ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարմանալի բաներ են կատարվում մեր երկրի արդարադատության եւ դրան առնչվող համակարգերում: Ստեղծվում է արդարադատության ակադեմիա, որը պետք է միավորի դատավորների դպրոցը եւ դատախազության ուսումնական կենտրոնը: Այդ գաղափարի հեղինակն արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն է:
Սակայն այս նախաձեռնությունն ամենեւին էլ չի ոգեւորել դատական համակարգի ղեկավարին` Ա.Մկրտումյանին, ում դիմադրությունը կոտրել եւ խաղից դուրս են թողել գլխավոր դատախազի օգնությամբ: Նույն մեխանիզմով Գեւորգ Դանիելյանը կարողացավ անցկացնել դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը: ՀՀ նախագահի կողմից հրամանագրով հաստատված հայեցակարգի պայմաններում դատական համակարգի ղեկավարը կրկին խաղից դուրս վիճակում հայտնվեց: Իսկ այս «բարեփոխումը» եւս այդ հայեցակարգի դրույթներից է, սակայն գլխավոր դատախազի նախկին տեղակալ եւ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի փոխարինումը Հրայր Թովմասյանով խառնել է գլխավոր դատախազի խաղաքարտերը, որը,  ըստ նախնական սցենարի, պետք է լիներ հիմնական դերակատարը, ինչին, սակայն,  չի համաձայնել արդարադատության ներկայիս նախարարը՝ գլխավոր դերն իրեն վերապահելով:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում, եւ ինչի՞ համար են պայքարում հսկաները:
Արդարադատության ակադեմիա ստեղծելու միջոցով արդարադատության համակարգի արդյունավետության մասին հիմնավորումներն իրականում ֆիկցիա են եւ ընդամենը նպատակ են հետապնդում վերահսկողություն սահմանել դատական դպրոցի նկատմամբ, որի հիմնավորումը հետեւյալն է:
Դատական դպրոցի ստեղծումը պայմանավորված է ՀՀ դատական օրենսգրքի ընդունմամբ, որով նախատեսված է դատավորների պիտանելիության ցուցակի կազմման կարգը:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում դատախազների պիտանելիության ցուցակում ընդգրկվելու համար դատախազական դպրոցի կամ արդարադատության ակադեմիայի ավարտական վկայական:
Մինչ արդարադատության ակադեմիայի ստեղծումը, դատավորներն ու դատախազները վերապատրաստվել են համապատասխանաբար դատական դպրոցում եւ դատախազության ուսումնական կենտրոնում` հրավիրված դասախոսների կողմից:
Արդարադատության ակադեմիայի ստեղծմամբ պարզ է դառնում, որ արդարադատության նախկին  նախարարի միջոցով դատախազությունը հաջող օպերացիա իրականացրեց` նպատակ ունենալով դատական դպրոցի վկայական տալ եւ դատավորների պիտանելիության ցուցակում տեսնել հավատարիմ մարդկանց:
Իսկ թե ինչու են պետք հավատարիմ դատավորներ, երեւի թե գուշակել պետք չէ, քանի որ հավատարիմ ու նվիրված, իսկ դատավոր դառնալու համար նաեւ դատախազական համակարգին պարտական դատավորը հեշտությամբ է մոռանում տրված երդումը եւ իրականացնում հավատարմության կատեգորիային համապատասխան «արդարադատություն»:
Արդարադատության նախարար Հ.Թովմասյանն էլ է հետաքրքիր մարդ: Փոխանակ նախկին նախարարի նախաձեռնությունը չեղյալ աներ եւ ուժեղացներ դատական դպրոցը, նա եւս զերծ չմնաց գայթակղությունից եւ դատավորներ «ունենալու» առումով արտաքուստ լուրջ, իսկ իրականում ծիծաղելի հիմնավորումներով փորձում է լրացուցիչ ազդեցություն ձեռք բերել դատավորների վրա: Երեւի իսկապես գայթակղիչ բան է սեփական դատավոր ունենալը: Ոնց ուզես, այնպես էլ կլինի:
Հիմա գխավոր դատախազը ստիպված է ամեն ինչ անել, որ Արման Մկրտումյանն ու Դավիթ Ավետիսյանը երկար պաշտոնավարեն, հակառակ դեպքում բացառված չէ, որ պետք եղած ժամանակ դատարանները երբեմն կարող են օրենքով աշխատել, իսկ մրցակցային դատավարության դեպքում երբեմն էլ փաստաբանները կարող են հաղթել:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ




Լրահոս