Հայաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, որն այս պահին գտնվում է ամբողջական շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հումանիտար բեռով բեռնատարները քիչ անց Երևանից կուղևորվեն դեպի Արցախ։
Հուլիսի 25-ին Հայաստանի կառավարությունը հայտնել էր, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում որոշումներ են կայացվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:
Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Սկզբնական շրջանում միջանցքն արգելափակել էին այսպես կոչված բնապահպաններ՝ բնապահպանական կեղծ հիմնավորումներով և պահանջներով, իսկ միջանցքի երթուղին փոխելուց հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց միջանցքում՝ խոչընդոտներ հարուցելով ազատ տեղաշարժի համար։ Սկզբնական շրջանում միջանցքով որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ կար, ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ սահմանափակ քանակով մարդասիրական բեռ մտնում էր Լեռնային Ղարաբաղ, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման կարիք ունեցող անձինք տեղափոխվում էին Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը։ Արդեն 40 օր է՝ ոչ մի կիլոգրամ սնունդ Արցախ չի մտել։