20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ մանրամասներ են հայտնի դարձել Բյուրեղավանում տեղի ունեցած սպանությունից. մասնավորապես` իրավապահները ձերբակալել են ենթադրյալ սպանություն կատարողին, որը եղել է Մհեր Թ.-ն, նա ձերբակալված է: Բյուրեղավանի բնակիչները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք ներկայացնում, պատմեցին, որ լուրեր ունեն, թե միջադեպի մասնակից տղաների միջեւ միջադեպը սկսվել է տաքսի պատվիրելու հարցի շուրջ: Բանն այն է, որ սպանության մեջ կասկածվող Մհեր Թ-ն տաքսի է վարում, եւ Բյուրաղեվանի բնակիչներ Արթուրը, Գոռը, Արտուշը եւ Կարենը տաքսի մեքենա են պատվիրել: Պատվիրելու հարցն էլ դարձել է տղաների միջեւ կոնֆլիկտի պատճառ:

 

Եվ այսպես, ամեն ինչ մասին՝ ամենասկզբից.

միջադեպի մասնակից 20-ամյա Կարենն այդ օրը բանակից տուն է եկել, ու տղաներով հավաքվել են նշելու նրա՝ բանակից վերադառնալու առիթը: Պատվիրել են տաքսի, ու նրանց է սպասարկել տաքսու վարորդ Մհերը, տղաներին տարել է իրենց ցանկալի ռեստորանը` քեֆ անելու: Բյուրեղավանի բնակիչներ Արթուրը, Գոռը, Արտուշը եւ Կարենը մի լավ քեֆ են անում եւ զանգահարում են իրենց ռեստորան հասցրած տաքսու վարորդ Մհերին եւ ասում են, որ գա, հիմա էլ իրենց տանի տուն: Մհերը հրաժարվում է պատվերը ընդունել՝ ասելով, որ չի կարող իրենց տանել, քանի որ հիմա այլ հաճախորդի է սպասարկում։  Գինովցած տղաները հայհոյում են տաքսու վարորդին, ու խոսակցությունն այնքան է թեժանում, որ որոշում են հանդիպել: Արդյունքում տաքսու վարորդ Մհերն իր ընկերոջ հետ, որը ունեցել է առողջական խնդիրներ, գնում է Բյուրեղավանի տղաների հետ հանդիպման, ու հանդիպումը վերածվում է կռվի, որից հետո, ըստ նախնական վարկածի, Մհերը դանակով հարվածներ է հասցնում տղաներին. հարվածից` բանակից վերադարձած Կարենը, որը տոնում էր իր բանակի քեֆը, տեղում մահանում է, իսկ 3 անձի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոց:

Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին: Հինգ անձ ճանաչվել է տուժող: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ ծնված 1991թ.: Վերջինս դեպքից ժամեր անց հայտնաբերվել է, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին եւ հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

 

 

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արսեն Հենրիկի Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական նպատակով, Երեւան քաղաքի Կիեւյան 12 հասցեում գործող «Իսկուհի թրավել» տուրիստական կազմակերպության տնօրեն Իսկուհի Սուրենի Ղուբասարյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս հետ գործելով խմբի կազմում, «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի կեղծ վիզայով օտարերկրյա քաղաքացի Ժանեթ Առաքելի Սարգիսյանի անօրինական միգրացիան՝ ՀՀ-ից ելքը եւ Ֆրանսիայի Հանրապետություն մուտքը կազմակերպելու դիտավորությամբ 2016 թվականի դեկտեմբերից մինչեւ 2017 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Ժանեթ Սարգիսյանից պահանջել եւ մաս-մաս ստացել են ընդհանուրը 3.309.800 ՀՀ դրամին համարժեք 6.500 եվրո կանխիկ գումար, ինչպես նաեւ վերջինիս Սիրիայի քաղաքացու 008560330 համարի անձնագիրը:

Դրանից հետո, նախնական համաձայնությամբ, «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի թույլտվություն ստանալու նպատակով Արսեն Մովսեսյանն Իսկուհի Ղուբասարյանից որպես «ծառայության մատուցում», այն է՝ կեղծ վիզան բերելու եւ այն Իսկուհի Ղուբասարյանին իրացնելու նպատակով վերցրել է նախապես պահանջված 1.000 ԱՄՆ դոլլար գումարը եւ վերը նշված անձնագիրը, որը քննությամբ չպարզված անձի միջոցով կեղծել եւ 2017 թվականի հունվար ամսվա վերջերին, Արսեն Մովսեսյանն Իսկուհի Ղուբասարյանին է հանձնել Ժանեթ Սարգիսյանի 008560330 համարի անձնագիրը, որի 9-րդ էջում փակցված է եղել ԱՄԷ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված՝ «Շենգենյան համաձայնության» երկրներ մուտքի թույլտվության թիվ 533196224 վիզան, սակայն հանցագործությունը նրանց կամքից անկախ հանգամանքներում ավարտին հասցնել չեն կարողացել, քանի պարզվել է արտոնագրի կեղծ լինելու հանգամանքը, եւ այդ մասին հաղորդվել է իրավապահ մարմիններին:

 

 

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԴԵՂԱՏՆԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աննա Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է ուրիշի գույքի մանր չափով գողություն՝ գաղտնի հափշտակություն: Այսպես, 2023 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Աննա Հենրիի Արզումանյանը, որպես հաճախորդ գտնվելով Երեւան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 33ա հասեցում գործող «Ալֆա ֆարմ» ՓԲ ընկերության 112 համարի դեղատանը, օգտվելով դեղատան աշխատակցի զբաղված լինելու հանգամանքից, դեղատան բաց դարակաշարի վրայից գաղտնի հափշտակել է «Ալֆա ֆարմ» ՓԲ ընկերությանը պատկանող 23.000 ՀՀ դրամ արժողությամբ «Լյա Ռոշ Պոզե» բրենդի էֆֆակլար շարքի շիճուկը՝ ընկերությանը պատճառելով մանր չափի գույքային վնաս:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ԿԱՏԱՐԵԼ Է ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարինե Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի խորը զննման անգարում, այնուհետեւ անգարի դիմացի հատվածում կատարել է խուլիգանություն, նա շուրջ 10 րոպե բարձրաձայն հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչություն Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող Սարմեն Հարությունյանի հասցեին՝ ստորացնելով նրան, այնուհետեւ ձեռքով հարվածել վերջինիս եւ պատճառել ֆիզիկական ցավ, թքել Սարմեն Հարությունյանի ուղղությամբ, հագից հանել իր զույգ կոշիկներն ու նետել Սարմեն Հարությունյանի ուղղությամբ:

 

 

 

ԼՔԵՑ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վոլոդյա Սիմոնյանն ազատման դիմում է գրել ու հեռացել կոմիտեից։ Իսկ թե կոնկրետ ինչն է պատճառը, մեզ առայժմ պարզել չի հաջողվել, սակայն փաստ է, որ նա լքել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիմնավորվել էր, որ Աղվան Հովսեփյանը ստացել էր առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում էր, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը։ Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021 թվականի սեպտեմբերի 7-ին, այնուհետեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս