապետ է ու միշտ հայտարարել է, թե իր մեջքն ու թիկունքը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է և ինքն եղել է ու կմնա Արտավազի գյուղապետ»:

Սակայն այս տարի անկուսակցական Աշոտ Մարգարյանը որոշել է խախտել «ավանդույթը» և առաջադրել է թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում: Այս հանդգնությունը հանգեցրել է գյուղամիջյան լարվածության: Ըստ բնակիչների՝ գյուղացիներից մեկը՝ Վարուժանը, ով գործող գյուղապետի թիմակիցներից է, հանդիպել է մյուս թեկնածու Աշոտ Մարգարյանի հորը` 60-ամյա Քաջիկ Մարգարյանին, և ծեծի ենթարկել նրան՝ ասելով. «Որդուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»: Մեզ ահազանգած բնակիչը պատմեց, որ սարսափելի հայհոյանքներ են հնչել այդ օրը, մատ են թափ տվել միմյանց, սպառնալիքներ հնչեցրել այնաստիճան, որ գործին խառնվել են ոստիկանները: «Ով պետք է գործող գյուղապետի մարդկանց կարգի հրավիրի: Օգնեք, թույլ մի տվեք, որ մեր գյուղը վերածեն բանդայի ու մարդկանց էլ վախի մթնոլորտում պահեն»,-դժգհեց «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին:

Եվ այսպես՝ կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արտավազ համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանի հետ: Նրա խոսքով` կատարված միջադեպը ո՛չ իր, և ո՛չ էլ առաջիկայում կայանալիք ընտրությունների հետ որևէ առնչություն չունի. «Դեպքը տեղի  է ունեցել 10 օր առաջ: Աշոտի հայրն ու Վարուժան անունով մեկը երևի վաղուցվա կռիվ են ունեցել և քաշքշել են իրար: Հետո, երբ ես իմացա կատարվածի մասին, ասացի՝ գնացեք բարիշեք, ամոթ չէ՞ սա կապում եք ընտրության հետ: Մի խոսքով, աբսուրդ բան է: Հիմա միգուցե իրենց ձեռ է տալիս դա բերել կապել ընտրության հետ, քանի որ գյուղում հիմնականում ապրում են տեղացի փախստականները ու դիվիդենտ են հավաքում հայտարարելով, թե տեսեք՝ տեղացիների գլխին ինչեր են անում»,- ասաց համայնքի ղեկավարը` տեղեկացնելով, թե կատարվածից հետո իրեն ևս ոստիկանություն են հրավիրել:

Թե կոնկրետ ինչն է եղել իր հակառակորդ թեկնածուի և գյուղի բնակիչ Վարուժանի վեճի պատճառը՝ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ տեղյակ չէ: Ըստ նրա՝ իրեն լուրեր են հասել, թե Աշոտ Մարգարյանի հայրը` Քաջիկը, և Վարուժանը մտերիմ հարաբերությունների մեջ են եղել. «Ես ինչ իմանամ, կարող է այս ամենը պայմանավորվել, սարքել են իմ գլխին»:

Արդյոք ճիշտ է ասում գործող համայնքապետը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել մյուս  թեկնածուից՝ Աշոտ Մարգարյանից: Ըստ նրա` իր հայրիկին չպետք է խառնեին այս գործին: «Նախ՝ պետք է ասեմ, որ իմ հորը չի ծեծել Վարուժը, այլ՝ իմ հոր վրա հարձակվել են գործող գյուղապետի կողքը կանգնած, իր համար աշխատող մարդիկ, ու այնտեղ է եղել գյուղի ավագանու անդամը, որը գյուղապետի հորեղբոր տղան է, իսկ Վարուժը գյուղապետ` Ռեմ Հովհաննիսյանի վստահված անձը պետք է լիներ: Իսկ հորս վերնաշապիկին կաթած արյան համար ինձ են պատասխան տալու: Նրան խփել են՝ ասելով, թե տղուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»,- ասաց Աշոտ Մարգարյանը՝ նշելով, որ վախենալու բան չունի, քանի որ խոսքն իր հորն է վերաբերվում:

Ուշագրավն այն է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չհերքեց, թե կանգնած է գործող գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանի «մեջքին»: Սակայն, վստահեցրեց, որ գյուղում վախի մթնոլորտ չկա և ինքն էլ շահագրգռված չէ, որ ՀՀԿ թեկնածուից բացի այլ մարդ առաջադրվի: «Ես բավականին ժողովրդավար մարդ եմ, որ այդպես չլիներ, ո՞նց կարող էր երկրորդ թեկնածու լիներ»,-շարունակեց մարզպետը:

«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից պարզեց, որ մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հետաքննություն  է կատարվում:

Ուշագրավն այն է, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ համայնքի ոստիկանները փորձել են թաքցնել ծեծի միջադեպը՝ հավանաբար մարզպետի վրա վստահ լինելով, որ «հարցերը կկարգավորի»: Սակայն կատարվածի մասին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն իմացել են, ուստի չի բացառվում՝ համակարգից որոշ անձանց հեռացումներ լինեն:




Լրահոս