Արդեն մի քանի օր է ` Նուբարաշենի երկու թաղամասերը` Կարմիր թաղը և «Գարադոկ» կոչվող տարածքին հարակից 1-ին փողոցը, ջրազրկված են: Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում բնակիչները մտահոգված ասացին, որ ջրազրկման պատճառը վթարն է: Նրանք մտավախություն ունեն, որ երկար ժամանակ կպահանջվի վթարի հետևանքները վերացնելու համար:
«Երևան ջուր» ընկերության մամլո խոսնակ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երկու անգամ Գառնի – Երևան ջրատարը խնդիր է ունեցել և հայտարարվել է կանգառ: Պատճառը մեկն է` մի տեղ ջրի արտահոսք կար, իսկ մի քանի տեղերում ևս խնդիրներ են առաջացել, որն անպայման պետք է լուծվի:
Պրն Սարգսյանի խոսքով` այս պահին դրությամբ 5 տեղում ` ինչպես նաև Նուբարաշենում, իրականացվում են աշխատանքներ: «Նուբարաշենում ջրի ճնշման խնդիր կա, որը լուծելու համար որոշվել է ջրամատակարարումը դադարեցնել` բոլոր տեղերում ջրի նորմալ ճնշում ապահովելու համար: Այս պահի դրությամբ մեր տեխնիկական վարչության աշխատակիցները ու շահագործման ծառայությունը ստուգում են ջրատարը `պարզելու` ինչու այդ տարածքում նորմալ ճնշում չի ապահովվում»,- մանրամասնեց Սարգսյանը` հավելելով, որ առաջիկա 2-3 օրերում ջրազրկված տարածքներում պետք է ջրամատակարարման նվազագույն գրաֆիկ մտցնել: «Շահագործման ծառայությունից հավաստիացրել են, որ անում են հնարավորը գոնե այսօր ջրամատակարարումը վերականգնելու և հասկանալու` առաջիկա օրերում օրական քանի ժամ կարող են ջուր մատակարարել բնակիչներին»,- պատասխանեց պրն Սարգսյանը:
Արդյոք մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի լուծել առաջացած խնդիրները, որպեսզի ջրազրկված տարածքներում վերականգնվի նորմալ ջրամատակարարում: «Երևան ջուր» ընկերության մամլո խոսնակը դրական պատասխանեց և հայցեց բնակիչների ներողամտությունը առաջացած խնդիրների համար: