ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ՝ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության հիման վրա նախաձեռնված վարույթը նորից կվերաբացվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, վերացրել է քրեական վարույթը կարճելու որոշումը։ Այժմ աղմկահարույց ձայնագրությունների գործը կրկին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում:

 

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի է ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հետեւում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ հրաժարական տալու համար։

Ավելին՝ հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել է՝ հանցանքի բացակայության հիմքով։

Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն, մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար:

Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել:

Դատական կարգով բողոքարկման արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը որոշել է բավարարել Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցչի բողոքը եւ վերացնել վարույթը կարճելու որոշումը։ Ըստ այդմ՝ դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործը վերաբացվեց:

 

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի  հետ զրույցում Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը հայտնել է, որ Վաչագան Ղազարյանի խափանման միջոց կալանավորման հարցով բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է նրա կալանավորման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը, եւ հիմա նրանք դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան եւ մինչ օրս պատասխան չունեն։ Այս պահին Վաչագան Ղազարյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:

Մայիսի 28-ին գրել էինք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն, կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը:

Նա 5 տարի առաջ էլ՝ հունիսի 25-ին, ձերբակալվել էր բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120.000 դոլար եւ 436 մլն դրամ։

Ավելին` մանրամասնել էինք, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է կալանավորվել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ում քրեական վարույթ կա ՊՆ-ի հողատարածքների ապօրինի վաճառքի մասով, եւ, ահա, այս քրեական վարույթի շրջանակներում էլ կալանավորել են Վաչագան Ղազարյանին։

 

 

 

ԵՐԵԽԱՆ՝ ԲԵՌՆԱԽՑԻԿՈՒՄ

Ակնալիճ գյուղի դպրոցականները վիճել են, տղաներից մեկի հայրը երեխային մտցրել են բեռնախցիկը: Մեզ հայտնի դարձավ որ Ակնալիճ գյուղի Գառնիկյան թաղամասի 1-ին շենքի 12-րդ բնակարանի բնակչուհի Գոհար Մարգարյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 21.12.2022թ. Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի միջնակարգ դպրոցում ժամը 09:30-ի սահմաններում իր տղայի` Արմեն Մարգարյանի եւ վերջինիս դասընկեր Արտեմի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն վիճաբանության ժամանակ նրանք միմյանց չեն հարվածել, վիճաբանությունը եղել է որպես լեզվակռիվ, ինչը որոշ ժամանակ անց հարթվել է:

Այնուհետեւ՝ 22.12.2022թ., Ակնալիճ գյուղի նույն դպրոցում առավոտյան ժամը 09:40-ի սահմաններում իր տղայի եւ Արտեմի միջեւ նորից վիճաբանություն է տեղի ունեցել միմյանց վիրավորելու ձեւով, որից հետո Արտեմը զանգահարել է իր հայր Հարութին եւ տեղեկացրել է, որ նորից վիճել են: Որոշ ժամանակ անց Հարութը գնացել է դպրոց եւ բռնի ուժով բռնելով իր երեխայի պարանոցից, քաշելով՝ ստիպողաբար իր որդի Արմենին գցել է իր կողմից վարվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան եւ փորձել է շարժվել:

Որդու դասղեկ Մանուկյանը եւ նախկին դասղեկ Շահբազյանը ստիպողաբար վերցրել են Հարութի մեքենայի վրայից բանալիները եւ իր տղային հանել են բեռնախցիկից դուրս: Հարություն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել:

Նյութերը՝  ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ 20-ԱՄՅԱ ՏՂԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բյուրեղավանում սպանված 20-ամյա Կարենի քույրը` Սառան,  որի անունը հարգելի պատճառերով փոփոխության է ենթարկվել, մեզ մանրամասներ հայտնեց ողբերգական դեպքից։

Ըստ Սառայի՝ իր եղբայրը երկու ընկերների հետ գարեջրատուն է գնացել, որտեղ մնացել են 1 ժամ: «Եղբայրս՝ Կարենը, անգամ հարբած չի եղել, ուղղակի ընկերներով, Վարդավառ է եղել, գնացել էին գարեջրատուն, իսկ եղբորս բանակի քեֆը եղել էր 10 օր առաջ: Տաքսիստը եղել է եղբորս ընկերներից մեկի հորեղբոր տղան, որը նրանց տարել էր գարեջրատուն, եւ պայմանավորվել էին,  որ նա էլ գնալու էր, նրանց կրկին գյուղ տաներ։ Զանգահարել են տաքսիստին, նա ասել է, որ հիմա հարմար չէ՝ գա իրենց հետեւից: Իմ եղբայրը իր երկու ընկերների հետ որոշել են ոտ-ոտ իջնել, մինչեւ տաքսիստը կգա: Ճանապարհից իջնելիս նորից զանգահարում են տաքսիստին ու ասում են՝ բա ի՞նչ եղար, քեզ ենք սպասում. այլ բան չի եղել», – պատմում է նա:

Մեր հարցին՝ հայհոյանքներ չեն հնչել արդյոք տաքսիստի հասցեին, նա նշեց. «Տաքսու վարորդը եղել է Արթուրը։ Տաքսու վարորդը եկել է տղաների հետեւից, եւ նրա հետ է եղել Մհերը, որը հայտնի է նույն քաղաքում՝ որպես հարբեցող, թմրանյութ օգտագործող։ Երբ տաքսին կանգնել է, ու իմ եղբայրը երկու ընկերների հետ մոտեցել են՝ նստեն տաքսին, նույն րոպեին մեքենայից իջել է Մհերը ու միանգամից կտրել է եղբորս պարանոցը ու հարվածել երկու երիտասարդներին, որոնք եղել են եղբորս հետ։ Իսկ ինչ վերաբերում է Մհեր կոչեցյալին, ապա ոստիկանությունում ցուցմունքներ կան, որ նա տարիներ առաջ մեկին կացնահարել է: Կրկնում եմ՝ իմ եղբայրը հարբած չի եղել, վիճաբանություն չի եղել, ամեն ինչ եղել է այդ Մհերի պատճառով, որը եղել է աֆեկտի ազդեցության տակ»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս