Այսօր՝ 2023թ․ հուլիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդն անցկացրել են համատեղ նիստ:
Խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը և Արցախի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:
Նիստի ընթացքում քննարկվել է բացառապես Արցախի Հանրապետությունում ստեղծված օրհասական իրավիճակը:
Մասնակիցներն արձանագրել են, որ Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով կտրվել է Արցախի կապն արտաքին աշխարհի հետ:
Փաստերի համադրման արդյունքում և միջազգային իրավական կարգավորումների լույսի ներքո Հայաստանի Հանրապետության Արցախի Հանրապետության փաստաբանների պալատների խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես կոչ են անում․
– ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին,
– Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին,
– Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և ներպետական կառույցներին,
– Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատին (որպես եռակողմ համաձայնագրի մասնակից պետության գործընկեր կառույց),
– այլ պետությունների գործընկեր փաստաբանների պալատներին և միություններին՝
ցուցաբերել գործուն աջակցություն Արցախի ժողովրդի շրջափակումը վերացնելու և հումանիտար աղետը կանխելու հարցում, այդ թվում՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը:
Հ.Գ. Փաստաբանական կառույցների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը կհրապարակվի առաջիկայում: