Երբ Երևանում փակում էին փողոցներ՝ իշխանափոխության համար դա լավ էր, ազգային շահի համար լավ չի՞․ փողոց չէ, ամբողջ Երևանը պետք է փակվի․ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում երեկ տեղի ունեցավ համաժամանակյա հանրահավաքներ: Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կամրջեցին երկու հրապարակները՝ միավորելու բոլորի ձայները և վերահաստատելու միասնական պայքարը:
Հանրահավաքի ժամանակ պահանջներ ներկայացվեցին Հայաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը:

ArmLur.am-ն այս մասին զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ, պարզելու համար, թե ի՞նչ է նախատեսվում այսօրվա հանրահավաքի ընթացքում և արդյոք գոհ են երեկվա համաժամանակյա հանրահավաքից։

«Ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ էր, իհարկե շատ ավելի ցանկալի կլիներ, որ Երևանում էլ շատ մարդիկ հավաքվեին, որովհետև սա ի վերջո որոշում է հայ ժողովրդի ճակատագիրը։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր ժողովրդի կարծիքը իմանանք, իսկ ժողովրդի կարծիքը իմանում ենք նաև այսպիսի հանրահավաքներում։
Մենք երեկ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել ենք մեր պահանջները հանրահավաքի ժամանակ, Արցախի պետնախարարն է դրա մասին խոսել և դա իր անձնական մոտեցումը չէր, այլ՝ պետության։ Մենք անթույլատրելի ենք համարում որևէ քայլ, որը ուղղված կլինի Արցախն Ադրբեջանին բռնակցելուն․ սա խայտառակություն է, ազգային արժեքների ոտնահարում, և երբեք չպետք է տեղի ունենա։

Արցախում ակցիաները շարունակվում են շուրջօրյա իրականացվել, բայց այսօրվա համար դեռ կոնկրետ օրակարգ նախատեսված չէ։
Կարևոր է, որ Հայաստանում էլ մարդիկ հասկանան, որ ժամանակը եկել է, որ իրենց ձայնը բարձրացնեն, և ստիպեն կառավարությանը որպեսզի չշեղվեն ազգային շահերից։ Սա արդեն ոչ թե ներքաղաքական խնդիր է կամ աթոռակռիվ, այլ նման քաղաքականությունը, որը վարում է պաշտոնական Երևանը, բերելու է ողբերգության, և դա փաստ է։ Դե հիմա եթե ուզում են կոտորվել՝ թող կոտորվեն ինչ ասեմ․ եթե պետք է մենք զինանշանը փոխենք, որ առյուծ չկա այստեղ, դե թող ոչխար դնեն, որ ավելի ճիշտ լինի․դա՞ են ուզում։
Ես կարծում եմ, որ ամեն դեպքում ժողովուրդը իր կարծիքը պետք է արտահայտի․ երբ Երևանում փակում էին փողոցներ իշխանափոխության համար դա լավ էր, ազգային շահի համար լավ չի՞․ փողոց չէ, ամբողջ երևանը պետք է փակվի»։

Մաշա Մելքոնյան




Լրահոս