ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել համաժողովրդական շարժման հանրահավաք: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը  զրուցել է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ՝  պարզելու համար, թե ինչ է կատարվում  այնտեղ:

 

-Ես չեմ կարող ասել, որովհեւտեւ ես ավելի շատ անուններ եմ լսում, քան գործողություններ եմ տեսնում: Ըստ իս՝ համաժողովրդական շարժման սահմանում  հստակ բան է, որ եթե շարժում է տեղի ունենում, եւ այն համաժողովրդական է, պետք է ծրագիր ունենա, պետք է օրակարգ ունենա, պիտի ինչ-որ կարգ ու սցենար ունենա: Մասնակիցները պետք է տեղեկացված լինեն՝ ինչի համար են անում այդ ամենը  կամ ինչ արդյունք են ակնկալում:

-Այսինքն՝ օրակարգ չկա՞:

-Ոչ , որովհետեւ երեկվանից փորձում ենք նախ դա ճշտել եւ ապա նշված մտահոգիչ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունն ունի նախագահ, ռազմական դրության ժամանակ՝  գերագույն գլխավոր հրամանատար, որը մենք այդպես էլ չզգացինք, չտեսանք, եւ սա մտահոգություն է առաջացնում, եւ ինչ-որ անհասկանալի հայտարարությունները բացարձակ չընկալվող ու չընդունվող առ այն, որ սրանք քաղաքական պրոցեսներ չեն: Գիտեք եւ՛ իմ, ե՛ւ շատ այլ անձանց համար սա շատ անլուրջ է, որովհետեւ բոլորս ենք գիտակցում, չէ՞, որ այն վիճակում, որում մենք ենք գտնվում, չի կարող բարվոք քաղաքականության արդյունք լինել: Եվ հիմա առանց քաղաքականություն վարելու ինչ-որ գործողություններ անելը, բնականաբար, չի կարող արդյունավետ լինել կամ ընդհանրապես որեւէ հետեւանք ունենալ: Դրա համար իրենք կարծես մթության մեջ որոշել են, թե ժողովրդին ինչ ուղղությամբ տանեն, ոնց տանեն. դա անում են, բայց ես վստահ եմ, որ ժողովրդի մեծ մասը կամ ընդհանրապես բոլորը տեղյակ չեն, թե ինչ նպատակ է այդ ամենը հետապնդում:

-Դուք մասնակցու՞մ եք նախաձեռնությանը:

-Բնականաբար, ակցիայի կոչին արձագանքել ենք ու եղել այնտեղ, որոհետեւ չես կարող զերծ մնալ, քանի որ դու ժողովրդի մասնիկ ես, բայց ակցիայի ժամանակ արտահայտած մտքերը մտահոգիչ էին, որ, ըստ էության, ներկայիս իշխանությունների նկատմամբ որեւէ պահանջ չկար: Կարծես միայն հայտարարություն էր, որ իշխանություններն այլեւս որեւէ դերակատարություն չունեն եւ ընդամենը խնդրում, աղաչում են անհասցե կամ միջազգային հարթակների փրկելու մեզ, որը, ամեն դեպքում, կարծում եմ՝ մեզ հարիր չէր: Մենք չտեսանք նաեւ, օրինակ, հստակ պահանջ հայաստանյան իշխանություններից, որ, ենթադրենք, վաղը Հայաստանի վարչապետը պետք է հանդիպում ունենա, այսինքն՝ բանակցային գործընթացի մասին է խոսքը: Հստակ նման մեսիջ չկար:

Տարօրինակ էր ամենը, ինչ տեղի էր ունենում, չնայած որ սրա անհրաժեշտությունը կար: Ժողովուրդն այլեւս չէր կարող նստել իրենց տներում:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

 

