Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը հայտնում է, որ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին եռակողմ պայմանավորվածությունների կատարման ակտիվացումը։

Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային ուղիները, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը։




Լրահոս