Կեղծիքներից հետո խորհուրդը նախագահ ունեցավ. մանրամասներ ՔՊ փակ նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Հաստատվել է Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Էդգար Հակոբյանի ընտրությունը։ Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող և այլ կուսակցական բնույթի հարցեր։

Ժողովուրդ օրաթերթը դեռ հուլիսի 7-ին էր գրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցված է: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացել էր, որ ՔՊ գրասենյակի փաստացի լուծարման պատճառը դարձյալ ընտրակեղծիքներն են:

Պարզվում է, որ Մալաթիայում ՔՊ-ն թևերի է բաժանված եղել. մի թևն ուղղորդվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից, մյուս թևը՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի տիկնոջ ազգական, Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Էդգար Հակոբյանի կողմից: ՔՊ տարածքային կառույցի խորհրդի նախագահի և անդամների ընտրությունների ժամանակ կողմերը իրենց ցանկալի մարդկանց ցուցակներ են տվել շարքային ՔՊ-ականներին, որպեսզի ընտրեն, և այդ կեղծիքը պատահաբար բացահայտվել է:

Պատգամավոր Էդգար Հակոբյանն իր համար է ցանկալի ցուցակ տվել, իսկ թաղապետ Բարխուդարյանը՝ իր: Ու երբ բացահայտվել են կեղծիքները վերստուգիչ հանձնաժողովի անդամների կողմից, որոշվել է կասեցնել կուսակցության գրասենյակի գործունեությունը մինչև տարածքային կառույցի խորհրդի նախագահի և անդամների նոր ընտրությունները ավելի հարթ պայմաններում:




Լրահոս