ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը 2022 թվականի հայտարարատու տարում ոչ մի եկամուտ չի նշել: Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը նախկին փոխվարչապետին իրեն խորհրդական է դարձրել, բայց չի վճարում:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է Փաշինյան-Մաթևոսյան վեճերին։ Նման մի վեճի պատճառով էլ Փաշինյանը Մաթևոսյանին հրաժարականի դիմում գրել է տվել, հենց հարսանիքի հաջորդ օրը։ Փաշինյանի սրտով չի եղել Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները, որի ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել էր: Այնինչ պլանավոված է եղել, որ ընտրվելու է Նիկոլ Փաշինյանի ցանկալի թկնածուն (ըստ երևույթին Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը), սակայն չի ընտրվել: Ընտրություններին հաջորդել է Մաթևոսյանի ինքնակամ հրաժարականը։
Մաթևոսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանում, որը ձեռք է բերել 2017 թվականին, երբ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական էր: Մինչ այս պաշտոնը զզբաղեցնելը Մաթևոսյանը եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական, որից հետո էլ սկսվել է Մաթևոսյանի խորհրդականի կարիերան:
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 425 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները ՝ 5 մլն դրամ և 20 հազար դոլար:
Վարչապետի գլխավոր խորհրդականը որևէ եկամուտ չի հայտարարագրել: Սակայն 2021 թվականի եկամուտների և գույքի մասին հայտարարագրում, Մաթևոսյանը նշել է 15 մլն 490 հազար դրամ: Այդ ժամանակահատվածում խորհրդականը զբաղեցնում էր Արմավիրի մարզի մարզպետի պաշտոնը, որի համար ստացել է 12 մլն 780 հազար դրամ աշխատանքի վարձատրություն: Նույն թվականի նորեմբերի ստանձնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը և ստացել 2 մլն 710 հազար դրամ: Իսկ փոխվարչապետ եղած ժամանակ նա ՀՀ Կառավարությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացել է 21 մլն 306 հազար դրամ, բայց որպես խորհրդական որքան եկամուտ է ստացել և որքան է վարձատրվել, անհայտ է:
Մաթևոսյանի կինը՝ Անի Բունիաթյանը, ևս ոչ մի ֆինանսական միջոց չի հայտարարագրել: Սակայն 2021 թվականի եկամուտների և գույքի մասին հայտարարագրում կինը նշել է 700 հազար դրամ աշխատանքի վարձատրություն «ԼՈՒՍԻՏԵՔ» ՍՊԸ-ից և ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարությունից:
Ինչպես ստացվեց, որ գյումրեցի Մաթևոսյանը, որ աշխատում էր Ամերիկյան համալսարանում որպես խորհրդական, 2018 թվականին դարձավ Արմավիրի մարզի մարզպետ: Նա այն նորելուկ քաղաքական գործիչներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո յուղալի պաշտոններ ստանձնեց և մինչ այսօր տեղից տեղ տեղափոխվելով վերջիվերջո հաստատվեց այնտեղ, որտեղ ՔՊ-ի հայրն է:
Էմմա Միքայելյան