ԾԱԽՍԵԼ ԵՆ 2,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ԲԱՅՑ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, պաշտոնյաները միամիտ եւ անմեղ դեմքերով զեկուցեցին, որ բեռնատար մեքենաները գտնվում են անսարք վիճակում, եւ այնպիսի տպավորություն էր, որ նոր են տեղեկացել այդ մասին։ Սա՝ այն դեպքում, երբ միայն բեռնատար մեքենաների սպասարկման համար մեկ տարում ծախսվել է մոտ 1մլրդ դրամ («Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է գնումների կայքը, որտեղ նշված է, որ ամեն եռամսյակը մեկ, իսկ որոշ դեպքերում՝ երկու անգամ հատկացվել են 128-միլիոնական դրամներ): Բայց, չնայած ծախսված մոտ 2.5 մլն դոլարին, հիմա ունենք մի ամբողջ հիմնարկ՝ իր խոտանված մեքենաներով: Հետաքրքիր է, թե ուր են ծախսված գումարները։ Իհարկե, ղեկավար կազմը ցանկանում է մեղքի մեծ բաժինը դնել վարորդների վրա, սակայն վարորդները մեզ ահազանգում են, որ այս հարցում բացարձակ մեղք չունեն: Հիմնականում 2019 թվականի արտադրության մեքենաներ են աշխատում աղբահանության համար, որոնց յուղերը ժամանակին չեն փոխվել, փոխարինվելուց էլ փոխարինվել են անորակ յուղերով, հերթական մեքենաների տեխզննումները ժամանակին չեն կատարվել, դրա համար ունենք այսօր այս վիճակը: Բացի այդ, բազմաթիվ աշխատակիցներ ահազանգում են, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանի մեղմ ասած վատ վերաբերմունքի պատճառով (ծեծ, հայհոյանքներ, ստիպողաբար ավելի աշխատացնել եւ չվճարել եւ այլն) ազատման դիմումներ են գրում։ Նույնիսկ կան աշխատակիցներ, որոնք ցանկանում են ազատման դիմումներ գրել, սակայն վախենալով, որ իրենց ծեծի կենթարկեն` ուղղակի աշխատանքի չեն հաճախում։ Ի՞նչ է կատարվում այս ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել քաղաքապետարան, որոնց պատասխանները կհրապարակենք ստանալուն պես:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ թեժ խոսակցություն է եղել վերջերս։ Բանն այն է, որ հուլիսի 10-ին շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է Սեւանի թերակզղում գտնվող հիդրոօդերեւութաբանական կայանում տեղադրված նոր ավտոմատ համակարգի բացմանը։ Կայանը, որը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում է տեղադրվել, չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։ Հենց այս պատճառով էլ մեծ աղմուկ է բարձրացել, եւ տհաճ խոսակցության առիթ է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի եւ Հակոբ Սիմիդյանի միջեւ։ Փաշինյանը նրան մեղադրել է, որ հերիք չէ՝ սարքն առանց համապատասխան ստուգում անցնելու տեղադրվել է, նաեւ Սիմիդյանը մեծ միջոցառում է կազմակերպել եւ շատ կարեւոր հյուրեր հրավիրել։ Այս տեղեկության հավաստիությունը պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հետ։ «Նմանատիպ գործունեություն ունեցող սարքը անհրաժեշտ չի, որ անցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում(ՇՄԱԳ)։ Ասեմ նաեւ՝ դա եղել է պարզապես կայանի համալրում, համակարգը մեխանիկականից անցել է ավտոմատ գործարկման»,- ասաց Հակոբյանը։ Այսինքն՝ նա փորձում է հերքել, թե նման բան է տեղի ունեցել, սակայն մեր աղբյուրները հակառակն են պնդում։

 

 

 

 

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ուրբաթ օրը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին հովանավորչություն կատարելու համար նրանից պահանջել է ընդհանուր 19 մլն 500 հազար ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է: Ու պարզվում է՝ սա միակ դեպքը չէ, որ բացահայտված է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ քննչական այս մարմինը նաեւ մի շղթա է բացահայտել ՀՀ պաշտպանության նախարարությունում, երբ շատ հրամանատարներ գումարի դիմաց զինվորների տեղափոխություններ են իրականացրել, ինչի համար հայտնվել են իրավապահների թիրախում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն Արարատի մարզում բացահայտվել է այսպիսի շղթա: Շուտով էլի հրամանատարներ են կալանավորվելու:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման 25-ամյակի առիթով կազմակերպված տոնական ֆուրշետի արարողությունից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միջոցառմանը հրավիրված են եղել ՀՀ վճռաբեկ դատարանում երբեւէ աշխատած բոլոր նախկին եւ ներկա դատավորները։ Միջոցառումը սկսվել է Վճռաբեկի նախագահ, իշխանությունների «սրտի դատավոր» Լիլիթ Թադեւոսյանի ելույթով, որից ներկաները որեւէ բան չեն հասկացել եւ կարծիք են հայտնել, որ նախագահը խոսեց «20 րոպե՝ ոչնչի մասին»։ Ավելի ուշ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձել է հումորներ անել մտերիմ երեկոն ամբողջացնելու համար, սակայն այդ հումորները եւս ներկա դատավորներից շատերի ամար անընկալելի են եղել։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նախկիններից միջոցառմանը մասնակցել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը, սակայն ուշագրավ է, որ միջոցառմանը չի մասնակցել Վճռաբեկի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: Չի մասնակցել նաեւ նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը։ Ի տարբերություն Խունդկարյանի, որը Երեւանում է, Մանուկյանը երկրում չէ, թեեւ հայտնի չէ՝ լինելու դեպքում կմասնակցեր, թե ոչ։ Իսկ ներկա դատավորները ներկայացուցչական կազմով բոլորը մասնակցել են միջոցառմանը։ Ավելին՝ ներկաներից լայն ժպիտով, առանձնակի հիացմունքով եւ հարգանքով մասնակցել են այնպիսի դատավորներ, որոնք սկզբունքորեն հաշտ չեն իշխանությունների արած քայլերի, դատական համակարգի նկատմամբ ճնշումների հետ։ Միջոցառմանը մասնակից մեր աղբյուրին զարմացրել էր նաեւ որոշ «սկզբունքային» դատավորների ջերմ, ակտիվ ձեռքսեղմումները, ողջագուրումները իշխանության ներկայացուցիչների հետ։ Հետաքրքիր է՝ իսկ շնորհավորանքների, ձեռքսեղմումների արանքում գոնե մի երկու բառ հնչեցրել են արդյոք իրենց մտահոգությունների մասին։




Լրահոս