ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄՆ ՈՒ ՍՊՈՐՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Սպորտի ետնաբեմից» խորագրով շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել մարզիկներին: Այս անգամ մեզ հյուրընկալվել էր King Արթուրը կամ բոլորին հայտնի Արթուր Աբրահամը:

 

Աշխարհի կրկնակի չեմպիոնը պատմել է մանրամասներ առաջին տպավորությունների, իր առջեւ ծառացած դժվարությունների, ինտրիգային պատմությունների, հայկական բռնցքամարտի զարգացվածության, ներկայիս զբաղմունքների ու հետագա անելիքների մասին:

– Եկեք սկսենք ամենասկզբից. Ավետիք Աբրահամյանը մարզիկի իր կարիերան սկսեց հեծանվասպորտից՝ ավելի ուշ նախապատվությունը տալով բռնցքամարտին: Ինքներդ էլ տարիներ առաջ խոստովանեցիք, որ հեծանվասպորտում միջին մարզիկ էիք, իսկ միջիններ շատ կան. պետք է տարբերվել ու լինել յուրահատուկ եւ, որ ամենակարեւորն է, պետք է մտնել թոփ 10-ի մեջ: Ե՞րբ հասկացաք, որ ունեք պոտենցիալ՝ հայտնվելու թոփ 10-ի մեջ արդեն բռնցքամարտում:

-Ես հեծանվասպորտով զբաղվել եմ 10-11 տարեկանից, քանի որ իմ քեռին՝ Կարապետ Կարագաշյանը, եղել է շատ ուժեղ հեծանվասպորտից: Չնայած սրան՝ ես չեմ ունեցել հեծանիվ: Պատճառն այն էր՝ մենք ապրում էին բանուկ փողոցի վրա,  եւ իմ ծնողները մեզ հեծանիվ չէին գնում, եւ ես այժմ հասկանում եմ, որ, այո, նրանք ճիշտ էին, որովհետեւ շատ վտանգավոր էր՝ արագընթաց մեքենաների անընդհատ հոսք կար: Երազանքս էր հեծանիվ ունենալը, հեծանիվ քշելը, եւ այդ երազանքս աճեց՝ հասնելով նրան, որ ես ցանկանում էի լավ մարզիկ լինել հեծանվասպորտում, ինչպես մորեղբայրս էր: Հեծանվասպորտում ես եւս հաջողություններ գրանցել եմ. 1-ին տեղ եմ բազմիցս գրավել, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում էլ եմ շատ եղել, բայց ես զգացի, որ միջին կարգի մարզիկ եմ այս սպորտաձեւում, որովհետեւ բնությունը ինձ չի տվել այն հնարավորությունը, որ ես կարողանամ շատ արագ բարձր սարեր բարձրանալ. քաշս թեթեւ չէր: Քաշի հետ է կապված, թե ինչքան արագ կվարես հեծանիվը: Այո՛, կլինես մարզիկ, ով զբաղվում է հեծանվասպորտով, բայց չես լինի լավագույնը, իսկ ինձ համար միջին չկա: Ես սիրում եմ կա՛մ լավ, կա՛մ  վատ. եթե մի բան ես զգում եմ, որ միջին որակի է, ուրեմն իմը չէ:

-Իսկ միգուցե եթե հեծանվասպորտն էլ շարունակեիք, այնտեղ էլ կգրանցեիք հաջողություն այնպես, ինչպես բռնցքամարտում, կամ գուցեեւ ավելիին հասնեիք. չէ՞ որ, ինչպես ասում են, Մոսկվան մեկ օրում չի կառուցվել:

-Հնարավոր չէր. ես իմ վրա դա զգում էի: Ցանկացած մարզիկ զգում է՝ դա իրենն է, թե ոչ, կամ թե ինքը ինչ կարգի մարզիկ է այդ սպորտաձեւում:

-Անցումը հեծանվասպորտից բռնցքամարտին ինչպե՞ս տրվեց: Ինչպե՞ս այս պայքարում հաղթեց բռնցքամարտը:

-Ես միշտ նայում էի Մայք Թայսոնի մարտերը, ու ինձ դա գրավում էր: Բռնցքամարտում դու մենակ ես, ու քո հույսը միայն դու ես: Այլ սպորտաձեւերում՝ ֆուտբոլում, հեծանվասպորտում, եթե քեզ թիմդ չօգնեց, առաջ գնալ ու հաղթել չես կարող: Եվ բռնցքամարտի մեջ հենց դա գրավեց, որ դու մենակ ես, ու քո միակ հույսը դու ես. լավ է, վատ է, դա է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Armlur.am կայքում