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՄԻԱՆՈՒՄ Է

««Ժառանգություն» կուսակցությունը՝ որպես հայ ժողովրդի հավատարիմ մասնիկ, որոշել է քաղաքացիական եւ կամավորական ամենօրյա գործունեությունից զատ, իր համար բացառիկ՝ կուսակցական-հրապարակային հայտարարությամբ ողջունել Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած համաժողովրդական շարժումը»,- հայտարարություն է տարածել «Ժառանգություն»-ը:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Ժառանգությունը» ընդունում է շարժման էությունն ու բովանդակությունը, ժամանակի ընտրությունն ու ընթացակարգի հրամայականը եւ իր ողջ կարողականությունը՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, վերլուծական եւ մարդկային, ի սպաս է դնում այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացված համազգային գործընթացին։

«Ժառանգությունը» միանում է»։

Նշենք, որ Արցախում երեկ՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ էին հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում էր նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:

Հանրահավաքի մասնակիցները երթով գնացել են ԿԽՄԿ գրասենյակ եւ ռուս խաղաղապահների նստավայր: Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

 

 

 

Ո՞ՐՆ Է ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ

Արդեն մեկ ամիս է, որ, բառիս բուն իմաստով, Արցախը ուղղություն է վերցրել դեպի խորը ճգնաժամ, որը ոչ միայն ունի ընդգծված քաղաքական բնույթ, այլեւ Արցախում սովամահության տանելու գործընթաց է. այս մասին հուլիսի 14-ի՝ Երեւանում ԵՄ գրասենյակի դիմաց ՀՀԿ-ականների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ժամանակը, պատմությունը ցույց է տվել, որ Արցախը որեւէ պայմաններում ադրբեջանցիների հետ մեկ ընդհանուր պետության կազմում ապրելու հնարավորություն չունի:

Ստեղծվել է իրավիճակ, երբ Ադրբեջանը հայտարարում է, թե, իբր, արցախցիներն իր քաղաքացիներն են, բայց այդ նույն Ադրբեջանն էթնիկ զտումների եւ արցախցիներին սովամահ անելու քաղաքականություն է վարում։ Երբ մենք գալիս ենք կոչերով եւ հորդորներով դիմելու միջազգային տարբեր ներկայացուցչություններին, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք գիտակցում, որ այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն եւ գլխավոր սպառնալիքը հայաստանյան իշխանությունն է, այդ պռոբլեմն ունի կոնկրետ անուն. դա Նիկոլ Փաշինյանն է», – հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՉԿԱ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը հայտնեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների համար հստակ հաստատված ժամանակացույց դեռ չկա: Ըստ նախնական եւ ոչ հաստատված տեղեկության՝ ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը: Կանխատեսվում է նաեւ երեքշաբթի ԿԸՀ նիստ գումարել եւ հաստատել ավագանու ընտրությունների ժամանակացույցը:

«Մենք երեւի այսօր կստանանք կառավարության համապատասխան որոշումը: Որոշումը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, երեքշաբթի կկայանա նիստ, որից հետո կհաստատվի ընտրությունների ժամանակացույցը»,- ասաց Ղուկասյանը:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԶՈՒ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանի գործով եւ գործն ուղարկել է դատարան։ Նշենք, որ գեներալ-մայորն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է։

Դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու եւ դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաեւ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու եւ կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռեւս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որեւէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Արդյունքում ՀՀ զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետեւանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին եւ Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետեւանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել եւ մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։

Հսկող դատախազի որոշմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):

Հետաքրքիր է, որ ադրբեջանական ԶՈՒ հարձակումը չկանխելուց հետո Արայիկ Հարությունյանը նույնիսկ պաշտոնի բարձրացում է ստացել՝ կարճ ժամանակով նշանակվելով  հետախուզության վարչության պետ, սակայն հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։ Իսկ ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի օրերին, վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ՝ ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին, ի թիվս մի քանի այլ բարձրաստիճան զինվորականների, շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Հիմա նա կալանավորված է, իսկ գործը՝ դատարանում: Այսինքն՝ պետությունը չունի հստակ դիրքորոշում այս սպայի նկատմամբ. մե՛կ պարգեւատրում է, մե՛կ մեղադրում:

 

 




Լրահոս