ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՃԳՆԱԺԱՄՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը եւ կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները եւ ահաբեկչությունը։

 

Նախագահ Հարությունյանը, ներկայանալով, նախ, որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ, Արցախի իշխանության եւ ժողովրդի անունից այս հրատապ դիմումով ահազանգել է  միջազգային հանրությանը Արցախում ձեւավորված ու խորացող անվտանգային ու հումանիտար ճգնաժամի մասին, որն արագորեն վերածվում է աղետի: Հարությունյանի խոսքով՝ այս վիճակը ձեւավորվել է Ադրբեջանի կողմից իրականացված հետեւյալ հանցավոր գործողությունների հետեւանքով.

«2022 թ. դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակման հետեւանքով Արցախի շուրջ 120,000 բնակչությունը հայտնվել է շրջափակման մեջ: Բացի դրանից, Արցախի Հանրապետության շուրջ 30,000 քաղաքացիներ զրկվել են հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման հնարավորությունից:

Այդ ժամանակվանից մարդկանց ու բեռների հումանիտար տեղաշարժը Լաչինի միջանցքով տեղի է ունենում բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալով ու որոշակի պարբերական խափանումներով, իսկ Արցախի քաղաքացիների մեքենաների տեղաշարժը լրիվությամբ արգելված է:

2023 թ. հունվարի 9-ից Ադրբեջանը խափանել է Հայաստան-Արցախ բարձրավոլտ միակ գծով էլեկտրամատակարարումը՝ այս 185 օրվա ընթացքում անընդմեջ կերպով հարուցելով Արցախում էներգետիկ ու հումանիտար լրջագույն խնդիրների, էլեկտրամատակարարման ամենօրյա վեցժամյա հովհարային անջատումների, էլեկտրականության սպառման ծավալների 48% նվազման եւ էլեկտրաէներգիայի արտադրության ու մատակարարման տեղական համակարգերի հյուծման: Իսկ, ահա, 2022 թ. դեկտեմբերի 13-ից՝ պարբերաբար, իսկ մարտի 21-ից գրեթե անընդմեջ կերպով Ադրբեջանը խափանել է Հայաստանից Արցախ միակ գազամատակարարումը (հանրագումարային 148 օր շարունակ)՝ դրանով խորացնելով էներգետիկ ու հումանիտար ճգնաժամը:

Հատկապես հունիսի 15-ից բոլոր հումանիտար մատակարարումների կասեցման եւ բացառապես ներքին պաշարների օգտագործման հետեւանքով օրեցօր սրվում է հումանիտար վիճակը:

Առկա է սննդի վատթարացող սղություն, եւ դա՝ այն դեպքում, որ շրջափակումից առաջ օգտագործվող բոլոր պարենատեսակների շուրջ 90 տոկոսը ներկրվում էր Հայաստանից:

Վառելիքի եւ անհրաժեշտ այլ միջոցների խորացող սղության պատճառով չի իրականացվել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների շուրջ 70 տոկոսը, իսկ տնտեսության այլ ճյուղերում՝ ավելին:

Դեղորայքի, բժշկական ու հիգիենայի պարագաների աճող պակասը եւ բուժառուներին Հայաստան տեղափոխելու արգելքը ահագնացող վտանգներ են հարուցում մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ:

Էլեկտրամատակարարման ամենօրյա անջատումների ու վառելիքի սղության պայմաններում մեծ դժվարությամբ ու խափանումներով են գործում բժշկական սարքավորումները՝ հանգեցնելով մատուցվող ծառայությունների ծավալների ու որակի լրացուցիչ նվազման:

Անհրաժեշտ մթերքների եւ վիտամինների պակասի պատճառով առաջին հերթին մոտ 2,000 հղիները եւ շուրջ 30,000 երեխաները ստիպված են գոյատեւել թերսնման պայմաններում:

Շրջափակման եւ էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների խափանման պատճառով շուրջ 12,000 անձ դարձել է գործազուրկ ու զրկվել եկամտի աղբյուրից, ինչը մասնավոր հատվածում փաստացի աշխատող անձանց ավելի քան 60 տոկոսն է:

Նշված եւ բազմաթիվ այլ անվտանգային ու հումանիտար հիմնախնդիրներն ահագնացող սպառնալիքներ են ներկայացնում Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության համար: Առկա իրավիճակը պայթյունավտանգ է եւ հղի շատ կարճ ժամկետում վերածվելու իրական աղետի ոչ միայն Արցախի ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:

Նման պայմաններում ցավով արձանագրում ենք, որ Ադրբեջանը հանցավոր դիտավորությամբ չի կատարում եւ շարունակաբար ոտնահարում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի հրամանները, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների ու բազմաթիվ պետությունների պահանջներն ու հորդորները: Ավելին՝ միջազգային անպատժելիությամբ խրախուսված Ադրբեջանը հետեւողականորեն զարգացրել է իր ագրեսիվ ու հանցավոր գործողությունները»:

 

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան:

 

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է դատախազության հանրային կապերի բաժնից:

Զինվորական դատախազը ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ շրջել է հավաքակայանում, ծանոթացել ամառային զորակոչի ընթացքին, իրականացվող աշխատանքներին եւ ծառայության վայրերի վիճակահանությանը:

Հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է նորակոչիկներին, լսել նրանց հետաքրքրող հարցերը:

Գրիգոր Էլիզբարյանը հետեւել է նաեւ հավաքակայանում ստեղծված բժշկակական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բուժզննում անցնող նորակոչիկների եւ բուժանձնակազմի հետ, լսել հանձնաժողովի անդամների առաջարկները:

Զինվորական դատախազ Էլիզբարյանը հանդիպել է նաեւ ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանի անձնակազմի հետ, քննարկել զորակոչին վերաբերող կազմակերպական մի շարք հարցեր:

 

 

 

 

ԱԱԾ ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ԾՆՈՂՆԵՐԸ

2023թ. հուլիսի 13-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա. Աբազյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին, բացի հանձնաժողովի անդամներից, ներկա են եղել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, անհայտ կորած անձանց ընտանիքների շահերը ներկայացնող մի խումբ ծնողներ եւ հարազատներ:

Նիստի ընթացքում հանձնաժողովը հավանություն է տվել Անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց, գերիների վերաբերյալ հայեցակարգին, քննարկվել են անհայտ կորելու հանգամանքների շուրջ տարվող քննության արդյունքները, տուժողների, ինչպես նաեւ ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ տարվող աշխատանքները:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաեւ պատասխանել ծնողների, հարազատների կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերել են բռնի անհետացած անձանց ճակատագրին, միջազգային ատյաններում նրանց դեպքերը պատշաճ ներկայացնելու կարեւորությանը, կատարվելիք աշխատանքներին, անհայտ կորելու հանգամանքների շուրջ ՀՀ քննչական կոմիտեի կողմից կատարվող քննությանը, ծնողների ներգրավվածությանը գործընթացին, ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ կապված խնդիրներին:

Առանձին հարցեր հանգամանալից քննարկելու նպատակով նիստի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հանձնաժողովի առանձին անդամների եւ ծնողների խմբի միջեւ աշխատանքային կարգով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ, որոնց արդյունքները պետք է ներկայացվեն հանձնաժողովին:




Լրահոս