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ

Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում hուլիսի 14-16-ը կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը, որը մրցութային երկու օրերին իր կատարողականությամբ ու բեմական կեցվածքով փայլել է հեղինակավոր մրցույթի բեմում։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մրցութային առաջին օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ եւ Իգոր Վոզնեսենսկիյիի խոսքերով գրված «Խոստացի՛ր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարել է Արետա Ֆրանկլինի Respect ստեղծագործությունը՝ արժանանալով 69 միավորի:

Արդյունքում Մաշան մրցութային օրերին վաստակել է 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողն ու արժանանալով Գրան պրի մրցանակի: Հայաստանն առաջին անգամ է հաղթող ճանաչվել «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։

«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում 1-ին մրցանակի է արժանացել Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվել է Ռուսաստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչների միջեւ, իսկ 3-րդ մրցանակը բաժին է հասել Ղազախստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչներին։

Հուլիսի 12-14-ը կայացած «Սլավյանսկի բազար 2023»  մանկական կատարողների մրցույթում Հայաստանի փոքրիկ պատվիրակ 10-ամյա Անահիտ Գալստյանը, մրցութային երկու օրերին դառնալով ֆավորիտներից մեկը, 133 միավորով զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը:

 

 

 

 

ԻՎՈՒՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբին» տեղափոխությունից հետո հրաժեշտի խոսք է ասել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին եւ աշխատակիցներին։

«Հրաշալի տարիներից հետո հեռանում եմ «Ուրարտուից»: Շատ շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը, մարզիչներին, թիմակիցներիս, եւ, իհարկե, երկրպագուներին։ Շնորհակալ եմ ինձ ձեր մեծ ընտանիքի անդամ դարձնելու համար։ Ես ինձ միշտ զգացել եմ, ինչպես տանը։

Հաճույք եւ պատիվ է խաղալ այս մեծ ակումբում եւ հաղթել Հայաստանի Պրեմիեր լիգայում, Հայաստանի գավաթում եւ մի քանի եվրոպական ակումբային հանդիպումներ անցկացնել: Ինձ հետ տանում եմ հիանալի ու անմոռանալի հիշողություններ։

Շատ հուզված եմ եւ սպասում եմ նոր փուլի: Շնորհակալություն եւ հաջողություն եմ մաղթում հետագայում»,- Իվուի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» կայքը: Իվուն «Ուրարտուի» կազմում անցկացրել է 3 տարի։ Անցած մրցաշրջանում նա երեւանյան թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր։

 

 

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՄԱԴՐԻԴԻ «ՌԵԱԼ»-ԻՑ 

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսը նվաճելու առթիվ։ Եզրափակիչում 20-ամյա թենիսիստը 1:6, 7:6 (8:6), 6:1, 3:6, 6:4 հաշվով պարտության էր մատնել Ուիմբլդոնի մրցաշարի 7-ակի հաղթող, աշխարհի երկրորդ ռակետ, 36-ամյա սերբ Նովակ Ջոկովիչին։

«Շնորհավորում ենք Ուիմբլդոնում տարած փայլուն հաղթանակի առթիվ, թանկագի՛ն Կառլոս Ալկարաս։ Շնորհավորում ենք համաշխարհային թենիսում առաջին ռակետի դիրքը պահպանելու առթիվ։ Դու հպարտություն ես իսպանական սպորտի եւ «Ռեալի» բոլոր երկրպագուների համար»,- նշվում է Արքայական ակումբի շնորհավորական հաղորդագրությունում։

Ալկարասը երկրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Անցած տարի նա դարձել էր ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն, ինչի շնորհիվ գլխավորել էր համաշխարհային դասակարգման աղյուսակը։

 

 

 

 

ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ

Ավարտվել է «7th International Chess Festival – Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարը:

ՀՀ շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ շախմատիստներից մրցանակային տեղեր են զբաղեցրել հետեւյալ շախմատիստները՝

«Ա» մրցաշար

3-րդ տեղ՝ Վահե Դանիելյան,

4-րդ տեղ՝ Էրիկ Հակոբյան,

5-րդ տեղ՝ Բենիկ Ագասարով,

7-րդ տեղ՝ Էրիկ Գասպարյան:

 




Լրահոս