Կառույցի խորհրդի նախագահի գործն այնպես չի, որ հեշտ է, ծանր գործ է, այդքան մարդկանց հետ ենք աշխատում. Էդգար Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցվել է, իսկ լուծարման պատճառը դարձյալ ընտրակեղծիքներն են եղել:

Գրել էինք, որ Մալաթիայում ՔՊ-ն թեւերի է բաժանված եղել. մի թեւն ուղղորդվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից, մյուս թեւը՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի տիկնոջ ազգական, Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Էդգար Հակոբյանի կողմից: ՔՊ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրությունների ժամանակ կողմերը իրենց ցանկալի մարդկանց ցուցակներ են տվել շարքային ՔՊ-ականներին, որպեսզի ընտրեն, եւ այդ կեղծիքը պատահաբար բացահայտվել է:

Պատգամավոր Էդգար Հակոբյանն իր համար է ցանկալի ցուցակ տվել, իսկ թաղապետ Բարխուդարյանը՝ իր, ու երբ բացահայտվել են կեղծիքները վերստուգիչ հանձնաժողովի անդամների կողմից, որոշվել է կասեցնել կուսակցության գրասենյակի գործունեությունը մինչեւ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների նոր ընտրությունները ավելի հարթ պայմաններում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ հաստատվել է Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Էդգար Հակոբյանի ընտրությունը։

ArmLur.am-ը զրուցել է պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, Մալաթիայի ՔՊ տարածքային խորհրդի ընտրություններից հետո բարձրացած մեծ աղմուկից հետո երեկ ընտրվեցիք խորհրդի նախագահ, ինչպե՞ս ստացվեց, որ վերջապես համաձայնության եկաք, միաձա՞յն եք ընտրվել խորհրդի նախագահ, թե՞ տարաձայնություններ են եղել:

-Տեխնիկական խնդիր էր եղել, կեղծիքներ չէին եղել, խորհրդի կազմի ընտրությունները հետաձգվել էին: Ես միաձայն եմ ընտրվել, ոնց որ կարգն է, ընտրություններն անցել են, տարակարծություններ չեն եղել իմ թեկնածության շուրջ:

-Ընտրակեղծիքների բացահայտումից հետո Մալաթիա-Սեբաստիայի ՔՊ տարածքային կառույցի շտաբը լուծարվել էր, հիմա ի՞նչ իրավիճակ է, արդեն գործո՞ւմ է շտաբը:

-Շտաբը չէր լուծարվել, քանի որ գործող խորհրդի լիազրությունների ժամկետը լրացել էր, պետք է նոր ընտրություններ լինեին, այդ ընթացքում հանգիստ էր, նիստեր չէին լինում, բայց հիմա կառույցը նորմալ գործում է:

-Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ձեր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի հարաբերությունները կառույցի խորհրդի նախագահի եւ կազմի ընտրություններով պայմանավորված լարվել են, քանի որ նա իր համար ցանկալի մարդկանց ցուցակ է ներկայացրել, իսկ դուք՝ ձեր ցուցակն եք ներկայացրել, որպեսզի այդ մարդկանց ընտրեն, ի՞նչ կասեք այս մասին:

– Տարաձայնություններ մեր միջև չեն եղել և չկան, ասեմ ավելին՝ նա չի էլ առաջադրվել որպես խորհրդի նախագահի թեկնածու, ինչո՞ւ պետք է տարաձայնություններ լինեին, ինքն ի սկզբանե ասել էր, որ չի առաջադրվելու կառույցի խորհրդի նախագահի պաշտոնում:

-Նա չի առաջադրվել, բայց փորձել է իր համար ցանկալի ցուցակ ներկայացնել, ինչի հետ դուք համաձայն չեք եղել, սրանից էլ տարաձայնություններ են առաջացել ձեր միջև:

-Նման բան չի եղել, մամուլում գրված էր, որ մրցակցություն կա մեր միջև, բայց եթե ինքն անգամ չի էլ առաջադրվել որպես խորհրդի նախագահի թեկնածու, ինչի՞ն էր պետք ցուցակ ներկայացնել: Չկա նման բան, կառույցի խորհրդի նախագահի գործը այնպես չի, որ հեշտ է, ծանր գործ է, այդքան բնակիչների հետ աշխատում ենք: Այնպես էր, դժվար թե, մարդ ցանկանա խախտում անի, որպեսզի կառույցի խորհրդի նախագահ ընտրվի, դա ուղղակի լրացուցիչ բեռ է ու պատասխանատվություն:

-Պարո՛ն Հակոբյան, արդեն որոշվե՞լ է՝ Մալաթիա-Սեբաստայում ՔՊ նախընտրական շտաբը որտե՞ղ է լինելու, ով է շտաբը ղեկավարելու։

Շտաբները դեռ չեմ կարող ասել, չգիտեմ, շտաբի ղեկավարն էլ դեռ չգիտենք, նման քննարկումներ չենք ունեցել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս