Վտանգված է մեր ֆիզիկական գոյությունը. ԼՂ ԱԺ նախագահի ուղերձը՝ ՄԱԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին:

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Արցախի Հանրապետությունում ապրող ժողովրդի հիմնական մեղքն այն է, որ մենք անմեղ ենք:

Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել հավասարը՝ հավասարի սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով:

Մի առիթով Արցախի Հանրապետության նախագահներից մեկն ասել է. «Բանտը մարդու համար է»: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի հունիսի 15-ը մենք գտնվում էինք այդ բանտում, 2023 թվականի հունիսի 15-ից մինչև այս պահը՝ համակենտրոնացման ճամբարում: Սա մարդու համար չէ:

Համաշխարհային պատմության մեջ ունենք ֆաշիստական Գերմանիայի օրինակը, որի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտվել են ողջամիտ աշխարհի կողմից:

Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի ու գոյութենաբանական խնդրի առջև: Վտանգված է մեր ֆիզիկական գոյությունը, կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը:

Հայի այս տեսակը՝ խաղաղասեր, աշխատասեր ժողովուրդ է, որ միշտ իր կյանքը կառուցել է քրտնաջան աշխատանքով, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների մղումով:

Միայն քաղաքական լուծումները կարող են խաղաղություն բերել տարածաշրջան: Անհապաղ միջոցներ ձեռնարկեք, մենք հավատում ենք ձեզ»:




Լրահոս