ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւոր բարեփոխում որակեց թատրոնների ու համերգասրահների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը: Մեր տեղեկություններով՝ վարչապետը նաեւ պարզաբանեց, թե ինչ է այն իրենից ենթադրում։

 

«Մոտավորապես, իրավիճակը հետեւյալն է. պետությունը պե՞տք է աջակցի ներկայացումների, նոր ներկայացումների բեմադրության հարցում: Այո՛: Ինչպե՞ս պետք է աջակցի: Ֆինանսապես: Շատ լավ: Ֆինանսապես աջակցում ենք եւ, բնականաբար, հետո ուզում ենք գնանք, տեսնեք՝ ինչ ներկայացում է ստացվել, եւ գնում ենք, տեսնում ենք՝ շատ լավ ներկայացում է ստացվել: Եվ մենք մեր շուրջն ենք նայում, տեսնում ենք՝ բացի Կառավարության ներկայացուցիչներից, էլ մարդ չկա այդ դահլիճում: Բա մեր հանդիսատեսը ո՞ւր է: Դե, հանդիսատես չի եկել: Մի մասը չի հասկանում, մի մասը չի ուզում։ Այսպես չի լինի, որովհետեւ Կառավարությունը այդ միջոցը ծախսում է, որ այդ մշակույթը հասանելի լինի մարդկանց։

Որակյալ աշխատանք է արված, բայց մենք չենք ուզում, որ սա դառնա էլիտար ակումբ, որտեղ 1000-հոգանոց դահլիճում 10, 15, 20, 50, 100, 200 հոգի նստում են եւ վայելում են: Մեզ պետք է, որ մշակույթը հասանելի լինի մարդկանց, մարդիկ առնչվեն, որովհետեւ մեր ռազմավարական նպատակը հանրության կրթական մակարդակի շարունակական բարձրացումն է եւ քաղաքացիների միջեւ հարաբերությունների որակի փոփոխությունն է։ Երկար ժամանակ է մեզանից պահանջվել եւ պահանջվում, որ մենք թանգարաններին, թատրոններին, մշակութային կազմակերպություններին համոզենք, որ տնտեսավարությունը իրենց անբաժան մասն է։ Դրանք կազմակերպություններ ենք, որոնք ֆինանսապես եւ տնտեսապես պետք է լինեն առողջ»,- նշեց նա:

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ թատրոնների եւ համերգասրահների կապիտալ ծախսերը, 2017 թվականի համեմատ, աճել են:

«Թատրոնների եւ համերգասրահների կապիտալ ծախսերը 2022-ին, 2017 թվականի համեմատ, աճել են, ուշադրությո՛ւն դարձրեք, 1032 տոկոսով, այսինքն՝ մենք այս խոսակցության մեջ հասկացել ենք, որ թատրոնները, համերգասրահները որոշակի չափանիշների պետք է համապատասխանեն»,- ասաց Փաշինյանը։

 

 

 

ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՆԵՐԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ

Մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից, պետք է հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, եւ այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը: Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը։

 

«Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021 թվականին կազմել է 773,9 միլիոն դրամ, միջին հաշվով 1 ներկայացման մուտքի վճարումներից հասույթ է եղել 264 հազար դրամի չափով:

Այս ընթացքում Կառավարությունը էական ներդրումներ է արել թատրոնների եւ համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման համար: Նախորդ տարի հատկացվել էին ռեկորդային միջոցներ՝ 1 միլիարդ 284 միլիոն դրամի չափով, եւ այս իրավիճակում ունենք այն հանգամանքը, որ մշակութային հաստատությունների պայմանների բարելավումը բարձրացրել է նաեւ հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կազմակերպության սեփական եկամուտների ծավալը, եւ հաստատությունների 90 տոկոսը գրանցել է սեփական եկամուտների աճ՝ 2019 թվականի համեմատ»,- ընդգծեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ մշակութային հաստատությունների սեփական եկամուտների աճը  խթանելու նպատակով ԿԳՄՍՆ-ն մշակել եւ առաջարկում է ներդնել թատրոնների ու համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել:

«Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակներում յուրաքանչյուր տարի թատերահամերգային կազմակերպությանը կտրամադրվի իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձացման, նոր, վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար»,- ասաց նախարարը:

Անդրեասյանը հայտնեց, որ այս տարի ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

 

 

ՄԵՍԻՆ՝ «ԻՆՏԵՐ ՄԱՅԱՄԻ»-ՈՒՄ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ներկա է եղել ամերիկյան «Ինտեր Մայամի»-ի մարզմանը, հանդիպել է նոր թիմակիցների հետ եւ բուժզննում է անցել. հաղորդում է ESPN-ը։

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի շնորհանդեսը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբում սպասվում է հուլիսի 16-ին, իսկ նորամուտը՝ հուլիսի 21-ին մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ խաղում։

Նախորդ օրը Մեսիին նկատել էին Մայամիի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս։

Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջանը Մեսին անցկացրել է փարիզյան ՊՍԺ-ում՝ 75 խաղում խփելով 32 գոլ, կատարելով 35 գոլային փոխանցում, դառնալով Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։

«Բարսելոնայի» կազմում Մեսին դարձել է Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր։

 

 

 

ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ

Իտալական Միլան քաղաքի «Ինտեր» ակումբը մեկամսյա հանգստից հետո վերսկսել է մարզումները:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ինտեր»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստներն առաջին մարզումն են անցկացրել, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ֆուտբոլի Իտալիայի 2023/24 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 19-ին: «Ինտեր»-ն առաջին  տուրի խաղում կմրցի «Մոնցա»-ի հետ: Խաղը կկայանա օգոստոսի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

 

 

 

ՊԼԱՆՆ ԱՇԽԱՏԵՑ

Երեւանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլի անդրանիկ խաղում իր թիմին հաջողվեց կյանքի կոչել մտածված պլանը:

«Հաճելի էր եվրոպական մրցաշարում առաջին խաղը հաղթանակով ավարտել: Մեր պլանը, որը մենք պատրաստել էինք այս խաղի համար, աշխատեց: Դեպի դարպասը 26 հարված ենք կատարել եւ միայն երկու գնդակ խփել. սա չի բավարարում: Բայց արդարացումն այն է, որ պաշտոնական առաջին խաղն է: Խաղը զգալով` մենք կարող ենք այդ հարցերին էլ լուծում տալ»,- հետխաղյա մամուլի ասուլիս ժամանակ ասաց Մելիքյանը:

Մասնագետի խոսքով` «Փյունիկ»-ին հաջողվել է լուծել գրոհների հետ կապված խնդիրը, եւ թիմի ֆուտբոլիստների մոտ ստացվում էր թիմային համագործակցությունը:

«Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում արտագնա խաղում: Չենք հանգստանում, այլ առավել հավաքված պետք է գործենք: Այս հաղթանակը պետք է մոռանանք ու պատրաստվենք հաջորդ խաղին»,-ասաց նա:

 

 




Լրահոս