Այսօր՝ ժամը 20։00-ին, նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։
Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել հայ հայտնիներից նրանց հետ, ովքեր ծնունդով Արցախից են՝ պարզելու համար, թե արդյոք այսօր մասնակցելո՞ւ են Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, թե՞ ոչ:
Այսպիսով՝ ծնունդով արցախցի երգիչ Արսեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին հարմար չէ իրեն խոսել, Գրիգոր Կոկչյանը նշեց, որ դեռ չգիտի կմասնակցի այսօր կայանալիք հանրահավաքին, թե ոչ, իսկ Վարդան Բադալյանն էլ ասաց, որ հարմար չէ, չի կարող խոսել:
Նկատենք, որ արցախցի հայտնի երգիչներից Անդրեն եւ Ռազմիկ Ամյանն իրենց սոցիալական ցանցերում որևէ ձևով չեն անդրադարձել այս ամենին: Սա այն դեպքում, որ իրենց հայտարարությամբ կարող էին իրենց մեծ լսարանին ուղորդել Ազատության և Վերածննդի հրապարակներ:
Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախը հայտարարել է աղետի գոտի ու արդեն մի քանի օր է հորդորում են հանրությանը ոտքի կանգնել, քանի որ Արցախը օրհասական վիճակում է:
Լիդա Եղիազարյան