ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Արթուր Հովսեփյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բաժնի պետ լինելուց հետո քայլում է այնտեղ, որտեղ Արայիկ Հարությունյանն է։ Սկզբում ԿԳՄՍ նախարարի խորհրդական էր, հետո գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար, ապա 2021 թվականից, երբ Հարությունյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հովսեփյանը նշանակվեց աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Հովսեփյանը, թեև հեղափոխությունից առաջ էլ աշխատում էր Ֆինանսների նախարարությունում, այնուամենայնիվ 2019 թվականին ձեռք է բերել մեկ բնակարան և մեկ ավտոկայանատեղի Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Հովսեփյանը հայտարարագրել է մեկ մեքենա 2014 թվականի արտադրության Nissan մակնիշի, որ ձեռք է բերել 2017 թվականին։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 190 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները 400 հազար դրամ։
Հովսեփյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 597 հազար դրամ, որից 15 մլն 459 հազարը աշխատանքի վարձատրություն է վարչապետի աշխատակազմից։
Արթուր Հովսեփյանը ձեռք է բերել հիպոտեկով բնակարան 23 մլն արժողությամբ Արաբկիր վարչական շրջանում։ Ըստ այդմ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն՝ եկամտահարկի վերադարձի օրենքի շնորհիվ։
Հովսեփյանը ծախսեր բաժնում նշել է միայն վարկի մարմանն ուղված ծախսեր՝ 4 մլն դրամ։
Արթուր Հովսեփյանի կինը՝ Աննա Ստեփանյանը, 2016 և 2018 թվականներին ձեռք է բերել բնակարան մեկը Ավան, մյուսը՝ Կենտրոն վարչական շրջաններում։ Բնակարանները համատեղ սեփականությամբ են, սակայն դրանց սեփականատեր չի համարվում Արթուր Հովսեփյանը։
Կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 773 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 1մլն 200 հազար դրամ։
Կնոջ տարեկան եկամուտները կազմել են 33 մլն 201 հազար դրամ, որից 4 մլն 296 հազար դրամը ՀՀ Ֆինանսների նախարարությունից է, և կրկին եկամտահարկի վերադարձի օրենքով։ Հիպոտեկով ձեռք բերված բնակարանն արժե 49 մլն 741 հազար դրամ․ բնակարանը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում։
Հովսեփյանի կնոջ եկամուտները կազմել են 33 մլն 201 հազար դրամ, որից 28 մլն 905 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Սիներջի Սիսթեմս» ՍՊԸ-ից, ըստ ամուսնու հայտարարարագրի՝ Աննա Ստեփանյանը «Սիներջի ինթերնեյշնլ սիսթըմզ» ընկերության հայկական մասնաճյուղի տնօրենն է։
Էմմա Միքայելյան