«Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ, որ Երեւանի թիվ 149 միջնակարգ դպրոցում անտանելի ցուրտ է, ինչի պատճառով աշակերտները դասի չեն հաճախում: Իսկ դպրոցի տնօրենն էլ հայտարարում է, որ ինքը ջերմաչափով հետեւում է դպրոցի ջերմությանը, եւ ամեն ինչ շատ լավ է:
Մեզ զանգահարած աշակերտների ծնողները պատմեցին, որ դպրոցում ահավոր ցուրտ է, չկա որեւէ պայման` դասերն անցկացնելու համար: Աշակերտները բազմիցս բողոքել են թե՛ ուսուցիչներին, թե՛ տնօրենին, բայց ապարդյուն: Ծնողների պնդմամբ` դպրոցի տնօրեն Գայանե Գալստյանը ջերմաչափը կախել է մի սենյակում, որտեղ ավելի տաք է, եւ բոլորին համոզում է, որ ջեռուցման կարիք չկա:
Ի դեպ, ծնողները ցանկություն են հայտնում, որ մի օր այդ դպրոց այցելի ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ իր աչքերով տեսնի, թե իրենց երեխաներն ինչ պայմաններում են կրթություն ստանում:
«Ժողովուրդ»-ը եղավ թիվ 149 ավագ դպրոցում, որն իսկապես անմխիթար պայմաններ ունի: Պարզ երեւում է, որ այն վաղուց չի վերանորոգվել, ունի թե՛ ջեռուցման, թե՛ վերանորոգման խնդիրներ: Դասարաններում եւս նորմալ պայմաններ չկան, մի խոսքով` «Նոյի թիվ» ասվածն այս դպրոցի համար է:
Դասի ժամին դպրոցի բակում հանդիպեցինք աշակերտների, որոնք նշեցին, թե դուրս են եկել` «արեւի», քանի որ ներսում սառում են: «Ոտերս, ձեռներս նենց ա սառել, որ դուրս ենք գալիս, դրսում ենք կանգնում: Բա ավելի լավ չի՞ դրսում կանգնենք, քան էնտեղ սառենք: Դե հիմա գնացե՛ք, 45 րոպե նստե՛ք, կտեսնեք` ինչ ցուրտ ա: Մենք տնօրենին չենք ասել, որովհետեւ ինքը կասի` համբերեք կամ ծնող կկանչի, մենք էլ ձեն չենք հանում: Մենք երեկ ուզում էինք փախնել դասից էդ ցրտի պատճառով, բայց չկարողացանք, դուռը փակած էր»,-խոստովանեց ավագ դպրոցում սովորող Վարուժանը:
Տղաները նշեցին, որ մի փոքր ներքեւ 132 դպրոցն է, որն ավելի բարվոք վիճակում է գտնվում, եւ հավելեցին, որ այդ դպրոցի տնօրենն իրենց տնօրենի ամուսինն է` Լեւոն Դանիելյանը: Զրուցեցինք նաեւ թիվ 149 ավագ դպրոցի ուսմասվար Գյուլնարա Զարգարյանի հետ, ով ասաց, որ դպրոցն իսկապես չի ջեռուցվում, եւ դա իրենց մեղքը չէ. «Սլավոնականի վարժարանի ու մեր դպրոցի կաթսայատունը նույնն է, իրենք են մեզ ջեռուցում տալիս, մերն ընդհանուր է, բայց միշտ 15-ից ենք ջեռուցել»:
Թիվ 149 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Գալստյանը մեր այցելության պահին դասի էր: Ավելի ուշ մեզ հետ զրույցում նա ասաց. «Կաթսայատունը գազի միացման հետ կապված խնդիրներ ունի, խոստացել են` այսօր գան, փորձարկում անեն: Չնայած մենք միշտ նայում ենք ջերմաստիճանին: Կաթսայատունը մերը չէ, համալսարանինն է, ես երեկ խոսել եմ իրենց տնտեսական գծով պատասխանատուի հետ, նա ասաց, որ հրավիրել են մասնագետներ` նախ գազը միացնելու, ապա համակարգը վերափորձարկելու համար: Ես չեմ կարող ասել` այս պահին կաթսայատունը պատրա՞ստ է, թե՞ չէ. դա մեր հաշվեկշռում չէ»:
Տիկին Գալստյանը նշեց, որ իսկապես դպրոցում լավ պայմաններ չկան, եւ իրենք անընդհատ նամակ են գրում նախարարին եւ տեղեկացնում դպրոցում առկա խնդիրների մասին. «Մեր ուժերով ընթերցասրահն ենք այս տարի վերանորոգել, բայց դե դպրոցն իր ուժերով չի կարող ամբողջությամբ վերանորոգել»:
Իսկ այն դիտարկմանը, թե ծնողները պնդում են, որ տաք սենյակում գտնվող ջերմաչափին նայելով` տնօրենն ասում է, որ ամեն ինչ նորմալ է, հակադարձեց. «Ես եմ ասե՞լ, ինձ որեւէ մեկը հարցում չի արել, որ ես պատասխանեմ: Ջերմաչափը դասարաններում կա, բայց եթե չի ջեռուցվում, ո՞նց կտաքանա: Աշակերտներն էլ իրենց մեղքն ունեն, շատ բարակ են հագնում, ինչո՞ւ ծնողները չեն հետեւում նաեւ իրենց երեխաների հագուստին»:
Ի վերջո, փաստ է այն, որ Երեւանում կան այսպիսի կիսավեր վիճակում գտնվող դպրոցներ, որոնց մասին պաշտոնյաները երբեք չեն խոսում:
ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՑՐՏԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