Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ մեկնարկած ակցիան՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման մեջ գտնվող Արցախի, շարունակվեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտից երթով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն։

Ակցիայի մասնակիցները Ռուսաստանից պահանջեցին քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։

44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողի մայր Ադելինա Ավետիսյանը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը դարձել է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը՝ հավելելով, որ Արցախի ժողովուրդը հավատաց ՌԴ-ի խոստումներին եւ վերադարձավ Արցախ։ «Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից խաղաղ կյանք էր խոստացվել։ Խոստացվել էր նաեւ, որ կապահովվի տրանսպորտի եւ մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Սակայն այսօր մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ, քանի որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանն էկոակտիվիստների միջոցով արգելափակեց Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը նաեւ անցակետ է տեղակայել միջանցքում, ու ելումուտը իրականացվում է բացառապես նրանց թույտվությամբ։ Ավելի քան 120 հազար մարդ շրջափակման մեջ են, որոնք չեն կարողանում ելումուտ անել, չեն կարողանում համապատասխան բուժօգնություն ստանալ։ Ավելի քան 30 հազար երեխաներ ամիսներ շարունակ մրգեր, բանջարեղեն չեն ուտում։ Արցախը գոյատեւում է ներքին ռեսուրսների հաշվին, խանութները դատարկ են, մարդիկ ստիպված են 5-6 ժամ հերթի մեջ կանգնել՝ որեւէ ապրանք ձեռք բերելու համար։ Բազմաթիվ մարդիկ գործազուրկ են դարձել, շատերը չեն կարողանում վճարել կոմունալ ծառայությունների, ապրուստի համար։ Ադրբեջանն այսպիսով ցանկանում է կյանքի անտանելի պայմաններ ստեղծել Արցախի ժողովրդի համար»,- նշեց նա։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը իր ելույթում նշեց,  որ Լաչինի միջանցքով Հայաստանի հետ կապի խզումը հայերին Արցախից դուրս մղելու մեթոդներից է։ «Ադրբեջանն, անշուշտ, ուզում է դատարկված Արցախ, եւ եթե հայերն իրենց կամքով չհեռանան, որեւէ կասկած չկա, որ Ադրբեջանն այդ հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով՝ անելանելի պայմաններ ստեղծելով արցախցիների համար, ինչն այսօր անում է՝ կրակելով դաշտում աշխատող հայերի վրա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է ցանկանում հրահրել», – ասաց Ավագյանը՝ ՌԴ-ից պահանջելով քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։

Ակցիայի ընթացքում կազմակերպիչների հետ հանդիպում եւ առանձին քննարկում ունեցավ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը։

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՎՈՒՄ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՏԻ

Երեւանի Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթեւեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները։

 

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ դատարանը մերժել է իր՝ վերաքննիչ բողոքը:

«Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի, Վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը եւ վերաքննիչ բողոքը եւ քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ», – Facebook-ում գրել է Աթանեսյանը:

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին ընդունել է Հաաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։ «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկանում է  Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից:

«Շնորհավորել եմ տիկին դեսպանին եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր:  Տիկին դեսպանը փոխանցել է 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը»:

 

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՑ

Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի Արարատ համայնքի տարածքում գտնվող 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է:  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

Ժողովուրդ օրաթերթի տեղեկությամբ՝ ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 192,5 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ:3-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանի տնօրեն է ընտրվել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 17-ին նախատեսված էր Մատենադարանի տնօրենի ընտրությունները: Առաջադրված էին երեք թեկնածու՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը,  Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթեւոսյանը, բանասիրական եւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Սահակյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ իշխանություններն ամեն գնով ուզում էին Մատենադարանի տնօրեն նշանակել իրենց «սրտի թեկնածուին»՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին:

Ավելին՝ որպեսզի Արայիկ Խզմալյանը կարողանա մասնակցել Մատենադարանի տնօրենի ընտրություններին, հատուկ փոխել են տնօրենի ընտրության կանոնակարգը, որը Մատենադարանի հիմնադրման օրվանից դրված ավանդույթ է, այն է՝ Մատենադարանը գիտական հաստատություն է, եւ տնօրենը պետք է լինի գիտնական. Արայիկ Խզմալյանը գիտական դոկտորի աստիճան չունի:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է առանց գիտական աստիճանի առաջադրվել Մատենադարանի տնօրենի ընտրություններում՝ որպես թեկնածու, բայց վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Նշենք, որ Մատենադարանն ունի երկու ներկայացուցիչ՝ Կարեն Մաթեւոսյանը եւ Արծրուն Սահակյանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրանց միջեւ պայքարը թեժ է եղել, քանի որ երկուսն էլ բավականին լավ տիրապետում են Մատենադարանի թե՛ խնդիրներին, թե՛ ներքին խոհանոցին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՀ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՉԸ

«Ողջունում եմ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած՝ համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման ակցիաները. դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ բոլորին հասու չի դարձել Արցախում եւ դրա շուրջը ստեղծված իրավիճակը, եւ քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող այս բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ պետնախարարը.

«Կանգնե՛ք այդ պատասխանատվությունը ստանձնած արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին: Մի կողմ դրե՛ք բոլոր տեսակի տարաձայնությունները եւ փորձե՛ք համախմբվել, իսկ եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, ապա խնդրում եմ զիջող եղե՛ք. լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք»,- նշել է նա։




Լրահոս